Եվրոպայում, մինչև Covid-19 համաճարակը, մարդկանց գրեթե 40%-ը չուներ թվային տարածքներ և ծառայություններ մուտք գործելու համար անհրաժեշտ հմտություններ14։ Նման բացը մեծացնում է ժամանակին և անհրաժեշտ բուժօգնություն ստանալու հարցում խոցելիությունը: Այն նաև մեծացնում է առողջության վրա տարբեր անբարենպաստ գործոնների ազդեցությունը, ինչպիսիք են դեպրեսիան և միայնությունը: Covid-19 համաճարակի ժամանակ այս խոցելիությունը մեծացավ, հատկապես տարեց մարդկանց շրջանում, ինչը տարբեր երկրներում հանգեցրեց պատվաստանյութերի հասանելիության հարցում անհավասարության:
Covid-19 համաճարակը ցույց տվեց թվային հարթակների հավասար հասանելիության կարևորությունը։ Թվային տեխնոլոգիաները, մասնավորապես՝ բջջային հեռախոսները, հնարավորություն են տվել կազմակերպել կոնտակտների արագ հետևումը, ախտանիշների ստուգումը, առցանց առողջապահական խնամքի որոնումը և ստացումը (օրինակ՝ հեռաբժշկություն, առցանց դեղատոմսեր) և զարգացնել հանրային հաղորդակցությունն ու կրթությունը: Ինքնամեկուսացման մեջ գտնվող միլիարդավոր մարդկանց պայմաններում թվային միջավայրերը հնարավորություն տվեցին մշտապես օգտվել հավաստի և թարմացվող տեղեկատվությունից, այդ թվում՝ ինքնասպասարկման ուղեցույցներից և առողջապահական ծառայություններից: Դրանք մարդկանց համար միմյանց հետ կապվելու կենսական միջոց էին, նվազագույնի հասցնելով վարակիչ հիվանդությունների ենթարկվելու վտանգը:
Թվային հասանելիություն տարեցների համար
Covid-19 համաճարակի ժամանակ շատ տարեցներ որպես վիրուսի և պաշտպանիչ միջոցների մասին տեղեկատվության հիմնական աղբյուր դեռևս ապավինում էին ավանդական մեդիային՝ հեռուստատեսությանը և թերթերին: Դրանք հասանելի էին գրեթե բոլորի համար, մինչդեռ էլեկտրոնային տեղեկատվությունը հասանելի էր մարդկանց կեսից պակասին: Կարևոր է առցանց տեղեկատվության հասանելիությանը զուգահեռ ապահովել համապատասխան անցանց տեղեկատվության հասանելիությունը:
Կրթության սահմանափակ մակարդակ ունեցողները, նրանք ովքեր ապրում են միայնակ, զրկված են սոցիալական աջակցությունից կամ ունեն կոգնիտիվ խանգարումներ, թվային տարածքներ մուտք գործելիս ավելի մեծ դժվարություններ են ունենում: Տարեց մարդիկ (85 տարեկանից բարձր) ավելի քիչ հավանականությամբ են օգտվում թվային սարքերից և թվային տեղեկատվությունից:
Միջնորդություն գնչուների համար՝ Լատվիա
Covid-19 համաճարակը զգալիորեն մեծացրել է գնչու ծնողների և երեխաների առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև գնչու ընտանիքների և համայնքային կառույցների միջև հաղորդակցությունն ու երկխոսությունը:
2020 թվականի մարտին Մշակույթի նախարարությունը թարմացրել է իր ուղեցույցը գնչու միջնորդների համար՝ հակայնքային մակարդակում գնչուների միջնորդության ծառայություններ մատուցելու համար: Ուղեցույցները նախատեսում են գնչու ընտանիքներին կանոնավոր տեղեկատվության տրամադրում Covid-19 վիրուսի կանխարգելման միջոցառումների վերաբերյալ: 2021 թվականի փետրվարին գնչուների միջնորդական ծառայությունների համար տրամադրվեց լրացուցիչ ֆինանսական աջակցություն՝ հաղթահարելու Covid-19 համաճարակի հետ կապված սահմանափակումները և հետևելու պրոֆիլակտիկ միջոցներին:
Օնլայն ուսուցման մատչելիություն գնչու երեխաների համար՝ Հունաստան
Covid-19 սահմանափակումների շրջանակում դպրոցական բոլոր ծառայությունները դադարեցնելու նախարարի որոշումից հետո որոշվեց աջակցել տարրական և միջնակարգ դպրոց հաճախող գնչու աշակերտներին: Կրթության և կրոնի հարցերի նախարարության օգնությամբ գնչու աշակերտների համար ապահովվեց կրթության հավասար հասանելիություն և հեռավար ուսուցման հնարավորություն՝ նրանց տրամադրելով 200 եվրո արժողությամբ վաուչեր՝ սարքավորումներ (պլանշետ, նոութբուք, սեղանադիր համակարգիչ) ձեռք բերելու համար: Վաուչերը տրվում էր՝ ելնելով ընտանիքի ցածր եկամուտից (մինչև 6000 եվրո) և սոցիալական չափանիշներից, ինչի արդյունքում աջակցություն ցուցաբերվեց 325 000 ընտանիքների 4-ից 24 տարեկան 560 000 երեխաներին և երիտասարդներին: