Back Բաց երկխոսություն խիստ ռեժիմի հոգեկան առողջության բաժանմունքում՝ «Խոհածության (ռեֆլեքսիայի) գործընթացները հոգեկան առողջության ծանր խնդիրներ ունեցող անձանց խնամքում», Նորվեգիա

Օսլո քաղաքի խիստ ռեժիմի հոգեկան առողջության բաժանմունքի Աքերշուսի համալսարանական հիվանդանոցի մասնագիտացված բաժանմունքը իրականացրել է «Բաց երկխոսությունների» գործելակերպի վրա հիմնված ծրագիր: Նախնական հաղորդումները վկայում են, որ հաջողվել է վերջ տալ ցանկացած հարկադրանքի այն անհատների նկատմամբ, որոնց նկատմամբ այլ փակ հոգեբուժական հաստատություններում նախկինում կիրառվել են խիստ հարկադրանքի միջոցներ։ Աքերշուսի համալսարանական հիվանդանոցի մասնագիտացված հոգեբուժության բաժանմունքը, որը Նորվեգիայի բարձր անվտանգության հոգեբուժական բաժանմունք է, իրականացրել է «Բաց երկխոսությունների» գործելակերպի վրա հիմնված ծրագիր։ (Բաց երկխոսություններն ավելի մանրամասն քննարկվում են այս ձեռնարկի «Համայնքային ծրագրեր» բաժնում, էջ 74)։

Բաց երկխոսություններն ավանդաբար անցկացվում են մարդկանց տներում՝ որպես համայնքի բնակչության հետ հոգեթերապևտիկ աշխատանքի ձև: Վերջինս հիմնված է այն սկզբունքի վրա, որ անձի խնամքի և բուժման մեջ ներգրավված բոլոր կողմերին և, ամենակարևորը, անձին հնարավորություն է տրվում հայտնել իր կարծիքը, թե որն է իր կարծիքով լավագույն բուժումն ու խնամքը տվյալ հանգամանքներում: Այդ երկխոսությունը տեղի է ունենում նախքան աջակցության և բուժման որոշումներ կայացնելը:

Արտառոցն այն է, որ Աքերշուսի համալսարանական հիվանդանոցը օգտագործում է Բաց երկխոսության մոտեցումը հոգեկան առողջության կենտրոնի մասնագիտացված անվտանգ բաժանմունքում, ինչը խիստ ռեժիմի հոգեկան առողջության հաստատությունում բաց երկխոսություն կիրառելու առաջին փորձերից մեկն է:

Ծրագիրն իրականացվում է հետևյալ կերպ․ Խոհածության (ռեֆլեքսիայի) գործընթացները կամ «Զրույցները» տեղի են ունենում անձի և անձնակազմի միջև պլանավորված քննարկումների տեսքով, որտեղ անձնակազմի անդամներից մեկը զրուցում է անձի հետ իր խնամքի և բուժման հետ կապված հարցի շուրջ: Հիվանդը կամ անձնակազմը կարող են զրույցի թեմաներ առաջարկել: Անձնակազմի մյուս անդամները (կամ անձի խնամքի համար կարևոր այլ անձինք), ովքեր ներկա են, միայն լսում են: Որոշ պահերի անձնակազմի և հիվանդի միջև զրույցը դադարեցվում է, և ներկա մյուս անձանց առաջարկվում է ներկայացնել իրենց մտորումները և մտքերը, որոնք վերաբերում են իրական խնդրին կամ թեմային, որը քննարկվել է մինչ նրանք լսում էին: Այս քայլը ապահովում է անձի ակնհայտ կարիքների ավելի լայն հեռանկար և այն գործողությունների քննարկում, որոնք անհրաժեշտ են աջակցությունը անձի նախասիրություններին համապատասխանեցնելու համար:

Հանդիպումները տևում են այնքան ժամանակ, որքան ցանկանում է անձը, և նրա բուժման և խնամքի վերաբերյալ որոշումները կայացվում են հանդիպմանը մասնակցող բոլոր անձանց ներկայությամբ։ Արդյունքում, բուժանձնակազմը բուժման վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում, ոչ էլ քննարկում դրանք առանց անձի մասնակցության: Հանդիպումների հաճախականությունն ու ժամանակացույցը նույնպես որոշվում է բոլոր ներկաների մասնակցությամբ։

Բաց երկխոսությունը և ռեֆլեկտիվ զրույցները հնարավորություն են տալիս խթանելու ծառայություններից օգտվողների և նրանց աջակցության ցանցերի ներգրավվածությունը և ընդգրկումը աջակցության և բուժման պլանավորման մեջ: Նույնիսկ եթե բաժանմունքը խիստ ռեժիմի փակ հոգեբուժական բաժանմունք է և պացիենտները ենթարկվում են ռեժիմի հետ կապված սահմանափակումների, բաց երկխոսության և ռեֆլեկտիվ խոսակցությունների մոտեցումը, ըստ տեղեկությունների, որոշակի չափով մեղմացնում է խիստ ռեժիմի բաժանմունքի հարկադիր բնույթը (Նյութ 17D)։

Նախնական տեղեկությունները վկայում են, որ հաջողվել է վերջ տալ հարկադրանքին այն անհատների նկատմամբ, որոնք այլ փակ հոգեկան առողջության հաստատություններում նախկինում ենթարկվել են խիստ հարկադրանքի միջոցների, նախքան նրանց տեղափոխումը Աքերշուսի համալսարանական հիվանդանոցի մասնագիտացված բաժին (Նյութ 17D)։

Ստորև ներկայացված են իրական դեպքերի օրինակներ, որոնք ընդգծում են ներկայացված գործելակերպի կարևոր ազդեցությունը․

Պացիենտը մանուկ տարիներին հոգեկան տրավմա վերապրած տղամարդ էր, ով նախկինում ունեցել էր ինքնավնասման ծայրահեղ հակվածություն, ինչպես նաև բազմաթիվ անգամ տեղափոխվել հոգեկան առողջության կենտրոն և Աքերշուս տեղափոխվելուց երկու տարի առաջ նրա նկատմամբ կիրառվել էին զսպման մեխանիկական միջոցներ և շարունակական մոնիտորինգ: Աքերշուսի բաժանմունքում գտնվելու ընթացքում նա անցել է Բաց երկխոսության և Ռեֆլեքսիվ զրույցների թերապիան, երբեք մեխանիկական սզպման չի ենթարկվել և մոտավորապես մեկ տարի անց դուրս է գրվել հիվանդանոցից։ Անձն այժմ ապրում է սեփական բնակարանում և ստանում է աջակցություն համայնքային առողջապահական և սոցիալական խնամքի ծառայություններից՝ ըստ իր հայեցողության:

Պացիենտը՝ երկար տարիների բռնության և ագրեսիայի պատմություն ունեցող կինը տասը տարի շարունակ ենթարկվել է մեկուսացման, զսպման միջոցների կիրառման և սահմանափակող այլ ռեժիմների։ Աքերշուսի համալսարանական հիվանդանոցի բարձր անվտանգության բաժանմունք տեղափոխվելուց հետո նրա նկատմամբ կիրառվեց Բաց երկխոսության և Ռեֆլեկտիվ զրույցների մոտեցումը: Հաղորդվում է, որ «հիվանդանոցում մեկուկես տարի գտնվելոււ ընթացքում կնոջ նկատմամբ զսպման մեխանիկական միջոցները կիրառվել են 4-5 անգամ շատ կարճ ժամանակահատվածներում, ինչը կտրուկ կրճատում է նախորդ հիվանդանոցում նման դեպքերի համեմատ»։ Այնուհետև կինը դուրս է գրվել հիվանդանոցից, ապրում է սեփական բնակարանում և որպես ամբուլատոր պացիենտ մասնակցում է ռեֆլեկտիվ զրույցներին:

Այս երկու դեպքերը վկայում են, որ «հնարավոր է վերականգնել այն անձանց, որոնց դեպքերը վկայում են խրոնիկական բռնության և ծայրահեղ ինքնավնասման հակվածության երկար պատմության մասին… Նրանք երկուսն էլ երկար ժամանակ գտնվել են փակ հոգեբուժական բաժանմունքներում և այնտեղ մշտապես ենթարկվել են հարկադրանքի» (Նյութ 17Դ)։

Տվյալների համակարգված հավաքագրումը` վերահոսպիտալացման մակարդակը և հանգամանքները գնահատելու համար, ներկայումս ընթացքի մեջ է (տե՛ս նաև Jacobsen, 2018; von Peter et al., 2019)։

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page