Back Միասին՝ ավելի լավ հոգեկան առողջության համար․ մարդը, արժանապատվությունն ու ինքնավարությունը՝ կենտրոնում

Միասին՝ ավելի լավ հոգեկան առողջության համար․ մարդը, արժանապատվությունն ու ինքնավարությունը՝ կենտրոնում

Ի՞նչ է նշանակում կարողանալ սեփական կյանքի վերաբերյալ որոշումներ կայացնել, երբ մարդը հոգեկան առողջության խնդիրներ ունի։ Եվ ի՞նչ է տեղի ունենում, երբ անհրաժեշտ բժշկական օգնությունն ու աջակցությունը հասանելի չէ բնակության վայրին մոտ։

Այս հարցերը առանցքային տեղ էին զբաղեցնում «Միասին՝ ավելի լավ հոգեկան առողջության համար․ մարդու իրավունքները, արժանապատվությունը և ներառականությունը հոգեկան առողջության պահպանման ոլորտում» խորագրով տարածաշրջանային համաժողովում, որը 2026 թվականի հոկտեմբերի 8-ին, Հոգեկան առողջության համաշխարհային օրվան ընդառաջ, անցկացվեց Երևանում։ Եվրոպայի խորհրդի կողմից՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ սերտ համագործակցությամբ կազմակերպված համաժողովը մեկ հարկի տակ համախմբեց Հայաստանի և Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների ներկայացուցիչներին, քաղաքականություն մշակողներին, հոգեկան առողջության ոլորտի մասնագետներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ակադեմիական շրջանակներին և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց՝ քննարկելու, թե ինչպես կարող է մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումը դառնալ հոգեկան առողջության ծառայություններից օգտվելու մարդկանց առօրյա փորձառության անբաժանելի մասը։

Քննարկումները մեկնարկեցին գործունակության և պացիենտի ինքնավարության կարևորագույն հարցերի շուրջ։ Մասնակիցներն անդրադարձան հոգեկան առողջության պահպանման ոլորտում ինքնավարության պաշտպանության վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նո հանձնարարականին, որն ընդունվել է 2026 թվականի հունիսին, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» վճռի արդյունավետ կատարմամբ պայմանավորված  Հայաստանում գործունակության ինստիտուտի  բարեփոխմանը։ Բարեփոխումների նպատակն է լիակատար անգործունակության մոտեցումից անցում կատարել անհատականացված աջակցության համակարգի, որը կհամապատասխանի այն բանին, թե յուրաքանչյուր անձ ինքնուրույն ինչ որոշումներ կարող է կայացնել։

Մասնակիցները նաև ընդգծեցին համայնքահեն հոգեկան առողջության ծառայությունների հասանելիության ապահովման կարևորությունը՝ անդրադառնալով Շիրակի և Արարատի մարզերում գործող շարժական թիմերի փորձին, ինչպես նաև անդրադարձ կատարվեց ազատությունից զրկման վայրերում և այլ փակ հաստատություններում պատշաճ խնամքի ապահովմանը։ Ազատությունից զրկված անձանց պարագայում նրանք ընդգծեցին, որ հոգեկան առողջության պահպանման ծառայությունների հասանելիությունը սերտորեն կապված է արժանապատվության պահպանման, կանխարգելման և վերականգնման հետ։ Մասնակիցները կարևորեցին նաև վստահելի և հավաստի տեղեկատվության ու հոգեկան առողջության պահպանման ոլորտում գրագիտության ապահովմանը, խարանի դեմ պայքարը, ինչպես նաև մասնագետների՝ սթրեսից և մասնագիտական այրումից պաշտպանությունը։

Այս քննարկումները միասին ցույց տվեցին, որ որակյալ հոգեկան առողջության պահպանումը ոչ միայն բուժում ստանալու մասին է, այլև այն մասին, որ մարդուն լսում են, նրան ընտրության հնարավորություն են տալիս և ներգրավում են իր խնամքի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում։

Եվրոպայի խորհրդի չափանիշները, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, Օվիեդոյի կոնվենցիան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը և Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ) չափանիշները, կարևոր երաշխիքներ են ապահովում հոգեկան առողջության պահպանման ծառայություններ ստացող անձանց համար։ Հայաստանը Օվիեդոյի կոնվենցիան վավերացրել է 2025 թվականին, և դրա սկզբունքներն աստիճանաբար ներգրավվում են առօրյա պրակտիկայում՝ առողջապահության ոլորտի մասնագետների էթիկական կանոնների, տեղեկացված համաձայնության և գաղտնիության վերաբերյալ ուղեցույցների, ինչպես նաև բժիշկների և իրավաբանների համար նախատեսված վերապատրաստումների միջոցով։ Սակայն այս չափանիշներն առավել կարևոր են այն ժամանակ, երբ դրանք իրական փոփոխություն են բերում մարդկանց կյանքում։

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն ընդգծեց․ «Կոնվենցիայի ստորագրումը միայն սկիզբն է։ Իրականում կարևոր է այն, թե ինչ է փոխվում, երբ սովորական մարդը մտնում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն»։

Առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Խարազյանն ավելացրեց․ «Հոգեկան առողջությունը միայն առողջապահական քաղաքականության խնդիր չէ. այն նաև մարդու իրավունքների, արժանապատվության, հավասարության, սոցիալական ներառման և մասնակցության հարց է, իսկ Հայաստանի համար այս մոտեցումը մեր ընթացիկ բարեփոխումների առանցքում է:  Այս բարեփոխումներն արտացոլում են հիմնարար մի սկզբունք. հոգեկան առողջության խնդիրը երբեք չպետք է ինքնին դառնա պատճառ անտեսելու անձի արժանապատվությունը, ձայնը կամ իրավունքները: Միևնույն ժամանակ, միայն օրենսդրությամբ հնարավոր չէ փոխել հոգեկան առողջության խնամքի համակարգը»։

Օրվա ընթացքում քննարկումների հիմքում մեկ առանցքային ուղերձ էր․ ավելի լավ հոգեկան առողջության պահպանումը սկսվում է մարդուն տեսնելուց, ոչ թե միայն նրա առողջական խնդիրը տեսնելուց։ Սա նշանակում է ապահովել, որ յուրաքանչյուր մարդ կարողանա առանց խարանի դիմել օգնության, ստանալ համապատասխան աջակցություն, ներգրավված մնալ սեփական մարմնի և մտքի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում և խնամքի յուրաքանչյուր փուլում արժանանալ իր արժանապատվությանը համապատասխան վերաբերմունքի։

Տարբեր ձայներ մեկտեղելով, այդ թվում՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցած և այդ փորձառությունն անձամբ ապրած մարդկանց ձայները, համաժողովը նպաստեց Հայաստանում և տարածաշրջանում հոգեկան առողջության պահպանման ոլորտն ավելի իրավունքահեն, ներառական և մարդակենտրոն դարձնելու շարունակական երկխոսությանը։


Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ III» և «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրերի շրջանակում, որոնք մաս են կազմում Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի։ 

 

 

 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 2026թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
Ո՞րն է ծրագրի նպատակը

Ծրագիրը նպատակ ունի շարունակական աջակցություն ցուցաբերել Հայաստանի իշխանություններին՝ քրեակատարողական, ոստիկանության և քրեակատարողական առողջապահության բարեփոխումների հետագա ընդլայնման և ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերում: Այս նախաձեռնության միջոցով Եվրոպայի խորհուրդը տրամադրում է ռազմավարական ուղղորդում և գործնական աջակցություն ինչպես քաղաքականության, այնպես էլ գործառնական մակարդակներում: Այս աջակցությունը կոչված է օգնելու իշխանություններին հասնել քրեակատարողական և ոստիկանական բարեփոխումների իրենց նպատակներին և նպաստել ինստիտուցիոնալ պրակտիկայի զգալի փոփոխություններին՝ ապահովելով մարդու իրավունքների միջազգային չափանիշներին և լավագույն փորձին համապատասխանեցումը:

Ծրագիրը Եվրոպայի Խորհրդի աջակցության շարունակությունն է, որը տրամադրվում է Հայաստանի իշխանություններին 2015 թվականից ի վեր: Այն հիմնված է 2015 թվականից ի վեր ձեռք բերված արդյունքների վրա, մասնավորապես՝ «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության բարձրացում Հայաստանում քրեակատարոական հիմնարկներում» (2019-2022) և  «Ազտությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդում» (2023-2024 թթ.) ծրագրերի վրա՝ նպատակ ունենալով խորացնել համագործակցության ոլորտները և աջակցել Հայաստանի իշխանություններին՝ քրեակատարողական, ոստիկանության և քրեակատարողական առողջապահական բարեփոխումների հետագա ընդլայնման գործում։

 Սկիզբ՝ 2025 թ․ հունվարի 1

 Տևողություն՝ 24 ամիս

 ֆինանսավորում՝ 600,000 եվրո, Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրին աջակցող դոնորներ

Կոնտակտային անձ` Դիանա Ղազարյան, ծրագրի ավագ պատասխանատու

 

Ովքե՞ր են ծրագրի շահառուները
  • Արդարադատության նախարարություն
  • Առողջապահության նախարարություն
  • Ներքին գործերի նախարարություն
  • Քրեակատարողական ծառայություն
  • Քրեակատարողական բժշկության կենտրոն
  • Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն
  • քաղաքացիական հասարակություն
  • ազատությունից զրկված անձինք
  • լայն հասարակություն
Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը

Ծրագիրն իրականացման ողջ ընթացքում հետևելու է Եվրոպայի խորհրդի հիմնական սկզբունքներին: Բոլոր գործողությունները կհամապատասխանեն Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների չափանիշներին և պատշաճ ուշադրություն կդարձվի ազատությունից զրկված անձանց արժանապատվությանը, առողջությանը, անվտանգությանը և բարեկեցությանը:

  • «Քրեակատարողական բժշկության կենտրոնը» պետք է էլ ավելի ամրապնդի ինստիտուցիոնալ կարողությունները՝ քրեակատարողական համակարգում որակյալ առողջապահական ծառայություններ ապահովելու, ինչպես նաև առողջապահության տրամադրման տարբեր թեմաներով բուժաշխատողների և ոչ բուժաշխատողների գիտելիքների և հմտությունների հետագա բարելավման ուղղությամբ ։
  • Համակարգված և համակողմանի աշխատանք է պահանջվում Քրեակատարողական ծառայության համար՝ ամրապնդելու քրեակատարողական անձնակազմի կարողությունները ուղղված  դատապարտյալների բարդ կարիքները բավարարելու համար վերականգնողական գործիքներ ու ծրագրեր և ազատությունից զրկված անձանց պատժի անհատական ​​պլաններ կիրառելո ուղղությամբ:
  • Հետագա միջոցներ կձեռնարկվեն ոստիկանության ենթակա հաստատություններում վատ վերաբերմունքից պաշտպանելու և ոստիկանության գործունեության ընթացքում տվյալների պաշտպանության չափանիշներին օրենսդրության համապատասխանությունը ապահովելու ուղղությամբ։ Այս երաշխիքների կիրառմամբ Ծրագիրը ձգտում է ամրապնդել վստահությունը իրավապահների նկատմամբ և պաշտպանել ազատությունից զրկված անձանց իրավունքները:
  • Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավումը կարևոր դեր կխաղա ամբողջական և ներառական մոտեցման ապահովման գործում՝ խթանելով համագործակցությունը պետական ​​հաստատությունների և հասարակական դերակատարների միջև՝  կայուն և ազդեցիկ փոփոխություններ ստեղծելուն նպատակով:

 

Ի՞նչ արդյունքի ենք ակնկալում հասնել
  • Քրեակատարողական բժշկության կենտրոնի ինստիտուցիոնալ և կադրային կարողությունների հետագա հզորացում՝ քրեակատարողական համակարգի շրջանակներում որակյալ առողջապահական և գերատեսչական համագործակցություն ապահովելու համար
  • Քրեակատարողական ծառայության գործառնական կարողությունների բարձրացում՝ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ խոցելի խմբերի համար վերականգնողական միջավայր ստեղծելու համար
  • Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի կարողությունների բարելավում
  • Քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցների և երաշխիքների հետագա ամրապնդում
  • Եվրոպական չափանիշներին համապատասխան դաժան վերաբերմունքի, կարգավորող դաշտի և ազատությունից զրկված անձանց տվյալների պաշտպանության երաշխիքների բարելավում։