Back Մարդու իրավունքների եվրոպական դատարանի չափանիշները ձևավորում են Հայաստանի` արտահանձնման պրակտիկան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի չափանիշները ձևավորում են Հայաստանի` արտահանձնման պրակտիկան

Արտահանձնման հարցումների քննությունը դատարաններից պահանջում է հավասարակշռել երկու հիմնարար պարտականություն՝ աջակցել հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցությանը և միաժամանակ երաշխավորել, որ որևէ անձ չարտահանձնվի այնպիսի երկիր, որտեղ նրան կարող են սպառնալ խոշտանգումներ, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք, կամ անարդար դատաքննություն։

Այս համատեքստում ներպետական դատարանները, մասնավորապես Վճռաբեկ դատարանը, պետք է իրականացնեն նման գործերի մանրակրկիտ և անհատականացված գնահատում։ Այս մարտահրավերներն առավել արդիական են դառնում, քանի որ արտահանձնման հարցումների թիվը շարունակում է աճել, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող պետություններից։

Ներպետական մարմիններին աջակցելու նպատակով մարտի 18-ին կազմակերպվել էր աշխատաժողով, որը համատեղ հարթակ էր ստեղծել Վճռաբեկ դատարանի դատավորների և փորձագետների, Գլխավոր դատախազության ներկայացուցիչների, ինչպես նաև Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների համար։ Մասնակիցները Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության ներկայացուցիչների ու Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետների հետ միասին քննարկեցին իրավական և գործնական մարտահրավերները, ինչպես նաև մարդու իրավունքների եվրոպական չափանիշների արդյունավետ կիրառումն ապահովելու ուղիները:

Բացման խոսքում Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն իր երախտագիտությունը հայտնեց ազգային գործընկերներին՝ սերտ համագործակցության և նվիրվածության համար։ Նա ընդգծեց. «Աշխատաժողովը տևական կարողություններ ձևավորելու գործընթացում ավելի լայն ջանքերի մի մասն է։ Անկասկած, պետական հաստատությունների միջև ամուր մասնագիտական ​​երկխոսությունը կարևոր է նոր առաջացող մարտահրավերներին արձագանքելու և իրավական պրակտիկայի հետևողականությունը ապահովելու համար»։

Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպայի խորհրդին աշխատաժողովի նախաձեռնության համար և նշեց, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը համապարփակ փոխգործակցություն է ծավալում Եվրոպայի խորհրդի կառույցների հետ` կարևորելով Եվրոպայի խորհրդի առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության ապահովման,  ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում։ Նա հավելեց․ «Միջոցառման օրակարգում ընդգրկված հարցերը թիրախային են, որոնց վերաբերյալ քննարկումներն առանցքային նշանակություն ունեցող մի շարք ոլորտներում կնպաստեն միջազգային առաջադեմ չափանիշների արդյունավետ կենսագործմանը»։

Իր խոսքում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ողջունեց միջոցառման կազմակերպումը նման հետաքրքիր համագործակցության ձևաչափով և նշեց. «Շատ կարևոր է քննարկել արտահանձնման գործնական կիրառման առանձնահատկությունները, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և միջգերատեսչական համագործակցության համատեքստում»։

Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման շարունակական աջակցություն» ծրագրի կողմից, որն իրականցվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ․ Գործողությունների ծրագրի շրջանակներում։

 

 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 18 ՄԱՐՏԻ, 2026թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
Ո՞րն է ծրագրի նպատակը

Ծրագիրը Եվրոպայի խորհրդի շարունակական ջանքերի մասն է՝ ուղղված աջակցելու Հայաստանին մարդու իրավունքների եվրոպական չափանիշների արդյունավետ կիրառման գործում՝ հատուկ ուշադրություն դարձնելով դատական վարույթների չափազանց երկարատևության, ներպետական դատարանների վճիռները չկատարելու կամ ուշ կատարելու խնդիրներին, մինչդատական փուլում արդյունավետ դատական վերահսկողությանը, հավաքների ազատության իրավունքին, վատ վերաբերմունքի և կյանքից զրկելու ենթադրյալ դեպքերի արդյունավետ քննությանը։

Եվրոպայի խորհրդի` Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թթ․ ծրագիրը հստակ ընդգծում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) արդյունավետ կիրառման կարևորությունը, ինչպես նաև ներպետական մակարդակում ՄԻԵԿ կառուցակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործողությունների անհրաժեշտությունը: 

 Սկիզբը՝ 2023 թ․ հունվար

 Տևողությունը՝ 36 ամիս

 Ֆինանսավորում ` 800,000 եվրո,  Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրին աջակցող դոնորներ և Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամ

Կոնտակտային անձ՝ Գայանե Հովհաննիսյան, ծրագրի ավագ պատասխանատու

Ովքե՞ր են ծրագրի շահառուները
  • Արդարադատության նախարարություն
  • Վճռաբեկ դատարան
  • Բարձրագույն դատական խորհուրդ
  • Գլխավոր դատախազություն
  • Ներքին գործերի նախարարություն
  • լայն հասարակություն
Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը

զգային գործընկերների հետ հաստատված կառուցողական համագործակցությունը հիմք ընդունելով՝ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել նրանց կարողությունների զարգացմանը՝ փորձագիտական կարծիքների, աշխատաժողովների, սեմինարների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) առանցքային նախադեպային իրավունքին նվիրված վերապատրաստման դասընթացների, ինչպես նաև համապատասխան ուսումնական այցերի միջոցով։ Արդյունքում վերը նշված կառույցները կկարողանան արդյունավետ դերակատարում ունենալ Հայաստանի դեմ ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացում, և ներպետական մակարդակում ՄԻԵԴ նախադեպային իրավունքը կկիրառվի միատեսակ կերպով:

Ի՞նչ արդյունքի ենք ակնկալում հասնել
  • Մինչդատական փուլում արդյունավետ դատական վերահսկողությանը, վատ վերաբերմունքի և կյանքից զրկելու ենթադրյալ դեպքերի, ինչպես նաև հավաքների ազատության իրավունքին առնչվող գործերի արդյունավետ քննությանը վերաբերող ներպետական օրենսդրությունը և պրակտիկան կբարելավվեն և կհամապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին:
  • Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության մասին օրենսդրությունը կբարելավվի, որպեսզի համապատասխան իրավական կառուցակարգ և երաշխիքներ ապահովվեն՝ բացառելու ներպետական դատարանների վճիռների չկատարումը կամ ուշ կատարումը:
  • ՄԻԵԴ վճիռների կատարման վերահսկմանն ուղղված իշխանությունների ջանքերը կբարելավվեն և ավելի համակարգված կլինեն: