Back Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով փախստական կանանց և աղջիկների աջակցության ուժեղացում

Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով փախստական կանանց և աղջիկների աջակցության ուժեղացում

Հայաստանի տարբեր մարզերում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները շարունակում են ամրապնդել իրենց համագործակցությունը՝ նպատակ ունենալով ավելի արդյունավետ աջակցություն տրամադրել փախստական կանանց և արձագանքել նրանց առջև ծառացած բազմաշերտ մարտահրավերներին՝ սկսած զբաղվածության հասանելիությունից մինչև սոցիալական ներառման և պաշտպանության հարցեր։

Արդեն ավելի քան 400 կին և աղջիկ, այդ թվում՝ փախստականներ, օգտվել են Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող նախաձեռնություններից՝ ձեռք բերելով մասնագիտական հմտություններ, օգտվելով զբաղվածության և փոքր բիզնեսի զարգացման հնարավորություններից, ինչպես նաև ստանալով անհատականացված աջակցություն՝ իրենց կյանքը վերակառուցելու և սոցիալ-տնտեսական հզորացման ճանապարհին։

Այս արդյունքների հիման վրա Գյումրիում կազմակերպված միջոցառումը միավորել էր փախստականների աջակցության և կանանց հզորացման ոլորտում գործող կազմակերպություններին՝ ստեղծելով համագործակցության և փորձի փոխանակման կենդանի հարթակ։ Հանդիպման նպատակն էր ամրապնդել գործընկերային կապերը, խթանել գործնական փորձի փոխանակումը և բարձրացնել աջակցության արդյունավետությունը։

Քննարկումների ընթացքում մասնակիցները անդրադարձան այն կարևոր հարցերին, թե ինչպես կարող են կազմակերպությունները ավելի սերտ համագործակցել, ավելի խորությամբ բացահայտել և արձագանքել փախստական կանանց կարիքներին, ինչպես նաև ինչպես օգտագործել հաղորդակցության գործիքները՝ ներառյալ սոցիալական մեդիան և պատմությունների ներկայացումը, կանանց ձայնը պատասխանատու և ազդեցիկ կերպով բարձրացնելու համար։

Միջոցառմանը մասնակցած քաղաքացիական հասարակության կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը նշեց. «Այս միջոցառումը մեզ հնարավորություն տվեց ոչ միայն կապեր ստեղծել, այլև նորովի դիտարկել մեր համագործակցության ձևերը՝ ավելի պատասխանատու և արդյունավետ աջակցություն ապահովելու համար։ Գործնական փորձի և մարտահրավերների փոխանակումը օգնեց մեզ բացահայտել համագործակցության նոր ուղիներ և ամրապնդել մեր ընդհանուր ազդեցությունը»։

Քննարկումները շեշտեցին թե՛ մարդկանց, թե՛ գործընթացների կարևորությունը՝ խրախուսելով կազմակերպություններին վերանայել թիմային աշխատանքի, շահառուների պաշտպանության և ներքին համագործակցության մոտեցումները՝ ապահովելու ավելի համակարգված, արձագանքող և էթիկական աջակցություն։

Ինտերակտիվ ցուցադրությունը ներկայացրեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից մշակված գործնական լուծումներ և նորարարական մոտեցումներ, որոնք արդեն կիրառվում են երկրի տարբեր հատվածներում։

Միջոցառումը վերահաստատեց այն համոզումը, որ կազմակերպությունների միջև սերտ և համակարգված համագործակցությունը հանգեցնում է ավելի արդյունավետ, ներառական և կայուն աջակցության փախստական կանանց և աղջիկների համար։

Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023–2026 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվող երկու ծրագրերի համագործակցությամբ՝ «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» (Փուլ II) և «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում»։

ԳՅՈՒՄՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆ 9-10 ԱՊՐԻԼԻ, 2026թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
Ո՞րն է ծրագրի նպատակը

Սույն ծրագիրը շարունակում է 2023-2024 թթ-ի ընթացքում «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի առաջին փուլի շրջանակներում իրականացված աշխատանքն ու արդյունքները՝ ուղղված կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելմանը և պայքարին, ինչպես նաև գենդերային հավասարության խթանմանը Հայաստանում։

Ծրագիրը միտված է Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարին, այդ թվում՝ թվային բռնության կանխարգելմանը և գենդերային հավասարության ամրապնդմանը։

 Սկիզբ: 1 հունվարի, 2025 թվական
 Տևողություն: 24 ամիս

 Ֆինանսավորում. 700,000 եվրո՝ ԵԽ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թթ. ծրագրի դոնորների ներդրումներ
Կոնտակտային անձ՝ Լիանա Ամիրբեկյան, Ծրագրի ավագ պատասխանատու

Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը

Ծրագիրն իրականացվում է երկու փոխլրացնող հիմնական ուղղություններով՝

Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելում եւ պայքար

Կենտրոնացված է ԵԽ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) և Կանանց դեմ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի (ԳՐԵՎԻՈ) թիվ 1 ընդհանուր հանձնարարականի շուրջ, որը վերաբերում է կանանց նկատմամբ բռնության թվային հարթությանը։

Գենդերային հավասարության խթանում եւ կանանց հզորացում

Նպատակներն են գենդերային հավասարության ներդրումը և ամրապնդումը կրթական ծրագրերում, գենդերազգայուն պրակտիկայի ապահովումը և կանանց հզորացումը, այդ թվում փախստական կանանց ու աղջիկների համար՝ նպաստելու նրանց ակտիվ մասնակցությանը քաղաքական, հանրային և սոցիալական կյանքում։

Վերոնշյալ նպատակների իրականացմանն ուղղված քայլերը կընդգրկեն՝

  • քաղաքականության եւ ինստիտուցիոնալ համակարգերի ուժեղացմանն ուղղված ջանքեր․ հայաստանյան օրենսդրության և կարգավորումների համապատասխանեցում Եվրոպայի խորհրդի գենդերային հավասարության և կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վերաբերյալ ստանդարտներին՝ ներառյալ Ստամբուլի կոնվենցիան։
  • Պրակտիկայի, կարողությունների եւ իրազեկվածության բարձրացում․ ազգային իշխանությունների, արդարադատության ոլորտի մասնագետների, պետական պաշտոնյաների, կրթության ոլորտի մասնագետների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության գիտելիքների ու հմտությունների զարգացում՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ արդյունավետ պայքարի, գենդերային հավասարության խթանման և կարծրատիպերի վերացման նպատակով։
  • Կանանց, մասնավորապես՝ փախստական կանանց եւ աղջիկների հզորացում՝ նպաստելու նրանց ակտիվ մասնակցությանը քաղաքական, հանրային և սոցիալական կյանքում և ապահովելու նրանց պաշտպանությունը բռնությունից։
Ի՞նչ արդյունքի ենք ակնկալում հասնել

Օրենսդրական բարեփոխումների, կարողությունների զարգացման և իրազեկման միջոցառումների համատեղման միջոցով ծրագիրը նպատակ ունի հասնել կայուն և արդյունավետ փոփոխությունների՝ ապահովելով համապատասխանություն միջազգային չափանիշներին և բավարարելով առկա կարիքները։

Ծրագիրը կիրականացվի հայաստանյան պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և այլ ոլորտային կառույցների հետ սերտ համագործակցությամբ՝ հաշվի առնելով երկրի առանձնահատկությունները։

 Ծրագրի 1-ին փուլի ձեռքբերումների մասին տեսանյութ