Back Քրեակատարողական համակարգի բուժանձնակազմն ամրապնդում է բժշկական գաղտնիքի և տվյալների պաշտպանության ապահովմանն ուղղված գիտելիքները

Քրեակատարողական համակարգի բուժանձնակազմն ամրապնդում է բժշկական գաղտնիքի և տվյալների պաշտպանության ապահովմանն ուղղված գիտելիքները

Բժշկական գաղտնիքը հանդիսանում է բժշկական էթիկայի հիմնարար սկզբունքներից մեկը և բժիշկ–պացիենտ հարաբերությունների առանցքային հիմնասյունը։ Քրեակատարողական հիմնարկներում, որտեղ անձինք գտնվում են առանձնահատուկ խոցելի իրավիճակում, անձնական առողջական տվյալների պաշտպանությունն առավել կարևոր նշանակություն ունի։

Այս երաշխիքները գործնականում ամրապնդելու նպատակով Հայաստանի քրեակատարողական հիմնարկների բուժանձնակազմն զարգացրել է իր կարողությունները բժշկական գաղտնիք համարվող տվյալների պատշաճ մշակման, գաղտնիության չափանիշների կիրառման, ինչպես նաև այլ հաստատությունների հետ արդյունավետ համագործակցության ոլորտներում։ Սույն նախաձեռնությունն իրականացվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոնի» աշխատակիցների համար կազմակերպված կարողությունների զարգացմանն ուղղված երկօրյա միջոցառման շրջանակում՝ մարտի 27–28-ին։

Երկօրյա դասընթացի ընթացքում մասնակիցներն ամրապնդել են իրենց գիտելիքներն անձնական տվյալների պաշտպանության, համաձայնության տրամադրման և գաղտնիության պահպանման խախտումներից բխող իրավական պատասխանատվության վերաբերյալ։ Վերապատրաստումը հիմնված էր համապարփակ զեկույցի և գործնական ուղեցույցի վրա, որոնք մշակվել են խթանելու քրեակատարողական բժշկական անձնակազմին իրենց ամենօրյա գործունեության ընթացքում իրավական և էթիկական չափանիշների կիրառումը։

Մասնակիցներն աշխատել են իրական կյանքի իրավիճակների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան նախադեպային իրավունքի հիման վրա՝ ձեռք բերելով հստակ պատկերացում, թե ինչպես են բժշկական գաղտնիքի պահպանման վերաբերյալ խախտումները գնահատվում միջազգային մակարդակում։ Այս օրինակների վերլուծության միջոցով, մասնակիցները ձեռք են բերել առավել լայն պատկերացում՝ ՄԻԵԴ մոտեցումների, անձի իրավունքների և հանրային շահի միջև հավասարակշռման գաղափարի, ինչպես նաև՝ բժշկական գաղտնիք համարվող տվյալների ոչ պատշաճ պաշտպանության դեպքում առաջացող իրավական հետևանքների վերաբերյալ։

Միջոցառման ավարտին մասնակիցները հանձնառու եղան կիրառել ստացված գիտելիքներն իրենց մասնագիտական գործունեության ընթացքում՝ նպատակուղղված լինելով նպաստել առողջապահական ծառայությունների բարելավմանը և ազատությունից զրկված անձանց իրավունքների ավելի արդյունավետ պաշտպանությանը։

Այս միջոցառումն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդում» ծրագրի շրջանակում, որն աջակցում է ազգային իշխանություններին քրեակատարողական բարեփոխումների, քրեակատարողական հիմնարկների առողջապահության բարելավման և ազատությունից զրկված անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության հարցում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի 2023–2026 թթ. Հայաստանի գործողությունների պլանի շրջանակում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից։

 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 27-28 ՄԱՐՏԻ, 2026թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
Ո՞րն է ծրագրի նպատակը

Ծրագիրը նպատակ ունի շարունակական աջակցություն ցուցաբերել Հայաստանի իշխանություններին՝ քրեակատարողական, ոստիկանության և քրեակատարողական առողջապահության բարեփոխումների հետագա ընդլայնման և ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերում: Այս նախաձեռնության միջոցով Եվրոպայի խորհուրդը տրամադրում է ռազմավարական ուղղորդում և գործնական աջակցություն ինչպես քաղաքականության, այնպես էլ գործառնական մակարդակներում: Այս աջակցությունը կոչված է օգնելու իշխանություններին հասնել քրեակատարողական և ոստիկանական բարեփոխումների իրենց նպատակներին և նպաստել ինստիտուցիոնալ պրակտիկայի զգալի փոփոխություններին՝ ապահովելով մարդու իրավունքների միջազգային չափանիշներին և լավագույն փորձին համապատասխանեցումը:

Ծրագիրը Եվրոպայի Խորհրդի աջակցության շարունակությունն է, որը տրամադրվում է Հայաստանի իշխանություններին 2015 թվականից ի վեր: Այն հիմնված է 2015 թվականից ի վեր ձեռք բերված արդյունքների վրա, մասնավորապես՝ «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության բարձրացում Հայաստանում քրեակատարոական հիմնարկներում» (2019-2022) և  «Ազտությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդում» (2023-2024 թթ.) ծրագրերի վրա՝ նպատակ ունենալով խորացնել համագործակցության ոլորտները և աջակցել Հայաստանի իշխանություններին՝ քրեակատարողական, ոստիկանության և քրեակատարողական առողջապահական բարեփոխումների հետագա ընդլայնման գործում։

 Սկիզբ՝ 2025 թ․ հունվարի 1

 Տևողություն՝ 24 ամիս

 ֆինանսավորում՝ 600,000 եվրո, Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրին աջակցող դոնորներ

Կոնտակտային անձ` Դիանա Ղազարյան, ծրագրի ավագ պատասխանատու

 

Ովքե՞ր են ծրագրի շահառուները
  • Արդարադատության նախարարություն
  • Առողջապահության նախարարություն
  • Ներքին գործերի նախարարություն
  • Քրեակատարողական ծառայություն
  • Քրեակատարողական բժշկության կենտրոն
  • Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն
  • քաղաքացիական հասարակություն
  • ազատությունից զրկված անձինք
  • լայն հասարակություն
Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը

Ծրագիրն իրականացման ողջ ընթացքում հետևելու է Եվրոպայի խորհրդի հիմնական սկզբունքներին: Բոլոր գործողությունները կհամապատասխանեն Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների չափանիշներին և պատշաճ ուշադրություն կդարձվի ազատությունից զրկված անձանց արժանապատվությանը, առողջությանը, անվտանգությանը և բարեկեցությանը:

  • «Քրեակատարողական բժշկության կենտրոնը» պետք է էլ ավելի ամրապնդի ինստիտուցիոնալ կարողությունները՝ քրեակատարողական համակարգում որակյալ առողջապահական ծառայություններ ապահովելու, ինչպես նաև առողջապահության տրամադրման տարբեր թեմաներով բուժաշխատողների և ոչ բուժաշխատողների գիտելիքների և հմտությունների հետագա բարելավման ուղղությամբ ։
  • Համակարգված և համակողմանի աշխատանք է պահանջվում Քրեակատարողական ծառայության համար՝ ամրապնդելու քրեակատարողական անձնակազմի կարողությունները ուղղված  դատապարտյալների բարդ կարիքները բավարարելու համար վերականգնողական գործիքներ ու ծրագրեր և ազատությունից զրկված անձանց պատժի անհատական ​​պլաններ կիրառելո ուղղությամբ:
  • Հետագա միջոցներ կձեռնարկվեն ոստիկանության ենթակա հաստատություններում վատ վերաբերմունքից պաշտպանելու և ոստիկանության գործունեության ընթացքում տվյալների պաշտպանության չափանիշներին օրենսդրության համապատասխանությունը ապահովելու ուղղությամբ։ Այս երաշխիքների կիրառմամբ Ծրագիրը ձգտում է ամրապնդել վստահությունը իրավապահների նկատմամբ և պաշտպանել ազատությունից զրկված անձանց իրավունքները:
  • Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավումը կարևոր դեր կխաղա ամբողջական և ներառական մոտեցման ապահովման գործում՝ խթանելով համագործակցությունը պետական ​​հաստատությունների և հասարակական դերակատարների միջև՝  կայուն և ազդեցիկ փոփոխություններ ստեղծելուն նպատակով:

 

Ի՞նչ արդյունքի ենք ակնկալում հասնել
  • Քրեակատարողական բժշկության կենտրոնի ինստիտուցիոնալ և կադրային կարողությունների հետագա հզորացում՝ քրեակատարողական համակարգի շրջանակներում որակյալ առողջապահական և գերատեսչական համագործակցություն ապահովելու համար
  • Քրեակատարողական ծառայության գործառնական կարողությունների բարձրացում՝ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ խոցելի խմբերի համար վերականգնողական միջավայր ստեղծելու համար
  • Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի կարողությունների բարելավում
  • Քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցների և երաշխիքների հետագա ամրապնդում
  • Եվրոպական չափանիշներին համապատասխան դաժան վերաբերմունքի, կարգավորող դաշտի և ազատությունից զրկված անձանց տվյալների պաշտպանության երաշխիքների բարելավում։