Back Ավելի անվտանգ երեխաների պաշտպանության համակարգ Հայաստանի համար. կլոր սեղան-քննարկում՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության դեմ պայքարի վերաբերյալ

Ավելի անվտանգ երեխաների պաշտպանության համակարգ Հայաստանի համար. կլոր սեղան-քննարկում՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության դեմ պայքարի վերաբերյալ

Եվրոպայի խորհուրդը կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում համապատասխան նախարարությունների, պետական ​​կառույցների և քաղաքացիական հասարակության ավելի քան 40 ներկայացուցիչների մասնակցությամբ՝ քննարկելու Հայաստանում երեխաներին սեռական շահագործումից և բռնությունից պաշտպանության ամրապնդման միջոցառումներն ու հետագա քայլերը: Միջոցառման առանցքում էր Լանցարոտեի կոնվենցիայի պահանջներին Հայաստանի օրենսդրության համապատասխանության վերաբերյալ համապարփակ բացերի վերլուծության զեկույցի նախնական տարբերակի ներկայացումը։

Թեև զեկույցում արձանագրվում են օրենսդրական կարևոր առաջընթացն ու վերջին բարեփոխումները, այն միաժամանակ մատնանշում է ոլորտները, որտեղ անհրաժեշտ են հավելյալ ջանքեր՝ գործնական կիրառման արդյունավետությունը բարձրացնելու համար։ Դրանց թվում են սեռական բռնության դեպքերի թերհաղորդումը, առաջնագծում աշխատող մասնագետների համար ավելի հստակ գործառնական ուղեցույցների անհրաժեշտությունը, միջգերատեսչական համագործակցության ամրապնդումը և մասնագիտացված աջակցության ծառայությունների հասանելիության բարելավումը։ Շահագրգիռ կողմերի լայն շրջանակի հետ անցկացված խորհրդակցությունները նաև վկայել են կրթության, առողջապահության և սոցիալական ոլորտների մասնագետների առջև ծառացած գործնական խոչընդոտների մասին։

Ելույթ ունենալով քննարկմանը՝ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Սվետիսլավ Պաունովիչը կարևորեց երեխայակենտրոն մոտեցման կիրառումը: Նա անդրադարձավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ա.Պ.-ն ընդդեմ Հայաստանի» գործով վճռին և ողջունեց այդ վճռի կատարման վերահսկողության ուժեղացված ընթացակարգից ստանդարտ ընթացակարգի անցումը՝ ընդգծելով Հայաստանի իշխանությունների կողմից արձանագրված առաջընթացը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ տիկին Աննա Կարապետյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ տիկին Տաթևիկ Ստեփանյանը, ովքեր ընդգծեցին արված վերլուծության կարևորությունը՝ Հայաստանի երեխաների պաշտպանության համակարգում առկա բացերի վերհանման և ընթացիկ բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև Եվրոպայի խորհրդի «Երեխաների պաշտպանություն սեռական շահագործումից և սեռական բռնությունից» ՀԵԼՓ դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետների նոր խմբի հավաստագրերի հանձնման արարողությունը՝ նպաստելով ոլորտում ազգային փորձի և մասնագիտական ներուժի հետագա զարգացմանը։ 

Որպես հաջորդ քայլ, քննարկման ընթացքում մասնակիցների կողմից ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները կընդգրկվեն բացերի վերլուծության զեկույցի վերջնական տարբերակում՝ ներկայացնելով Հայաստանի երեխաների պաշտպանության համակարգի փաստական տվյալների վրա հիմնված ընդհանուր ակնարկ։

Քննարկումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թթ․ ծրագրի ներքո իրականացվող «Երեխաների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում։

 

*Նշում: Իրավաբանական մասնագետների համար մարդու իրավունքների կրթության եվրոպական ծրագիրը՝ HELP-ը, աջակցում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իրականացման գործում: Դրա հիմնական նպատակն է բարձրացնել դատավորների, փաստաբանների և դատախազների կարողությունները Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր 46 պետություններում և դրանից դուրս՝ մարդու իրավունքների եվրոպական չափանիշներն իրենց ամենօրյա աշխատանքում կիրառելու համար:

 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 19 ՄԱՅԻՍԻ, 2026թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Արձագանքելով փախստականների զգալի հոսքին դեպի Հայաստան՝ Եվրոպայի խորհուրդը պատրաստել է գործողությունների փաթեթ, որի ընդհանուր բյուջեն կազմում է 2․8 միլիոն եվրո։ Արձագանքման փաթեթի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է չորս նոր ծրագիր և լրացուցիչ բաղադրիչներ է ներառել երկու ընթացիկ ծրագրում:

 

 Ներբեռնե՛ք Արձագանքման միջոցառումների համալիր փաթեթը

 

 Ներբեռնե՛ք Արձագանքման փաթեթի շրջանակներում իրականացվող ծրագրերի ձեռքբերումնմերը

Հայաստանում փախստականների ներհոսքին արձագանքի փաթեթի արդյունքները

 

2025 թ․ նոյեմբերի 11-ին Եվրոպայի խորհուրդը, համագործակցելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ, ներկայացրեց Հայաստանում փախստականների ներհոսքին ԵԽ համապարփակ արձագանքի փաթեթի հիմնական արդյունքները: Հայաստանի Հանրային Ռադիոյի հետ բացառիկ հարցազրույցում Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչները խոսել են Հայաստանի համար ԵԽ գործողությունների ծրագրի ընթացքի և, մասնավորապես փախստականների աջակցության փաթեթի արդյունքների մասին, նաև նախանշել ընթացիկ և առաջիկա անելիքները։

Back Հայաստանն առաջընթաց է գրանցում առանց ուղեկցության և ընտանիքից անջատված երեխաների արդյունավետ խնամակալության ամրապնդման ուղղությամբ՝ մասնագիտացված կարողությունների զարգացման միջոցով

Հայաստանն առաջընթաց է գրանցում առանց ուղեկցության և ընտանիքից անջատված երեխաների արդյունավետ խնամակալության ամրապնդման ուղղությամբ՝ մասնագիտացված կարողությունների զարգացման միջոցով

2024 թվականի հոկտեմբերից Եվրոպայի խորհրդի կազմակերպած՝ մասնագիտացված աշխատաժողովների շարքը զգալիորեն բարելավել է մի շարք մարզերից, այդ թվում՝ Կոտայքից, Գեղարքունիքից, Տավուշից, Լոռուց, Արարատից և Վայոց ձորից, երեխաների արդյունավետ խնամակալության ոլորտում աշխատող ավելի քան 130 հայ մասնագետի կարողությունները։

Այս ուսումնական դասընթացների արդյունքում համայնքային սոցիալական աշխատողները, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամները և այլ հանրային ծառայողներ, ինչպես նաև պետական հաստատությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, ձեռք են բերել գիտելիքներ և գործնական հմտություններ՝ ծնողական խնամքից զրկված երեխաների պաշտպանությունն ու աջակցությունն ավելի արդյունավետ իրականացնելու համար։

Այս նախաձեռնության կարևոր բաղադրիչներից մեկը նպատակային և կարիքներին հարմարեցված նյութերի մշակումն էր, այդ թվում՝ արդյունավետ խնամակալության վերաբերյալ ուսումնամեթոդական ձեռնարկը։ Ձեռնարկը և դրան կից վերապատրաստման նյութերը քննարկվել են փորձագիտական աշխատաժողովի ընթացքում, որը համախմբել էր տեղական ու միջազգային փորձագետների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների։

Թեմատիկ այս դասընթացները նպաստել են Եվրոպայի խորհրդի չափանիշների, արդյունավետ խնամակալության փորձի և միգրացիոն միջավայրում երեխաների պաշտպանության մասին մասնակիցների իրազեկվածության բարձրացմանը։ Դասընթացները նաև խթանել են միջգերատեսչական համագործակցությունը և մասնագիտական գիտելիքների փոխանակումը՝ նպատակ ունենալով ընդլայնել մասնագետների փորձառությունն ու պահպանել արդյունավետ գործելաոճը։

Այս նախաձեռնությունը միտված է աջակցելու Հայաստանի ջանքերին՝ երեխայակենտրոն խնամակալության համակարգ ստեղծելու համար, որը համահունչ է երկրի ստանձնած հանձնառությանը՝ ապահովու առանց ուղեկցության և ընտանիքից անջատված երեխաների իրավունքները և բարեկեցությունը։

Այս միջոցառումները կազմակերպվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագրի շրջանակում, որը հանդիսանում է Հայաստանում փախստականների ներհոսքին արձագանքման համալիր փաթեթի մաս՝ Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի շրջանակում։

ԱՐԱՐԱՏ-ՎԱՅՈՑ ՁՈՐ 29-30 օգոստոսի, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

 Հիմնական նպատակներ

Մարդու իրավունքների պաշտպանություն․ փախստականների իրավունքների պաշտպանություն 
Տեղական իշխանությունների դիմակայունություն. փախստական բնակչության զգալի զանգված ունեցող համայնքների ամրապնդում 
Սոցիալական իրավունքներ․ բոլորի, ներառյալ խոցելի խմբերի ներկայացուցիչների, սոցիալական իրավունքների ամրապնդում  
Երեխաների և կանանց իրավունքների պաշտպանություն՝ ապահովելով նրանց բարեկեցությունը
Աջակցություն մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտներին. մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնող հաստատությունների ամրապնդում