Ֆինանսական հանցագործությունների արդյունավետ քննությունը երկրի տնտեսական համակարգի կայունությունը ապահովելու հիմնասյունն է, ինչը պահանջում է իրավապահ մարմինների բավարար կարողություններ՝ բարդ ֆինանսական սխեմաները հայտնաբերելու և խափանելու ուղղությամբ։
Ներպետական իրավական համակարգում ֆինանսական հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացման նպատակով Եվրոպային խորհրդի կողմից կազմակերպվել է երկօրյա վերապատրաստման դասընթաց: Դասընթացին մասնակցել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող պաշտոնատար անձինք, ինչպես նաև Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ներկայացուցիչներ։
Դասընթացի շրջանակներում թիրախավորվել են այնպիսի արդիական թեմաներ, ինչպիսիք են Ֆինանսական հանցագործությունների քննությանը զուգահեռ նախորդող հանցանքի քննության մեթոդները, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքների և բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության կիրառումը ֆինանսական հանցագործությունների բացահայտման համար, ինչպես նաև փողերի լվացման կասկածելի նշանների հայտնաբերումը։
Միջոցառումը նաև ներկայացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունից զատ այլ գործիքների կիրառման հնարավորությունները, ինչպիսիք են օտարերկրյա պետություններից ստացված տեղեկությունները, ներպետական մարմինների և ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից ստացված տվյալները:
Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել փողերի լվացման դեպքերի և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման գործիքներին, իրավապահ համակարգի և այլ մարմինների համագործակցության մեխանիզմներին, հանցագործության արդյունքում ձեռք բերված գույքի օրինականացման շրջանակներում թվային արժույթների օգտագործմանը, ֆինանսական քննության և ակտիվների վերականգնման հարցում միջազգային համագործակցության կարևորությանը:
Եվրոպայի խորհուրդը շարունակում է հանձնառու մնալ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեին, ինչպես նաև այլ ազգային հաստատություններին աջակցմանը` կայուն և շարունակական համագործակցության միջոցով։
Շարունակական համագործակցության, կարողությունների զարգացման և փորձի փոխանակման միջոցով այս գործընկերությունը նպատակ ունի հզորացնելու պետության կարողությունը ֆինանսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարի գործում՝ ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան կայուն բարեփոխումներ։
Այս միջոցառումը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում՝ Եվրոպայի խորհրդի կողմից «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։


