Back «Ապահով պալատ»

«Ապահով պալատ» մոդելը նպատակ ունի նվազեցնել հոգեբուժական բաժանմունքներում գտնվող մարդկանց զսպումն ու մեկուսացումը, ինչպես նաև նվազեցնել ծառայություններից օգտվողների/պացիենտների և անձնակազմի միջև միջադեպերը (Նյութ 25): Մոդելը անձնակազմին տրամադրում է գործելակերպի ուղեցույց և հայեցակարգեր, որոնք կօգնեն բարելավել հիվանդանոցային միջավայրի մշակույթը, հաշվի առնելով անձնակազմի շփումները ծառայությունից օգտվողների և նրանց ընտանիքների/ընկերների հետ, ինչպես նաև բարելավել հիվանդասենյակների պայմանները:

«Ապահով պալատ» ծրագիրն իրականացնող առողջապահության բաժանմունքներից մեկի կարծիքով, ծրագրի նպատակները հետևյալն են.

  • անձնակազմի և պացիենտների միջև հարաբերությունների բարելավում.
  • անվտանգության բարձրացում, հարկադրանքի նվազեցում․
  • ավելի քիչ ժամանակ է ծախսվում զսպման և ավելի շատ ներգրավման վրա.
  • ավելի քիչ հարձակումներ, ավելի քիչ վնասվածքներ
  • միջավայր, որը խաղաղ է և նպաստավոր մարդկանց վերականգնմանն աջակցելու համար (տե՛ս Metro South Health [accessed 8/4/2021])։

Նշվում է նաև, որ․

«Ապահով պալատ» ծրագրի մոդելն առաջարկում է, որ կոնֆլիկտը բաժանմունքի ներսում կարող է առաջանալ այն դեպքում, երբ պացիենտը բախվում է իրավիճակների, որոնք մեծացնում են նրա հուզական անհանգստությունը կամ «էսկալացիայի կետերը»: Ծրագիրը կենտրոնանում է այն բանի վրա, թե անձնակազմը ինչ կարող է անել նախքան պացիենտը կհասնի էսկալացիայի կետին՝ տեղյակ լինելով պոտենցիալ հրահրող գործոնների մասին և որոշելով դրանց ազդեցությունը նվազեցնելու լավագույն մեթոդը կամ ստեղծված իրավիճակում լավագույն զսպման մեթոդը (տե՛ս Metro South Health [8/4/2021թ․-ի դրությամբ])։

Մոդելը օգնում է համագործակցել պացիենտների հետ՝ հնարավորինս նվազեցնելու կոնֆլիկտներն ու զսպումը և ստացիոնար բաժանմունքները դարձնել ավելի բուժիչ և խաղաղ վայր:

 

Մոդելը նախատեսում է 10 «Ապահով պալատ» ծրագրի ներքո հետևյալ 10 գործողությունները․

  1. Դուրս գրման հաղորդագրություններ՝ նախքան դուրս գրվելը, պացիենտներին առաջարկվում է գրել դրական ոգով նամակ, որն օգտակար և մյուսների համար։ Նամակը փակցվում է հաղորդագրությունների տախտակին: Այցելուները կարդում են այդ նամակները, որոնք հույս և վստահություն են ներշնչում իրենց։
  2. Փոխադարձ օգնության հանդիպումներ՝ օրը սկսելով համակիցների աջակցությամբ, պացիենտները գտնում են միմյանց օգնելու և աջակցելու ուղիներ:
  3. Հստակ փոխադարձի ակնկալիքներ՝ մեր ակնկալիքները միմյանցից ստացիոնար բաժանմունքում գտնվելու ժամանակ (պացիենտներ և անձնակազմ):
  4. Հանգստացման եղանակներ՝ հանդարտ և անխռով հանգստի մրջավայրի և հնարավորության ստեղծում։ Նախքան համապատասխան դեղամիջոցների դիմելը պացիենտներին առաջարկվում են հոգեկան հավասարակռությունը վերականգնելու այլընտրանքային եղանակներ։
  5. Բանավոր համոզում (դեէսկալացիա)՝ դեէսկալացիայի մի շարք եղանակների միավորում պաստառի վրա, որը ցուցադրվում է անձնակազմի համար նախատեսված տարածքներում: Անձնակազմը հետամուտ է լինում այդ եղանակներին աշխատանքի ընթացքում։
  6. Հուսադրում՝ անհանգստություն հրահրող միջադեպից հետո պացիենտների հետ աշխատանք են տանում՝ փոքր խմբերով կամ առանձին՝ հանգստանալու և կատարվածը հասկանալու համար: Դեպքից հետո անձնակազմն ավելի ուշադիր է հետևում իրավիճակին, որպեսզի պացիենտներն իրենց ավելի ապահով և անվտանգ զգան:
  7. Դրական խոսքեր՝ պացիենտների մասին տեղեկատվությունը համակիցներին փոխանցելիս անձնակազմի անդամները ձգտում են յուրաքանչյուր պացիենտի մասին ինչ-որ դրական բան ասել և/կամ բացահայտել դժվար վարքագծին նպաստող գործոնները:
  8. Վատ լուրերի մեղմացում՝ անձնակազմի իրազեկում պացիենտներին վերաբերող հնարավոր «վատ լուրերի» մասին՝ պացիենտների մասին տեղեկատվությունը փոխանցելիս և հիվանդասենյակները շրջելիս։ Այնուհետև անձնակազմը միջոցներ է ձեռնարկում «վատ լուրը» կարեկցաբար փոխանցելով պացիենտին և առաջարկելով աջակցություն։
  9. Փափուկ խոսք՝ անձնակազմին 1-2 նախադասությամբ տրվում են խորհուրդներ այն մասին, թե ինչպես խոսել հիվանդների հետ էսկալացայի երեք հիմնական կետերից յուրաքանչյուրի դեպքում. ասել «ոչ», խնդրել դադարեցնել անթույլատրելի վարքը, և խնդրել հիվանդներին անել այնպիսի մի բան, որից նրանք խուսափում են:
  10. Ճանաչել միմյանց՝ անձնակազմի յուրաքանչյուր անդամ պացիենտների հետ անկեղծորեն կիսվում է իր մասին ճշմարիտ տեղեկություններով: Պացիենտներին իր հերթին առաջարկվում է կիսվել իրենց մասին նմանատիպ տեղեկություններով (տե՛ս Metro South Health [accessed 8/4/2021])։

Գործելակերպի իրականացմանը նպաստող գործոններից կարելի է առանձնացնել աջակցությունը ավագ և տեղական մենեջերներից, ինչպես նաև հոգեկան առողջության պայմանների կամ հոգեսոցիալական հաշմանդամության փորձ ունեցող մարդկանցից, որոնք մեծ ներդրում են ունեցել դրա իրականացման հարցում (Նյութ 25)։ Խոչընդոտների թվում էին ղեկավարների և տեղական մակարդակի գործիչների կողմից աջակցության բացակայությունը, սակավ ռեսուրսները, «Ապահով պալատ» նյութի տեղական լեզուներով թարգմանելու անհրաժեշտությունը, հոգեկան առողջության ոլորտի ղեկավարների աջակցության պակասը (տնօրեններից մինչև բաժանմունքի ղեկավարներ), «Ապահով պալատ» ծրագրի գործողությունները կոնկրետ պայմաններին հարմարեցնելը և տարեցների խնամքի հաստատություններում պրակտիկան կիրառելու հետ կապված խնդիրները (Նյութ 25)։

Լեն Բոուերսը և գործընկերները (Bowers et al., 2015) գործելակերպի կլաստերային վերահսկում են իրականացրել Մեծ Բրիտանիայի պատահականության սկզբունքով ընտրված 15 հիվանդանոցների 31 բաժանմունքներում և եզրահանգել են, որ պարզ միջամտությունները, որոնք նպատակ ունեն բարելավել անձնակազմի հարաբերությունները պացիենտների հետ, կարող են նվազեցնել կոնֆլիկտների և հարկադրանքի կիրառումը։ Ուսւոմնասիրությունը նաև ցույց է տվել, որ ծրագիրը ֆինանսական օգուտներ է բերում՝ շնորհիվ կոնֆլիկտների կարգավորման և հարկադրանքի համար նախատեսված միջոցների տնտեսման (Bowers, ամսաթիվը նշված չէ):

Լրացուցիչ տեղեկությունների համար «Ապահով պալատ» ծրագրի (Safewards) գլխավոր էջում տրվում են խորհուրդներ իրականացման վերաբերյալ, ներկայացված են փաստացի տեղեկություններ և առաջարկում անգլերենից իսպաներեն, գերմաներեն, դանիերեն, լեհերեն, ֆիններեն, թուրքերեն և չեխերեն թարգմանված նյութեր (տե՛ս www.safewards.net [8/4/2021թ․-ի դրությամբ])։

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page