Հայաստանի կողմից Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին Օվիեդոյի կոնվենցիայի վավերացման միջոցառումների շրջանակում Եվրոպայի խորհուրդը նոյեմբերի 29-30-ին Դիլիջանում կազմակերպեց կարողությունների զարգացման երկօրյա թիրախային աշխատաժողով լրատվամիջոցների ներկայացուցիչների համար՝ կոնվենցիայով ամրագրված մարդու իրավունքների և էթիկական չափանիշների վերաբերյալ իրենց գիտելիքները ամրապնդելու նպատակով։
Լրագրողների դերն առանցքային է՝ հանրությանը առողջապահական ճշգրիտ տեղեկություն հասցնելու և առողջապահական համակարգի նկատմամբ վստահություն ձևավորելու գործում։
Միջոցառման նպատակն էր ոչ միայն ամրապնդել լրագրողների ըմբռնումը առողջապահության ոլորտում իրավունքահեն մոտեցումների վերաբերյալ, այլ նաև պրակտիկ հմտություններ ապահովել։ Լրագրողները ներգրավված էին տարբեր սցենարային գործնական առաջադրանքների, ինչպես նաև Օվիեդոյի կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների կարևորության վերաբերյալ բանավեճի սիմուլյացիայի մեջ, որոնց նպատակն էր գնահատել լրագրողների ընկալումը՝ առողջապահության ոլորտում առկա տարբեր էթիկական դիլեմաների վերաբերյալ։
Լրագրողները հնարավորություն են ունեցել ոլորտի առաջատար մասնագետներից ստանալ տեղեկություն և ընդլայնել իրենց գիտելիքները Օվիեդոյի կոնվենցիայով նախատեսված իրավունքների և ազատությունների վերաբերյալ, այդ թվում՝ իրազեկված համաձայնության, բժշկական գաղտնիքի և գաղտնիության սկզբունքների, ինչպես նաև առողջապահության ոլորտում արհեստական բանականության կիրառման վերաբերյալ։
Թիրախային այս աշխատաժողովի արդյունքում լրագրողներն ավելի իրազեկ են առողջապահության ոլորտում իրավունքահեն մոտեցումների վերաբերյալ, ինչը կօգնի նրանց լուսաբանել ոլորտը՝ առանց խախտելու պացիենտների կամ բժիշկների իրավունքները, ինչպես նաև հնարավորություն կտա նրանց խթանել այդ մոտեցումներն ու սկզբունքները լայն բնակչության շրջանում՝ այդպիսով բարձրացնելով առողջապահական գրագիտության մակարդակը Հայաստանում։
Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի՝ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ III» ծրագրի շրջանակում, որը մաս է կազմում Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի։


