Կրկին ընդգծենք, որ այս ձեռնարկը չի հավակնում սպառիչ լինել: Այն նախատեսված է որպես սկզբնական քայլ՝ ընդգծելու ԵԽ անդամ պետությունների լավ փորձը, ներառյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից ներկայացված գործելակերպի օրինակները: Նախատեսված է, որ ձեռնարկը մշտապես թարմացվելու և ընդլայնվելու է։

Ձեռնարկում «լավ փորձի» լայն սահմանումը ունի թե՛ առավելություններ թե՛ թերություններ: Ռիսկերից մեկն այն է, որ «լավ փորձի» լայն սահմանումը նշանակում է, որ կարող են ներառվել գործելակերպի այնպիսի օրինակներ, որոնք, ընդհանուր առմամբ, չեն նպաստում և պաշտպանում անձի մարդու իրավունքները: Հնարավոր է նաև, որ ծրագրերը, որոնք փոքր-ինչ նվազեցնում են հարկադրանքը (օրինակ՝ աննշան կրճատելով հիվանդասենյակում առանձնացման դեպքերի) առաջացնում են կեղծ զգացում, որ ընդհանուր առմամբ բավականաչափ քայլեր են ձեռնարկվում։ Իրավունքների վրա հիմնված չափանիշները և համապատասխանությունը գնահատող համայնքային հոգեկան առողջության ծառայությունների մանրամասն վերլուծությունը տե՛ս ԱՀԿ-ի Համայնքային հոգեկան առողջության ծառայությունների վերաբերյալ զեկույցում (World Health Organization, 2021):

Այնդուհանդերձ, ձեռնարկում ներկայացված լայն շրջանակը ունի նաև առավելություններ. այն թույլ է տալիս պատվիրակներին և քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերին ներկայացնել բազմաթիվ օրինակներ, որոնք վկայում են իրավունքների ապահովման և առանց հարկադրանքի խնամքի և աջակցության մասին: Դա քաղաքականություն մշակողներին և այլոնց թույլ է տալիս ծանոթանալ իրենց համատեքստին համապատասխանող լրացուցիչ տարբերակներին, հնարավորություն ստեղծելով ավելի խորը վերլուծել գործելակերպը՝ հաշվի առնելով իրավունքների վրա հիմնվածությունը և այլ չափանիշները: Այս լայն մոտեցումը նաև թույլ է տալիս ներառել նորարարական գործելակերպ, որը դեռ չի անցել ֆորմալ, փորձագիտական ուսումնասիրություն։ Դա հատկապես կարևոր է հոգեկան առողջության ծառայությունների օգտատերերի խմբերի և հաշմանդամների կազմակերպությունների կողմից մշակված և ղեկավարվող փոքրածավալ գործելակերպի դեպքում, որը խիստ չափանիշներով համակարգված դիտարկման արդյունքում կարող է բացառվել։