Back Հայաստանում ներդրվող թմրամիջոցների օգտագործման նոր ծրագրի փորձնական փուլը հաջողությամբ ավարտվեց

Հայաստանում ներդրվող թմրամիջոցների օգտագործման նոր ծրագրի փորձնական փուլը հաջողությամբ ավարտվեց

Հայաստանը կարևոր քայլ է կատարել խոցելի իրավախախտների վերականգնողական աշխատանքների ամրապնդման գործում՝ իրականացնելով թմրամիջոցների օգտագործման նոր ծրագիր, որը հաջողությամբ փորձարկվել է 2025 թվականի հունիսից մինչև հոկտեմբեր ամիս ընկած ժամանակահատվածում։

Նախատեսված լինելով որպես կոգնիտիվ-վարքաբանական, մոտիվացիոն և վերականգնողական կողմնորոշումով ​​խմբային աշխատանք՝ ծրագիրը փորձարկվել է Երևանի Պրոբացիայի ծառայության գրասենյակում երկու խմբով և Սևան, Վարդաշեն, իսկ ավելի ուշ՝ նաև Արմավիրի քրեակատարողական հիմնարկներում մեկական խմբերով։ Ընդհանուր առմամբ 27 մասնակից ավարտել է 10 հանդիպումից բաղկացած դասընթացը, որի նպատակն էր օգնել կախվածության խնդիրներ ունեցող անձանց ավելի լավ հասկանալ մտքերի, հույզերի և գործողությունների միջև կապերը՝ միաժամանակ ամրապնդելով դրական փոփոխությունների մոտիվացիան։

Ծրագիրն իրականացրեցին Պրոբացիայի ծառայության, Քրեակատարողական ծառայության և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի վեց հոգեբաններ, որոնք անցել էին 2025 թվականի ապրիլին դասընաթացավարների մասնագիտացված վերապատրաստումը: Փորձնական ծրագրի ողջ ընթացքում նրանք շարունակական հսկողություն և փորձագիտական ​​ուղղորդում են ստացել Եվրոպայի խորհրդի ծրագրի կողմից՝ ապահովելով ծրագրի սահուն ընթացքը և խնդիրների ժամանակին լուծումը: Մասնակիցները բարձր գնահատեցին խմբային աշխատանքի գործնական արժեքը և դասընթացավարների կողմից ստեղծված աջակցող մթնոլորտը:

Այս փորձնական ծրագրի արդյունքները կարևոր են ծրագրի համընդհանուր կիրառման մեկնարկի համար՝ ապացուցելով դրա վավերականությունը, մշակութային արդիականությունը և ինստիտուցիոնալացման մեծ ներուժը: Այս քայլը ներկայացնում է նշանակալի տեղաշարժ դեպի մարդակենտրոն, ապացույցների վրա հիմնված ռեաբիլիտացիա, որը ցույց է տալիս, թե ինչպես կարող են հոգեբանական մոտեցումները արդյունավետորեն լրացնել ավանդական պատժիչ շրջանակները:

Թմրամիջոցների օգտագործման ծրագիրը մշակվել է 2024 թվականին և իրականացվում է «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրով և ամրապնդում է Եվրոպայի խորհրդի և Հայաստանի Հանրապետության համատեղ հանձնառությունը՝ պրոբացիայում և քրեակատարողական հաստատություններում ժամանակակից և արդյունավետ վերականգնողական պրակտիկայի հասնելու համար։

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
Ո՞րն է ծրագրի նպատակը

իմնելով «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության զարգացմանը» և «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագրերի արդյունքների վրա՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագրի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագիրն աջակցում է ազգային իշխանություններին՝ նպաստելով պրոբացիայի ծառայությունների կիրառումը երկրում ավելի դյուրին դարձնելուն՝ դրանով իսկ բարձրացնելով հանրության անվտանգությունն ու արդարադատության անաչառ իրականացումը։

Ծրագիրն իրականացվում է Արդարադատության նախարարության և Պրոբացիայի պետական ծառայության, ինչպես նաև այլ ներպետական շահագրգիռ կողմերի՝ ներառյալ քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում պրոբացիայի ոլորտում։

Ակնկալվող փոփոխությունները կաջակցեն ՀՀ իշխանություններին օրենսդրությունը և պրակտիկան համապատասխանեցնել Եվրոպայի խորհրդի չափանիշներին, ինչպես օրինակ, ի թիվս այլոց, Պրոբացիայի կանոնների վերաբերյալ անդամ երկրներին ուղղված Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ CM/Rec(2010)1 և Համայնքային պատժամիջոցների և միջոցների վերաբերյալ եվրոպական կանոնների մասին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ CM/Rec(2017)3 հանձնարարականներին:

 Սկիզբ՝ 2025 թ․ հունվարի 1

 Տևողություն՝ 24 ամիս

 ֆինանսավորում՝ ` 500,000 եվրո, Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրին աջակցող դոնորներ

Կոնտակտային անձ` Արման Պողոսյան, ծրագրի ավագ պատասխանատու

 

Ովքե՞ր են ծրագրի շահառուները
  • Արդարադատության նախարարություն
  • Պրոբացիայի պետական ծառայության անձնակազմ
  • Քրեակատարողական ծառայության անձնակազմ
  • «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմ
  • դատավորներ և այլ իրավաբան մասնագետներ
  • լայն հասարակություն
Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը

Ծրագիրն իր իրականացման ողջ ընթացքում հետևելու է Եվրոպայի խորհրդի հիմնական սկզբունքներին։ Մասնավորապես՝ պրոբացիայի ծառայությունը պետք է նպատակ ունենա պրոբացիայի շահառուների հետ դրական հարաբերություններ հաստատելու միջոցով նվազեցնել կրկնահանցագործությունը՝ նրանց վերահսկելու, ուղղորդելու և աջակցելու, ինչպես նաև բարեհաջող սոցիալական վերաինտեգրմանը նպաստելու համար։ Բոլոր միջամտությունները պետք է համահունչ լինեն Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների չափանիշներին, միաժամանակ պետք է հաշվի առնեն պրոբացիայի շահառուների արժանապատվությունը, առողջությունը, անվտանգությունը և բարօրությունը, ինչպես նաև լիարժեքորեն պետք է հաշվի առնվեն նրանց անհատական հատկանիշները, հանգամանքները և յուրաքանչյուր առանձին իրավախախտի կարիքները, որպեսզի ապահովվի յուրաքանչյուր դեպքի արդար և անաչառ քննությունը։ Պրոբացիայի ծառայությունը պետք է համագործակցի այլ հանրային կամ մասնավոր, հասարակական կազմակերպությունների և տեղական համայնքների հետ` պրոբացիայի շահառուների սոցիալական վերաինտեգրումը խթանելու համար։ Անհրաժեշտ է իրականացնել համակարգված և փոխլրացնող միջգերատեսչական և միջճյուղային աշխատանք՝ պրոբացիայի շահառուների հաճախ համալիր կարիքների բավարարման և համայնքի անվտանգության բարձրացման համար։

Ի՞նչ արդյունքի ենք ակնկալում հասնել
  • Հզորացնել Պրոբացիայի ծառայությունն անհրաժեշտ գործիքների և կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների միջոցով․ կմշակվի վերապատրաստման նոր ծրագիր և աջակցություն կտրամադրվի e-probation համակարգի, ռիսկի և կարիքների գնահատման գործիքի, ինչպես նաև  նախազատումային զեկույցների կիրառման բարելավման համար։
  • Բարելավել միջգերատեսչական համագործակցությունը․ պրոբացիայի գործառույթների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով կկազմակերպվեն գերատեսչությունների միջև կանոնավոր տեղեկատվության փոխանակման և համակարգման հանդիպումներ և աշխատաժողովներ։
  • Բարելավել վերականգնողական և վերասոցիալականացման միջոցառումները․ աջակցություն կտրամադրվի վերականգնողական և վերասոցիալականացման ծրագրերի շտեմարանը բերալավելու և հիմնական շահառուների հետ համակարգումն ապահովելու գործում։
  • Բարելավել Պրոբացիայի ծառայությանն առնչվող օրենսդրական շրջանակը՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին և եվրոպական լավագույն փորձին․ տրամադրվող տեխնիկական և փորձագիտական աջակցությունը կապահովի, որ առկա օրենսդրական նախաձեռնությունները գնահատվեն ԵԽ չափանիշներին համապատասխան։