Back Երբ բժիշկը դառնում է կամուրջ. ավելի մատչելի և ներառական առողջապահական համակարգի զարգացումը Հայաստանում

Երբ բժիշկը դառնում է կամուրջ. ավելի մատչելի և ներառական առողջապահական համակարգի զարգացումը Հայաստանում

Երբ բժշկուհի Մարիամը* լքեց իր տունը և հատեց սահմանը դեպի Հայաստան, նա իր հետ բերեց տասնամյակից ավելի բժշկական փորձ։ Այն, ինչ նրան չէին տվել ո՛չ համակարգը, ո՛չ էլ իր բժշկական կրթությունը, հասկանալն էր թե ինչպես ստեղծել կամուրջ տեղահանության իր սեփական փորձի և նոր առողջապահական միջավայրի սպասումների, ինչպես նաև իր պացիետների կարիքների և բուժման մեթոդների ընտրության մեջ կողմնորոշվելու նրանց կարողության միջև։

Ինչպես շատ փախստական ​​բուժաշխատողներ, Մարիամը նույնպես հայտնվեց երկու աշխարհների միջև՝ բժշկական կրթություն ունենալ՝ բժշկությամբ զբաղվելու համար, միաժամանակ լինել նոր համակարգին քիչ ծանոթ, և կողմնորոշված չլինել, թե ինչպես օգնել պացիենտներին նույնը անել։ Մարիամը միայնակ չէ։ Ամբողջ Եվրոպայում մարդկանց գրեթե կեսը, հատկապես ամենախոցելիները, դժվարանում են գտնել, հասկանալ և կիրառել առողջապահական հիմնական տեղեկատվությունը, ինչը խորացնում է անհավասարությունները և մեծացնում հանրային ծախսերը։

Ի՞նչ է առողջապահական գրագիտությունը

Այն օգտագործվում է որպես եզրույթ՝ նկարագրելու անհատների կարողությունը՝ գտնելու, հասկանալու և կիրառելու առողջապահական տեղեկատվությունը։ Սակայն դրան հասնելու համար մենք պետք է նպաստենք ավելի արդար, դիմացկուն և իրավունքահեն առողջապահական համակարգերի կառուցմանը։ Առողջապահական գրագիտությունը հաճախ ներկայացվում է որպես պացիենտների «խնդիր», որտեղ մարդիկ պետք է փոխվեն և ավելի լավ հասկանան համակարգը։ Բայց ի՞նչ անել, եթե հաստատություններն ու համակարգն են, որոնք պետք է փոխվեն։

Բացակայող օղակը հաղորդակցությունն է

Մտածողության այդ փոփոխությունը Եվրոպայի խորհրդի Գյումրիում անցկացված նախաձեռնության հիմքում է։ Վերջերս Մարիամը միացավ տասնյակ այլ բուժաշխտողների՝ մասնակցելու երկօրյա ինտենսիվ կարողությունների զարգացման աշխատաժողովի, ոչ թե բժշկություն սովորելու, այլ սովորելու, թե ինչպես հզորացնել պացիենտներին՝ մասնակցելու իրենց առողջության վերաբերյալ որոշումների կայացմանը, ինչպես քննարկել կայացված որոշումները և նվազեցնել առողջապահության ոլորտում խարանն ու խտրականությունը։ Աջակցելով փախստական ​​բուժաշխատողներին՝ դառնալու կամուրջներ պետական ​​հաստատությունների և տեղահանված համայնքների միջև, Եվրոպայի խորհուրդը ապահովում է, որ առողջության իրավունքը պատկանում է բոլորին։ Այս նախաձեռնությունը նպաստել է առողջապահական տեղեկատվության և ծառայությունների ավելի լավ հասանելիությանը և արձագանքել խոցելի խմբերի, այդ թվում՝ միգրանտների և փախստականների կարիքներին։

Դերային խաղերի, ուղղորդվող բանավեճերի և իրական դեպքերի սցենարների միջոցով մասնակիցները կիրառեցին այնպիսի հմտություններ, որոնք ոչ հաճախ են հանդիպում բժշկական վերապատրաստումներում՝ ինչպես անել որ պացիենտներն ապահով զգան, հարգանքի և հասկացվածության զգացում ունենան բուժաշխատողին դիմելու առաջին իսկ պահից, ինչպես բացատրել ախտորոշումը, որպեսզի այն իրականում հասկանալի լինի, ինչպես աջակցել պացիենտին սեփական բուժման վերաբերյալ իրազեկված որոշում կայացնելու հարցում, և ինչպես ապահովել, որ ծառայությունները, այդ թվում՝ թվային, հասանելի լինեն բոլորի, այդ թվում՝ խոցելի խմբերի համար։

Համակարգ, որը հաղորդակցության մեջ է մարդկանց հետ

Արդյունքները արդեն սկսում են երևալ։ Մասնակիցները հեռացան ոչ միայն նոր գործիքներով, այլև իրենց դերի մասին այլ կերպ պատկերացում ունենալով։ «Մենք իմացանք, որ առողջապահական գրագիտությունը երկկողմանի «փողոց» է»», - ասում է Մարիամը։ «Հաստատությունները սովորաբար ակնկալում են, որ հանրությունը հասկանա իրենց։ Բայց մենք ենք, որ պետք է օգնենք նրանց հասկանալ համակարգը։ Երբ պացիենտը դուրս է գալիս կլինիկայից՝ իսկապես հասկանալով իր բուժումը, նա ոչ միայն ավելի առողջ է դառնում, այլև նորից սկսում է վստահել համակարգին»։

Հայաստանը աշխատում է ամրապնդել առողջապահական հաստատությունների և իրենց սպասարկած մարդկանց միջև հարաբերությունները և ապահովել, որ առողջապահության հասանելիությունը չորոշվի նրանով, թե որտեղ է մարդը ծնվել, ինչ լեզվով է խոսում կամ ինչպիսին է եղել նրա ճանապարհը դեպի Հայաստան։

Եվրոպայի խորհրդի աշխատանքն այս ոլորտում առաջնորդվում է Եվրոպական սոցիալական խարտիայով և Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին կոնվենցիայով (Օվիեդոյի կոնվենցիա) և հիմնված է Եվրոպայի խորհրդի առողջապահական գրագիտության ուղեցույցի և «Ստիգման և խտրականությունը նվազեցնելու համար՝ առողջապահական գրագիտության և մարդու իրավունքների խթանման մասին» զեկույցի վրա։

Ինչպես Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն ընդգծել է Առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ իր ելույթում. «Բժշկական օգնության հավասար հասանելիությունը ամրապնդելու, առողջապահական գրագիտությունը խթանելու և մարդկային արժանապատվությունը պաշտպանելու միջոցով մենք ամրապնդում ենք դիմացկուն, ներառական և կայուն համայնքների հիմքերը։ Առողջության իրավունքի պաշտպանումը մեզ միավորող ժողովրդավարական արժեքների պաշտպանումն է։»:

Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի՝ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ III» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակում։

*Անունը փոխվել է գաղտնիության համար

 


 

GYUMRI, ARMENIA 26-27 JUNE, 2026
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
Ո՞րն է ծրագրի նպատակը

Հիմնվելով Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ․ և 2023-2026թթ․ ծրագրերի շրջանակներում իրականացված «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության ոլորտում» ծրագրի առաջին երկու փուլերի արդյունավետ իրականացման արդյունքում գրանցված ձեռքբերումների վրա՝ ծրագրի այս փուլում նախատեսվում է շարունակել աջակցություն տրամադրել Հայաստանի կառավարությանը՝ կենսաբժշկության և առողջապահության ոլորտի ազգային օրենսդրությունը եվրոպական չափանիշներին ներդաշնակեցնելու ուղղությամբ, որոնք ամրագրված են Եվրոպայի խորհրդի՝ Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին կոնվենցիով՝ հայտնի որպես Օվիեդոյի կոնվենցիա, և որը կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող միակ միջազգային փաստաթուղթն է։

Եվրոպայի խորհրդի և Հայաստանի կառավարության միջև արդյունավետ համագործակցության արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 2024թ․ մայիսին ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան և պատրաստվելով այն նաև վավերացնել՝ արտահայտել իր հանձնառությունը կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

Ծրագրի նախորդ երկու փուլերի իրականացման ընթացքում ձեռք բերված արդյունքներից և քաղված դասերից ելնելով՝ այս Ծրագիրն աջակցություն կտրամադրի քաղաքականության մշակման և իրականացման մակարդակում՝ աջակցելով կառավարությանը իրականացնելու առողջապահության ոլորտում բարեփոխումները։ Ծրագիրը մասնավորապես նպատակաուղղված է.

  • Աջակցել կառավարության՝ կենսաբժշկական ոլորտում իրավական դաշտը եվրոպական չափանիշներին և մասնավորապես Օվիեդոյի կոնվենցիայով սահմանված չափանիշներին համապատասխանեցնելու ջանքերին;
  • Աջակցել բուժաշխատողներին և իրավաբաններին Օվիեդոյի կոնվենցիայով ամրագրված չափանիշներին առավել համապատասխան պրակտիկաներ և ինստիտուցիոնալ մեխանիզմներ կիրառելու ուղղությամբ;
  • Խթանել պացիենտակենտրոն մոտեցումը առողջապահության ոլորտում;
  • Խթանել առողջապահական հարցերի շուրջ հանրային երկխոսությունը;
  • Աջակցել Ղարաբաղի բուժաշխատողների՝ Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգին ինտեգրմանը:

Որպես Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների համալիր փաթեթի բաղկացուցիչ մաս` ծրագիրը կշարունակի աջակցել ՀՀ կառավարության ջանքերին՝ Ղարաբաղի բուժաշխատողներին Հայաստանի առողջապահական համակարգում ինտեգրելու հարցում։

 Սկիզբ՝ 1 հունվարի 2025 թ․

 Տևողություն՝ 24 ամիս

 Ֆինանսավորում՝ 600,000 եվրո, Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրին աջակցող դոնորներ

Կոնտակտային անձ՝ Մերի Կատվալյան, Ծրագրի ավագ պատասխանատու

Ովքե՞ր են ծրագրի շահառուները
  • ՀՀ առողջապահության նախարարություն
  • ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
  • ՀՀ ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով
  • ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողով
  • ՀՀ արդարադատության նախարարություն
  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
  • ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտ
  • Երևանի պետական բժշկական համալսարան
  • լայն հասարակություն
Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը

Համագործակցության ծրագիրն իրականացվում է Եվրոպայի Խորհրդի կողմից Հայաստանի համար 2023-2026թթ․ գործողությունների ծրագրով կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության համար սահմանված առաջնահերթություններին համահունչ։ Ինչպես նշված է Գործողությունների ծրագրում՝ Հայաստանի կառավարությունը Եվրոպայի խորհրդի հետ միասին կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունն ամրապնդման հարցը ճանաչել են իրենց առաջնահերթություններից մեկը։

Ի՞նչ արդյունքի ենք ակնկալում հասնել
  • Գործող օրենսդրական նորմերն ու իրավակիրառ գործընթացները համապատասխանեցված են Օվիեդոյի կոնվենցիայում ամրագրված սկզբունքներին:
  • Բարձրացել է կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը:
  • Բարելավվել է առողջապահական թեմաներով հանրային  երկխոսության մակարդակը։
  • Հայաստանը ավելի պատրաստված է Օվիեդոյի կոնվենցայի հնարավոր հետագա վավերացմանը:
Տեսանյութեր

Օվիեդոյի կոնվենցիան պաշտպանում է մարդու իրավունքները կենսաբժշկության ոլորտում

 

Հայաստան. Օվիեդոյի կոնվենցիա

 

Հարցազրույց առողջապահության մասնագետների էթիկայի հանձնաժողովի նախագահի հետ

 

Օվիեդոյի կոնվենցիայի վավերացումը Հայաստանի կողմից