Back Պարտադիր հոսպիտալացման դեպքերի նվազեցում հոգեկան առողջության անհետաձգելի բաժանմունքներներում Նորվեգիա

Օսլո քաղաքի Ստորգատա թաղամասում գտնվող շտապ հոգեբուժական կլինիկայում հոսպիտալացման դեպքերի նվազեցման նպատակով հոգեկան առողջության սուր ճգնաժամ ապրող մարդկանց համար իրականացվում են «նպատակային միջամտություններ» (Նյութ 17Բ) և պարտադիր հոսպիտալացման մասին որոշումներ կայացնող անձնակազմի վերապատրաստում, որն ուղղված է դրանց թվի կրճատմանը (բայց ոչ ամբողջովին վերացմանը)։ Նախաձեռնությունը փորձարկվել է 2001-2013 թվականներին, որից հետո այն կիրառվել է կլինիկայի ամենօրյա պրակտիկայում:

Ծառայության տվյալների համաձայն՝ 2005-2013 թվականներին շտապ հոսպիտալացման դեպքերի թիվը նվազել է 70 տոկոսով: 2000-2008 թվականներին պարտադիր հոսպիտալացման դեպքերը կամավորի համեմատ 79 տոկոսից (հետևաբար՝ 21 տոկոս կամավորից) կրճատվել են մինչև 40 տոկոս (60 տոկոս կամավոր): Այս ցուցանիշները պահպանվել են մինչև 2013 թվականը: 2013 թվականից մինչև այս նյութը գրելու պահը պարտադիր հոսպիտալացման դեպքերը տատանվել են 43-53 տոկոսի սահմաններում:

Նախաձեռնության շրջանակներում մշակված հոսպիտալացման սկզբունքները մինչ ներկա պահն օգտագործվում են այդ նպատակով: Առաջարկված միջոցներից են «ստուգաթերթը, անձնական կարծիքը, մատյանների ստուգումը և տպագիր ձևաթղթերի վերացումը» (Ness et al., 2016)։

Ծրագիրը մշակվել է չորս քայլով.

Քայլ 1․ (կիրառվում է 2001թ.-ից) ենթադրում էր հարկադիր հոսպիտալացումների մասնաբաժնի կրճատում 80 տոկոսից մինչև 50 տոկոս: Կիրառվել են տարբեր մեթոդներ, այդ թվում՝ հոսպիտալացման համար պատասխանատու բժիշկներին առաջարկվել է հրաժարվել հարկադիր հոսպիտալացումից այն դեպքերում, երբ անձն իր իսկ կամքով պատրաստ է հոսպիտալացման, կազմվել է պացիենտների ուղեգրման լավագույն գործելակերպի «Ձեռնարկ», բժիշկներին առաջարկվել է հրաժարվել պարտադիր հոսպիատալացումից անհատականության խանգարումների ախտորոշմամբ անձանց և այն անձանց դեպքում, որոնց հոսպիտալացման առաջնային պատճառն է եղել սուիցիդալ հակումը և այլն։

Քայլ 2․ (կիրառվում է 2006թ.-ից) նախատեսում էր հարկադիր հոսպիտալացման ձևանմուշների վերացում, խրախուսելով յուրաքանչյուր դեպքի անհատական ​​քննարկումը և բարձրացնելով որոշում կայացնողների իրազեկվածությունն ու որոշումների համար պատասխանատվությունը, ինչպես նաև առանց բազմամասնագետ թիմի որոշան հարկադիր բուժում չիրականացնելու պահանջը։

Քայլ 3․ (կիրառվում է 2007թ․-ից) անձնակազմից պահանջվում է անհատական ​​հաշվետվություն իրենց սեփական պրակտիկայի վերաբերյալ, ներառյալ պարտադիր հոսպիտալացումների տոկոսը: Առաջարկվում է նաև մինչ հարկադիր հոսպիտալացումը գործընկերոջ հետ քննարկել դրա ցուցումները:

Քայլ 4․ (կիրառվում է 2009թ․-ից) նախատեսում է հոսպիտալացման դեպքերի մասին գրառումների ուսումնասիրություն երեք շտապ հոգեբուժական բաժանմունքների երեք ավագ հոգեբույժների կողմից, կենտրոնանալով հոսպիտալացման գործընթացում անձնակազմի դերի վրա։ Անձնակազմի յուրաքանչյուր աշխատակցի վերաբերյալ գրառումները անանուն կարգով ուսումնասիրվում են՝ գնահատելու հոսպիտալացման վերաբերյալ նրանց կողմից ընդունված որոշումները: Նույն գործընթացը մեկ տարի անց կատարել է ավագ հոգեբույժը, անհատական կարգով ներկայացնելով աշխատակիցներին իր եզրակացությունը (եթե որևէ աշխատակիցի կողմից հարկադիր հոսպիտալացման ցուցանիշները ավելի բարձր են քան մյուսների, նրան այդ մասին տեղեկացնում են, այդ միտումը քննարկվում է և, անհրաժեշտության դեպքում, միջոցներ են ձեռնարկվում)։

Հոգեբույժներից շատերը, որոնց կողմից արտոնված հարկադիր հոսպիտալացացման դեպքերը ավելի շատ էին քան մյուսների, այդ մասին տեղյակ չեն եղել։ Նման փաստերը հաստատվելուց հետո որոշ հոգեբույժներ դժգոհել էին և քննադատել նախագիծը։ Ոմանք մտահոգված էին, որ պացիենտների ինքնասպանությունների թիվը կաճի։ Այդուհանդերձ, ինքնասպանությունների մակարդակի աճի վերաբերյալ ոչ մի տվյալներ չեն ներկայացվել (Նյութ 17Բ)։

Ըստ տեղեկությունների, նախաձեռնությունը լրացուցիչ ծախսերի չի հանգեցրել։

Ծառայություններից օգտվողները ներգրավված չեն եղել նախաձեռնության մշակման, իրականացման կամ մոնիտորինգի մեջ, սակայն, ինչպես հաղորդվում է, նախաձեռնության հողինակների համար կարևոր դեր են ունեցել «օգտատերերի կազմակերպությունների կողմից հարկադիր հոսպիտալացումների կրճատմանն ուղղված վճռական քայլերը» (Նյութ 17Բ)։ Ծրագրի ընթացքում Նորվեգիայում հստակ քաղաքական նպատակ էր սահմանվել՝ նվազեցնելու հարկադիր հոգեբուժական բուժումը (Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս Ness et al., 2016)։

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page