Back Միջազգային համաժողով․ դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում

Միջազգային համաժողով․ դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում

2025 թ․ հուլիսի 1-2-ին Դիլիջանում կայացած բարձրաստիճան միջազգային համաժողովը նվիրված էր դատախազների անկախության և անաչառության կարևոր թեմային՝ հատկապես պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերի համատեքստում, ինչպիսիք են կոռուպցիան և փողերի լվացումը։

Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից՝ Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության հետ համագործակցությամբ՝ նշելու համար Հայաստանի դատախազության ստեղծման 107-ամյակը և Դատախազության ծառայողի օրը։

Համաժողովը համախմբել էր Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, կառավարության, դատական իշխանության և իրավապահ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներին։ Եվրոպայի խորհուրդը ներկայացված էր Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի, Իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Դանեղյանի, և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Տնտեսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարի վարչության Տնտեսական հանցագործությունների և համագործակցության բաժնի ստորաբաժանման ղեկավար Սերտիչի կողմից։ Եվրոպական միության պատվիրակությունը ներկայացնում էր քաղաքական բաժնի ղեկավարի տեղակալ Տոմաշ Օստրոպոլսկին։

Միջազգային մասնակիցների թվում էին Լիտվայի և Մալթայի գլխավոր դատախազները, ինչպես նաև դատախազներ Ավստրիայից, Հունաստանից, Լեհաստանից և Չեխիայից։ Մասնակցում էին նաև Եվրաջասթի, Դատախազների միջազգային ասոցիացիայի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի խորհրդատվական դատախազների խորհրդի նախկին նախագահ Յանա Զեզուլովան և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։

Համաժողովի բացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց իրավապահ համակարգի դերը խաղաղության, արդարության և բարեկեցության ապահովման գործում։ Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն արձանագրել է՝ կոռուպցիան այն հիմնական պրոբլեմներից է, որը մի քանի ուղղություններով ստեղծում է խնդիրներ ցանկացած իրականության մեջ։ «Կառավարության քաղաքականությունն է՝ ցուցաբերել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի և կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ, և մենք շարունակում ենք հետևողական լինել այդ ճանապարհին» ։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց գործընկերներին իրենց նվիրումի համար՝ ընդգծելով պատասխանատվության և ազնվության նշանակությունը դատախազական աշխատանքում․
«Մենք պատասխանատու ենք ոչ միայն մեր, այլև մեզ շրջապատող, մեզ վստահող մարդկանց համար: Ես ցանկանում եմ, որ պարտքի զգացումով, մեծ պատասխանատվությամբ, ուղիղ մեջքով և պարզ ճակատով իրականացնեք ձեր առաքելությունը»:

 Նա նաև ներկայացրեց գույքի վերականգնման գործընթացում Հայաստանի առաջընթացը։ 2024 թվականի դեկտեմբերից ի վեր պետական միասնական հաշվին է փոխանցվել վերականգնված 17.5 միլիարդ ՀՀ դրամ, ինչը վկայում է թափանցիկության, հաշվետվողականության և օրենքի գերակայության նկատմամբ Հայաստանի հանձնառության մասին։

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների տնօրինության տնօրեն Քլեր Օվիի նախապես ձայնագրված տեսաուղերձում ասվում էր․

«Դատախազների դերը բարդ է, պահանջկոտ և կենսական անհրաժեշտություն ունի։ Ահա թե ինչու գործընկերային փորձի փոխանակման հնարավորությունները, ինչպես, օրինակ, այս համաժողովը, անչափ կարևոր են։ Որքան ամրապնդվում է այս համագործակցությունը, այնքան թուլանում է միջազգային կազմակերպված հանցավորության ազդեցությունը մեր մայրցամաքի վրա»։

ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Թոմաշ Օստրոպոլսկին իր խոսքում վերահաստատեց ԵՄ աջակցությունը․

«Այս բարձրաստիճան խորհրդաժողովը կարևոր հարթակ է ՝ մտորելու առաջնահերթությունների, ձեռք բերված  արդյունքների և հետևությունների մասին։ ԵՄ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի պետական կառույցներին՝ կոռուպցիայի դեմ պայքարում և իրավունքի գերակայության ամրապնդման գործում՝ տրամադրելով ծրագրային և քաղաքականության մշակման աջակցություն ոլորտի հիմնական շահառուներին։ Սա ներառելու է կարողությունների զարգացում դատական համակարգի, դատախազների, քննիչների և փաստաբանների համար։»

Սա Հայաստանի գլխավոր դատախազության, Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության կողմից համատեղ կազմակերպված երրորդ միջազգային համաժողովն էր։ Այն նպատակ ուներ նպաստել դատախազական անկախության ապահովման եվրոպական չափանիշների և լավագույն փորձի քննարկմանը, հատկապես քաղաքական տեսանկյունից զգայուն գործերով, ինչպես նաև խթանել միջազգային համագործակցությունը՝ օրենքի և իրավունքի գերակայության առջև ծառացած մարտահրավերներին համատեղ արձագանքելու համար։

Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրով համաֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» և «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրերի շրջանակում:

 

ԴԻԼԻՋԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 1-2 ՀՈՒԼԻՍԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
Ծրագրի նպատակը

«Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի նպատակն էր ապահովել, որ Հայաստանի քաղաքացիները օգտվեն եվրոպական չափանիշներին համապատասխան իրենց իրավունքներից և հաշվետու ու պրոֆեսիոնալ դատաիրավական համակարգից: Ծրագիրն աջակցում էր Հայաստանի իշխանություններին դատական համակարգի բարեփոխման հետագա արդյունավետ իրականացման հարցում՝ ամրապնդելով վերջինիս անկախությունը, հաշվետվողականությունը և պրոֆեսիոնալիզմը: Այն նաև նպատակ ուներ աջակցել Հայաստանի իշխանություններին՝ ապահովելու քրեական արդարադատության նոր օրենսդրության արդյունավետ կիրառումը մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համապատասխան:

Ծրագիրն իրականացվում էր Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի` «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի երրորդ փուլի շրջանակներում, որը տևելու է 2023 թվականից մինչև 2027 թվականը: Այն հիմնված էր արդարադատության ամրապնդման ոլորտում «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի նախորդ փուլերի արդյունքների վրա (I փուլ՝ 2015-2018 թթ. և II փուլ՝ 2019-2023 թթ.):

Ծրագրի տեվողությունը

Ծրագրի տևողությունն է 2023 թվականի մարտի 1-ից 2026 թվականանի փետրվարի 28։

Ծրագրի բյուջեն

► Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1 430,000 եվրո։
► Ընդհանուր բյուջեն կազմում է 19,3 մլն եվրո (80%-ը ֆինանսավորվում է Եվրոպական միության և 20%-ը՝ Եվրոպայի խորհրդի կողմից)։

Ովքե՞ր են ծրագրի շահառուները
  • Արդարադատության նախարարություն
  • Սահմանադրական դատարան
  • Վճռաբեկ դատարան
  • Դատավորների ընդհանուր ժողով
  • Դատավորների միություն
  • Արդարադատության ակադեմիա
  • Բարձրագույն դատական ​​խորհուրդ
  • Գլխավոր դատախազություն
  • Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
  • Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակ
  • Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ
  • լայն հասարայություն, այդ թվում՝ դատարաններում իրենց իրավունքների պաշտպանություն փնտրող անձինք
Ինչպե՞ս է իրականացվել ծրագիրը

Քաղաքականության/օրենսդրական աջակցության, կարողությունների զարգացման և իրազեկության բարձրացման գործողությունների համակցությամբ:

Արդյունքներ

► Ազգային իշխանությունները տիրապետում են անհրաժեշտ կարողությունների և գործիքների 2022-2026 թվականների դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունն իրականացնելու համար՝ համապատասխան եվրոպական չափանիշներին և լավագույն փորձին

► Ազգային իշխանությունների կողմից դատական անկախության, անկողմնակալության և հաշվետվողականության իրավական կառուցակարգերը և քաղաքականությունը համապատասխանեցվել են Եվրոպայի խորհրդի չափանիշներին

►  Դատական ինքնակառավարման մարմինների և դատարանների կարողություններն ընդլայնվել են պրոֆեսիոնալ, թափանցիկ և հաշվետու գործելու նպատակով

►  Քրեական արդարադատության շահառուների կարողություններն ամրապնդվել են՝ ապահովելու քրեական արդարադատության նոր օրենսդրության արդյունավետ կիրառումը՝ համաձայնեցված քաղաքականության, ինստիտուցիոնալ ու իրավական կառուցակարգերի և կիրառման պրակտիկայի միջոցով

Նյութեր և հրապարակումներ

Հրատարակություններ

 Գենդերային հավասարությունը Հայաստանի դատական համակարգում․ մարտահրավերներ և հնարավորություններ

 Գենդերային ազդեցության գնահատում․ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը և դրանից բխող իրավական ակտերը

 Դատական որոշումների որակի բարելավման վերաբերյալ ձեռնարկ

 Գործնական ուղեցույց հաշտարարության վերաբերյալ

 Վարչարարությունը և Դուք

 Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.01.2021 - 01.07.2022 թվականների որոշումների ընտրանի

Հայաստանի հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եվ վարչական գործերով 01.07.2022 – 31.12.2023 թվականների որոշումների ընտրանի

 Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քրեական պալատի 2021 թվականի որոշումների

 Հայաստանի հանրապետության Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի 2022-2023 թվականների որոշումների ընտրանի

 «Դատավորների արտահայտվելու ազատության մասին» ԵԴԴԽ կարծիք թիվ 25 (2022թ․) (հայերեն տարբերակ)

Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհուրդ (ԵԴզԽԽ) Կարծիքների հավաքածու թիվ 1-18 (2007-2023)

 

«Գործընկերություն հանուն լավ կառավարման» (ԳԼԿ) ծրագիրը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ նախաձեռնությունն է՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանում լավ կառավարումն ամրապնդելու համար:
ԳԼԿ-ն տրամադրում է նպատակային աջակցություն Արևելյան գործընկերության երկրներին՝ մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում իրենց օրենսդրությունն ու պրակտիկան եվրոպական չափանիշներին մոտեցնելու համար: Այն աջակցում է, մասնավորապես, Արևելյան գործընկերության երկրների ներպետական բարեփոխումներին՝ արդարադատության ամրապնդման, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի, հավասարության ապահովման և խտրականության բացառման, կանանց համար արդարադատության հասանելիության խթանման և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի նպատակով: