Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում, ինչպես նաև Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության հիմնադրման 108-ամյակի կապակցությամբ, 2026 թվականի հուլիսի 1-ին և 2-ին Երևանում մեկնարկել է «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով. քրեական հետապնդում, գույքի վերականգնում և բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում» խորագրով բարձրաստիճան միջազգային երկօրյա համաժողովը։
Հիմնվելով 2023–2025 թվականներին կազմակերպված դատախազների բարձրաստիճան համաժողովների հաջողության վրա՝ Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի ստեղծումը կարևոր քայլ դարձավ դեպի կոռուպցիայի նկատմամբ առավել դիմակայուն համակարգի ձևավորման ճանապարհին։
Ավելի քան տասը երկրներից ժամանած դատախազների, արդարադատության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների և միջազգային փորձագետների համախմբած համաժողովին ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ինչպես նաև գործադիր և դատական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Ընդգծելով տարածաշրջանային և եվրոպական երկխոսության կարևորությունը՝ համաժողովին մասնակցում էին Լիտվայի գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեն, Էստոնիայի գլխավոր դատախազ Աստրիդ Ասին և Լատվիայի գլխավոր դատախազ Արմինս Մեյստերսը։ Համաժողովին մասնակցում էին նաև Ավստրիայի, Շվեյցարիայի, Ռումինիայի, Իտալիայի և Լեհաստանի պատվիրակությունները։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշեց, որ դատախազների համար հարթակի ստեղծման շնորհիվ Հայաստանը հասել է նշանակալի արդյունքների՝ միաժամանակ ընդլայնելով համագործակցությունն ու փորձի փոխանակումը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նշեց, որ Եվրոպական միությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ իր համագործակցությունը արդարադատության բարեփոխումների և իրավունքի գերակայության ոլորտներում՝ ընդգծելով Հայաստանի վերջին ջանքերը՝ արդիականացնելու իրավական և ինստիտուցիոնալ համակարգը, բարելավելու իրավապահ մարմինների և դատախազության արդյունավետությունը, ինչպես նաև համապատասխանեցնելու այն եվրոպական չափանիշներին։
Եվրոպայի խորհրդի անվտանգության, բարեվարքության և իրավունքի գերակայության տնօրեն Հաննա Յունկերը բարձր գնահատեց Հայաստանի իրականացրած նշանակալի բարեփոխումները՝ ուղղված հակակոռուպցիոն և փողերի լվացման դեմ համակարգերի ամրապնդմանը, որոնք արտացոլված են ԳՐԵԿՈ և ՄՈՆԻՎԱԼ հանձնախմբերի գնահատականներում, այդ թվում՝ ՄՈՆԻՎԱԼ-ի վերջին 6-րդ փուլի գնահատման արդյունքներում։ Կարևորվեց հետագա ինստիտուցիոնալ ամրապնդումը և ընդգծվեց կայուն քաղաքական աջակցության կարևորությունը՝ շարունակական առաջընթաց ապահովելու համար։
Երկօրյա համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկեցին ֆինանսական հանցագործությունների քննության և քրեական հետապնդման, ապօրինի ծագում ունեցող ակտիվների հայտնաբերման, սառեցման, կառավարման և բռնագանձման, ինչպես նաև զոհակենտրոն արդարադատության հետ կապված հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել ծանր ֆինանսական հանցագործություններին, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառմամբ կատարվող խարդախություններին, կրիպտոակտիվների միջոցով իրականացվող հանցավոր սխեմաներին, ինչպես նաև փողերի լվացման և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների արդյունավետ հայտնաբերման և քննության մեխանիզմներին։ Քննարկումները ներառել են նաև ապօրինի ծագում ունեցող ակտիվների կառավարման արդյունավետ մոդելները, ապօրինի ձեռք բերված գույքի վերաբերյալ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի նախադեպային իրավունքը, ինչպես նաև հանցագործությունների զոհերի իրավունքների և շահերի պաշտպանության ոլորտում միջազգային լավագույն փորձը։
Կարևոր է արձանագրել նաև, որ Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակներում անցկացվել է հատուկ զուգահեռ միջոցառում՝ նվիրված Վարշավայի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությանը։ Նիստի ընթացքում քննարկվել է արձանագրության նշանակությունը դատախազական պրակտիկայի համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով դրա իրավական և գործառնական բաղադրիչներին։
Համաժողովի ամփոփմամբ մասնակիցների միջև ձևավորվեց հստակ համաձայնություն՝ նման ձևաչափի երկխոսության հավելյալ արժեքի վերաբերյալ, որը նպաստում է մասնագիտական կապերի և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում անդամ պետությունների կարողությունների զարգացմանը։
Այս միջոցառումը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում՝ Եվրոպայի խորհրդի կողմից «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։










2001 թվականի հունվարի 25-ին Հայաստանի Հանրապետությունը միացավ Եվրոպայի խորհրդին որպես նրա լիիրավ անդամ պետություն։