Back Եվրոպայի խորհուրդը աջակցում է հեռաբժշկության ընդլայնմանը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում

Եվրոպայի խորհուրդը աջակցում է հեռաբժշկության ընդլայնմանը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում

Եվրոպայի խորհրդի և պետական մարմինների շարունակական համագործակցության շրջանակում, Հայաստանը քրեակատարողական առողջապահությունում ստեղծել է հեռաբժշկության ներդրման ամուր հիմք և ակնհայտ առաջընթաց է արձանագրվել հեռաբժշկության կիրառման ընդլայնման հարցում։

Նախաձեռնության նպատակն է բարելավել ազատությունից զրկված անձանց մասնագիտացված բժշկական օգնության հասանելիությունը, բարձրացնել առողջապահական ծառայությունների արդյունավետությունը և ապահովել բուժօգնության շարունակականությունը տարբեր հաստատությունների միջև։ Քրեակատարողական հիմնարկներն քաղաքացիական հիվանդանոցների հետ կապելով՝ հեռաբժշկությունն ապահովում է կամուրջ քրեակատարողական և համայնքային առողջապահության միջև՝ հնարավորություն ընձեռելով մասնագետների հետ կանոնավոր խորհրդատվությունների, քրոնիկ հիվանդությունների շարունակական վերահսկման, ինչպես նաև բժշկական կարիքներին ավելի արագ արձագանքման՝ միաժամանակ պահպանելով քրեակատարողական հիմնարկների անվտանգությունը։

Այս նախաձեռնության շրջանակում 2025 թ. սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին աջակցություն է տրամադրվել Հայաստանի 10 քրեակատարողական հիմնարկների բուժստորաբաժանումներին։ Աշխատանքներն ընդգրկել են առկա ենթակառուցվածքների, սարքավորումների և յուրաքանչյուր հաստատության տեխնիկական պատրաստվածության անհատականացված գնահատում հեռաբժշկության ներդրման համար, ինչպես նաև՝ առողջապահական անձնակազմի մենթորություն և գործնական խորհրդատվություն՝ հեռաբժշկության օգտագործման և սպասարկման վերաբերյալ։ Վերհանված արդյունքները, ձեռքբերված դասերը և առաջարկվող հետագա քայլերը կնպաստեն հեռաբժշկության կայուն ինտեգրմանը քրեակատարողական առողջապահական համակարգում։

Արդյունքում, Հայաստանի ութ խոշոր քաղաքացիական հիվանդանոցներ միացել են նախաձեռնությանը՝ ձևավորելով քրեակատարողական և քաղաքացիական առողջապահական ծառայություններ մատուցողների միջև հեռաբժշկությամբ խորհրդատվությունների և մասնագիտական աջակցության շրջանակ։ Նոր ֆինանսական և կարգավորող մեխանիզմները այժմ ապահովում են հեռաբժշկության միջոցով մատուցվող բժշկական խորհրդատվությունների փոխհատուցումը, ինչն ապահովում է համակարգի կայուն և ընդլայնվող զարգացման հիմքերը։

Միջոցառումը անցկացվեց Եվրոպայի խորհրդի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդում» ծրագրի շրջանակում, Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների՝ Հայաստանի համար գործողությունների ծրագրի շրջանակներում։

 

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
Ո՞րն է ծրագրի նպատակը

Ծրագիրը նպատակ ունի շարունակական աջակցություն ցուցաբերել Հայաստանի իշխանություններին՝ քրեակատարողական, ոստիկանության և քրեակատարողական առողջապահության բարեփոխումների հետագա ընդլայնման և ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերում: Այս նախաձեռնության միջոցով Եվրոպայի խորհուրդը տրամադրում է ռազմավարական ուղղորդում և գործնական աջակցություն ինչպես քաղաքականության, այնպես էլ գործառնական մակարդակներում: Այս աջակցությունը կոչված է օգնելու իշխանություններին հասնել քրեակատարողական և ոստիկանական բարեփոխումների իրենց նպատակներին և նպաստել ինստիտուցիոնալ պրակտիկայի զգալի փոփոխություններին՝ ապահովելով մարդու իրավունքների միջազգային չափանիշներին և լավագույն փորձին համապատասխանեցումը:

Ծրագիրը Եվրոպայի Խորհրդի աջակցության շարունակությունն է, որը տրամադրվում է Հայաստանի իշխանություններին 2015 թվականից ի վեր: Այն հիմնված է 2015 թվականից ի վեր ձեռք բերված արդյունքների վրա, մասնավորապես՝ «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության բարձրացում Հայաստանում քրեակատարոական հիմնարկներում» (2019-2022) և  «Ազտությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդում» (2023-2024 թթ.) ծրագրերի վրա՝ նպատակ ունենալով խորացնել համագործակցության ոլորտները և աջակցել Հայաստանի իշխանություններին՝ քրեակատարողական, ոստիկանության և քրեակատարողական առողջապահական բարեփոխումների հետագա ընդլայնման գործում։

 Սկիզբ՝ 2025 թ․ հունվարի 1

 Տևողություն՝ 24 ամիս

 ֆինանսավորում՝ 600,000 եվրո, Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրին աջակցող դոնորներ

Կոնտակտային անձ` Դիանա Ղազարյան, ծրագրի ավագ պատասխանատու

 

Ովքե՞ր են ծրագրի շահառուները
  • Արդարադատության նախարարություն
  • Առողջապահության նախարարություն
  • Ներքին գործերի նախարարություն
  • Քրեակատարողական ծառայություն
  • Քրեակատարողական բժշկության կենտրոն
  • Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն
  • քաղաքացիական հասարակություն
  • ազատությունից զրկված անձինք
  • լայն հասարակություն
Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը

Ծրագիրն իրականացման ողջ ընթացքում հետևելու է Եվրոպայի խորհրդի հիմնական սկզբունքներին: Բոլոր գործողությունները կհամապատասխանեն Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների չափանիշներին և պատշաճ ուշադրություն կդարձվի ազատությունից զրկված անձանց արժանապատվությանը, առողջությանը, անվտանգությանը և բարեկեցությանը:

  • «Քրեակատարողական բժշկության կենտրոնը» պետք է էլ ավելի ամրապնդի ինստիտուցիոնալ կարողությունները՝ քրեակատարողական համակարգում որակյալ առողջապահական ծառայություններ ապահովելու, ինչպես նաև առողջապահության տրամադրման տարբեր թեմաներով բուժաշխատողների և ոչ բուժաշխատողների գիտելիքների և հմտությունների հետագա բարելավման ուղղությամբ ։
  • Համակարգված և համակողմանի աշխատանք է պահանջվում Քրեակատարողական ծառայության համար՝ ամրապնդելու քրեակատարողական անձնակազմի կարողությունները ուղղված  դատապարտյալների բարդ կարիքները բավարարելու համար վերականգնողական գործիքներ ու ծրագրեր և ազատությունից զրկված անձանց պատժի անհատական ​​պլաններ կիրառելո ուղղությամբ:
  • Հետագա միջոցներ կձեռնարկվեն ոստիկանության ենթակա հաստատություններում վատ վերաբերմունքից պաշտպանելու և ոստիկանության գործունեության ընթացքում տվյալների պաշտպանության չափանիշներին օրենսդրության համապատասխանությունը ապահովելու ուղղությամբ։ Այս երաշխիքների կիրառմամբ Ծրագիրը ձգտում է ամրապնդել վստահությունը իրավապահների նկատմամբ և պաշտպանել ազատությունից զրկված անձանց իրավունքները:
  • Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավումը կարևոր դեր կխաղա ամբողջական և ներառական մոտեցման ապահովման գործում՝ խթանելով համագործակցությունը պետական ​​հաստատությունների և հասարակական դերակատարների միջև՝  կայուն և ազդեցիկ փոփոխություններ ստեղծելուն նպատակով:

 

Ի՞նչ արդյունքի ենք ակնկալում հասնել
  • Քրեակատարողական բժշկության կենտրոնի ինստիտուցիոնալ և կադրային կարողությունների հետագա հզորացում՝ քրեակատարողական համակարգի շրջանակներում որակյալ առողջապահական և գերատեսչական համագործակցություն ապահովելու համար
  • Քրեակատարողական ծառայության գործառնական կարողությունների բարձրացում՝ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ խոցելի խմբերի համար վերականգնողական միջավայր ստեղծելու համար
  • Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի կարողությունների բարելավում
  • Քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցների և երաշխիքների հետագա ամրապնդում
  • Եվրոպական չափանիշներին համապատասխան դաժան վերաբերմունքի, կարգավորող դաշտի և ազատությունից զրկված անձանց տվյալների պաշտպանության երաշխիքների բարելավում։