Նկատի ունենալով ոչ ֆինանսական հաստատությունների և դրանց վերահսկող մարմինների կարևոր դերը փողերի լվացման (ՓԼ) և ահաբեկչության ֆինանսավորման (ԱՖ) դեմ պայքարում՝ Եվրոպայի խորհուրդը շարունակաբար նպաստում է ազգային հաստատությունների կարողությունների հզորացմանը։ Կասկածելի գործարքների/գործարար հարաբերությունների հայտնաբերման և հաշվետվության ներկայացման ունակությունների բարելավումը հաշվետվություն տրամադրող անձանց շրջանում կարևոր է տնտեսական հանցագործությունների դեմ ավելի արդյունավետ արձագանք ապահովելու համար։
Այս համատեքստում, մարտի 24-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, Եվրոպայի խորհուրդը Ֆինանսական դիտարկումների կենտրոնի, Արդարադատության նախարարության, Փաստաբանական պալատի և Պետական եկամուտների կոմիտեի հետ սերտ համագործակցությամբ կազմակերպել է երեք վերապատրաստման դասընթաց միտված հաշվետվություն տրամադրող անձանց կողմից միջազգային լավագույն փորձին համահունչ ռիսկահեն մոտեցման կիրարկման կարողությունների զարգացմանը։
Վերապատրաստման շրջանակներում հաշվետվություն տրամադրող անձինք ստացան փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին (ՓԼ/ԱՖ) միտված կարգավորումներին համապատասխանությունը բարելավելուն ուղղված գործնական գիտելիքներ՝ ամրապնդելով ֆինանսական համակարգը հանցավոր շահագործումից պաշտպանելու գործում իրենց դերակատարումը։ Դասընթացն արդյունավետ հարթակ էր իրավաբանական, անշարժ գույքի և շահումով խաղերի ոլորտները ներկայացնող անձանց և վերջիններիս նկատմամբ վերահսկողություն իրականացնողների միջև տնտեսական հանցագործությունների հայտնաբերման և կանխարգելման գործում առկա խնդիրների շուրջ քննարկումների համար։
Ծավալուն քննարկումները հնարավորություն էին բացահայտելու ներպետական կառույցների հանձնառությունը՝ ամրապնդելու Հայաստանի ՓԼ/ԱՖ համակարգը և ուժեղացնելու տնտեսական հանցագործությունների դեմ պայքարում պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցությունը՝ միջազգային չափանիշներին և Եվրոպայի խորհրդի Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջոցառումները գնահատող փորձագետների կոմիտեի (ՄՈՆԻՎԱԼ) առաջարկություններին համապատասխան։
Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող Եվրոպական միության/Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» (ԳԼԿ) համատեղ ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում Եվրոպայի խորհրդի կողմից «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։
