2001թ. հունվարին Հայաստանի` Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո, 2002թ. դեկտեմբերին Երևանում հիմնվեց Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակը` ԵԽ Նախարարների կոմիտեի թիվ (99)9 որոշման հիման վրա: Տեղեկատվական գրասենյակը (ԵԽՏԳ) պաշտոնապես բացվել է 2003թ. հուլիսի 8-ին և Հայաստանում գործել է մինչև իր փակվելը 2010թ-ի դեկտեմբերի 31-ին: Այդ ընթացքում ԵԽՏԳ-ն տեղեկատվություն է տարածել ԵԽ գործունեության և նպատակների մասին, կազմակերպել է միջոցառումներ ու սեմինարներ, թարգմանել և հրապարակել է ԵԽ փաստաթղթեր:

2002թ. դեկտեմբեր ամսից Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Հայաստանի Հանրապետությունում նշանակել է նաև իր Հատուկ ներկայացուցչին: Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի (ԳՔՀՆ) գործունեության շրջանակը ներառում էր անհրաժեշտ ներպետական իշխանությունների, միջազգային հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ կապերի հաստատումը, ինչպես նաև Հայաստանի` ԵԽ անդամակցության հետ կապված ԵԽ քաղաքականության ու գործունեության առաջմղումը, հատկապես երկրի ստանձնած պարտավորությունների հարցում:

Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի` Հայաստան կատարած այցի շրջանակներում 2013թ. ապրիլի 17-ին ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հիմնադրման և դրա իրավական կարգավիճակի վերաբերյալ` հիմնվելով ԵԽ նախարարների կոմիտեի կողմից Եվրոպայի խորհրդի գրասենյակների կարգավիճակի մասին 2010թ. հուլիսին ընդունված թիվ (2010)5 բանաձևի վրա: Երևանում Եվրոպայի խորհրդի ընդլայնված գրասենյակը ներկայացնում է ԵԽ Գլխավոր քարտուղարին ազգային իշխանությունների առջև, աջակցում և խթանում է հայկական իշխանությունների և ԵԽ մարմինների քաղաքականությունն ու գործունեությունը` կապված Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության հետ: Այն նաև աջակցում է ազգային իշխանություններին ԵԽ-ի հետ համագործակցության շրջանակներում նպատակային գործողություններ ծրագրելու և ժամանակին իրականացնելու գործում: Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել 2013թ. հուլիսի 3-ին:

ԵԽ գրասենյակի նոր կարգավիճակը ենթադրում է առավել ընդլայնված համագործակցություն Երևանի և Ստրասբուրգի միջև` ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայությանն ոլորտում տեղում իրականացվող ծրագրերի միջոցով: Երևանի գրասենյակն աջակցում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանին վերաբերվող, ինչպես նաև տարածաշրջանային, ԵՄ և այլ դոնորների հետ համատեղ ծրագրերի իրականացմանը` հիմնված Հայաստանի վերաբերյալ ԵԽ 2023–2026թթ. գործողությունների ծրագրի վրա: Այն իրենից ներկայացնում է առաջնահերթ գործողությունների փաթեթ` միտված իր օրենսդրությունը, հաստատություններն ու պրակտիկան եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու հարցում Հայաստանին աջակցության տրամադրմանը: Արդյունավետ աջակցություն ապահովելու համար այդ գործընթացում գրասենյակը սերտորեն համագործակցում է հայկական իշխանությունների, միջազգային հանրության և քաղաքացիական հասարակության հետ:

 

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ