Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը
Սկիզբ՝ 2023թ․, հունվարի 1
Տևողություն՝ 24 ամիս
ֆինանսավորում՝ 550,000 եվրո, Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրին աջակցող դոնորներ
Հիմնական գործընկերներ՝ ՀՀ արդարադատության նախարարություն, Քրեակատարողական ծառայություն, Քրեակատարողական բժշկության կենտրոն, ՀՀ առողջապահության նախարարություն
Հիմնվելով Եվրոպայի խորհրդի «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի արդյունքների վրա (այսուհետ՝ 2019-2022 թթ. ծրագիր) «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագիրը աջակցել է Հայաստանի իշխանություններին առավել ամրապնդել քրեակատարողական բարեփոխումները և բանտային առողջապահությունը, ինչպես նաև՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը: Եվրոպայի խորհուրդը աջակցություն է ցուցաբերել քաղաքականության մշակման և գործառնական մակարդակներում՝ աջակցելով իշխանություններին՝ քրեակատարողական համակարգի բարեփոխումների իրականացման և քրեակատարողական համակարգում գործելակերպային փոփոխություններ մտցնելու ուղղությամբ, հատկապես՝ 2022 թվականին Քրեական օրենսգրքի, Քրեական դատավարության օրենսգրքի և Քրեակատարողական օրենսգրքի ընդունումից հետո:
Ծրագրի կենտրոնում էին հետևյալ առաջնահերթ ոլորտները.
- «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ինստիտուցիոնալ կարողությունների հետագա բարձրացում՝ քրեակատարողական համակարգում որակյալ առողջապահական ծառայություններ ապահովելու նպատակով
- բժշկական և ոչ բժշկական անձնակազմի գիտելիքների և հմտությունների հետագա ամրապնդում առողջապահության վերաբերյալ տարբեր թեմաներով
- քրեակատարողական հիմնարկներում կանխարգելիչ առողջապահական ծրագրերի մշակում և փորձարկում
- քրեակատարողական համակարգի անձնակազմի կարողությունների հզորացում՝ ազատությունից զրկված անձանց համար գործիքների և վերականգնողական ծրագրերի կիրառման նպատակով
- մարդու իրավունքների վերաբերյալ օրենսդրական դաշտի ներդաշնակեցում Քրեակատարողական նոր օրենսգրքի հետ։
Ծրագիրը իրականացվել է Արդարադատության նախարարության, Առողջապահության նախարարության, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ սերտ համագործակցությամբ և ներառում է տեղական այլ շահագրգիռ կողմերի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների լայն շրջանակ:
Ծրագրի հիմքում ընկած հիմնական կոնվենցիաներն են Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոնվենցիան և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան (ՄԻԵԿ), ինչպես նաև` Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ) եզրակացություններն ու առաջարկությունները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռները:





