2019 թվականին Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Կենսաէթիկայի կոմիտեն (DH-BIO) հանձնառու եղավ մշակել «հոգեկան առողջության պահպանման ոլորտում կամավոր բժշական միջամտությունները խթանելու համար լավ փորձի ձեռնարկ»։ Կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների և տեխնոլոգիաների 2020-2025 թվականների DH-BIO ռազմավարական գործողությունների ծրագրում (էջ 15) ասվում է.

Հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց հոգեկան առողջության պահպանման ոլորտում շեշտադրումը ներկայումս դրվում է հարկադիր միջամտություններից խուսափելու վրա: Անդամ պետություններին այս տեղաշարժում օգնելու համար Կենսաէթիկայի կոմիտեն մտադիր է մշակել լավ փորձի ամփոփագիր՝ խթանելու հոգեկան առողջության կամավոր միջամտությունները ինչպես կանխարգելիչ մակարդակում, այնպես էլ ճգնաժամային իրավիճակներում՝ կենտրոնանալով անդամ պետությունների օրինակների վրա:

 

Նշված ձեռնարկից օրինակները ներկայացված են այս աշխատությունում։ Այն պարունակում է ԵԽ-ի 47 անդամ պետությունները ներկայացնող DH-BIO պատվիրակությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերի կողմից ներկայացված լավ գործելակերպի դրվակներ: Քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմի հիմնական ներդրումը «Մտավոր առողջությունը Եվրոպայում» կազմակերպության կողմից ներկայացված նյութն է, որը նախատեսում է մի քանի գործելակերպ:

Այս ձեռնարկը կազմված է տարբեր լսարանների, այդ թվում՝ քաղաքականություն մշակողների, հոգեկան առողջության ծառայությունների և նրանց ներկայացուցչական կազմակերպությունների անմիջական փորձ ունեցող անձանց, հոգեկան առողջության մասնագետների, ընտանիքի աջակիցների և խնամողների, հաշմանդամություն ունեցող անձանց և քաղաքացիական հասարակության այլ կազմակերպությունների և ավելի լայն հանրության համար։ Այն ԵԽ անդամ երկրներում առաջատար փորձի սպառիչ ժողովածու չէ, այլ նախատեսված է որպես հոգեկան առողջության պահպանման խթանման և աջակցության կամավոր միջամտությունների, ինչպես նաև հոգեկան առողջության միջավայրում հարկադրանքի նվազեցման և կանխարգելման գործելակերպի որդեգրմանն ուղղված առաջին քայլ:

Հաջորդ բաժնում` Մաս I-ում, ներկայացվում է ձեռնարկում օգտագործվող տերմինաբանությունը, շրջանակը, նախապատմությունը և հետազոտության սահմանափակումները, որից հետո Մաս II-ում բերվում են գործելակերպի օրինակներ։