Եվրոպայի խորհուրդը, միանալով ՀՀ արդարադատության նախարարության ջանքերին, շարունական աջակցություն է ցուցաբերում ազդարարման համակարգի խթանմանն ուղղված իրազեկման միջոցառմների շրջանակներում։ Իրազեկման արշավի մեկնարկն ազդարարվեց 2023 թվականի նոյեմբերի 29-ին տեղին ունեցած պաշտոնական միջոցառմամբ։
Եվրոպայի խորհուրդը շարունակում է սերտորեն համագործակցել ազգային իշխանությունների հետ՝ աջակցելով ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված ծրագրով նախատեսված մի շարք միջոցառումների իրականացմանը, որոնք ուղղված են գործող համակարգի և ազդարարմանը վերաբերող օրենսդրական դաշտի լավարկմանը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ պարոն Մաքսիմ Լոնգանգեն, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար պարոն Յան Պլեզինգերը։
Միջոցառումը հարթակ ստեղծեց ազդարարման համակարգին վերաբերող իրավական դաշտի շուրջ քննարկման համար: ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակիցների հետ քննարկեցին «Ազդարարման համակարգի վերաբերյալ» ՀՀ օրենքում նախանշված և ազդարարների պաշտպանությանը վերաբերող գործող կառուցակարգերը:
Եվրոպայի խորհրդի փորձագետի կողմից ներկայացվեցին ազդարարների պաշտպանության առնչությամբ առկա միջազգային լավագույն փորձն ու չափորոշիչները՝ ընդգծելով սահմանված դրույթների գործնական կիրառման կարևորությունը։ Այս համատեքստում անդրադարձ կատարվեց նաև ազդարարման համակարգին վերաբերող ներպետական կարգավորումների բարելավման ուղղություններին։
Ծրագիրը նպատակ ունի հետագայում աջակցել ՀՀ արդարադատության նախարարությանը, քաղաքացիական հասարակությանը և այլ շահագրգիռ մարմիններին՝ ազդարարման ոլորտում միջազգային չափանիշների, ինչպես նաև ազդարարողներին հաշվեհարդարից զերծ պահելուն ուղղված գործուն կառուցակարգերի ներդրման ուղղությամբ։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է տրամադրել խորհրդատվություն ազդարարման ոլորտում ՀՀ օրենսդրական դաշտը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի իրավական չափանիշներին համապատասխան բարելավելու նպատակով:
Հիմք ընդունելով ազգային շահագրգիռ մարմինների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել ՀՀ իշխանություններին կոռուպցիայի կանխարգելման ազգային համակարգն ավելի արդյունավետ դարձնելու գործում։
Այս միջոցառումը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում՝ Եվրոպայի խորհրդի կողմից «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման եվ դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։
