Ո՞րն է ծրագրի նպատակը

Հիմնվելով Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ․ և 2023-2026թթ․ ծրագրերի շրջանակներում իրականացված «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության ոլորտում» ծրագրի առաջին երկու փուլերի արդյունավետ իրականացման արդյունքում գրանցված ձեռքբերումների վրա՝ ծրագրի այս փուլում նախատեսվում է շարունակել աջակցություն տրամադրել Հայաստանի կառավարությանը՝ կենսաբժշկության և առողջապահության ոլորտի ազգային օրենսդրությունը եվրոպական չափանիշներին ներդաշնակեցնելու ուղղությամբ, որոնք ամրագրված են Եվրոպայի խորհրդի՝ Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին կոնվենցիով՝ հայտնի որպես Օվիեդոյի կոնվենցիա, և որը կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող միակ միջազգային փաստաթուղթն է։

Եվրոպայի խորհրդի և Հայաստանի կառավարության միջև արդյունավետ համագործակցության արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 2024թ․ մայիսին ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան և պատրաստվելով այն նաև վավերացնել՝ արտահայտել իր հանձնառությունը կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

Ծրագրի նախորդ երկու փուլերի իրականացման ընթացքում ձեռք բերված արդյունքներից և քաղված դասերից ելնելով՝ այս Ծրագիրն աջակցություն կտրամադրի քաղաքականության մշակման և իրականացման մակարդակում՝ աջակցելով կառավարությանը իրականացնելու առողջապահության ոլորտում բարեփոխումները։ Ծրագիրը մասնավորապես նպատակաուղղված է.

  • Աջակցել կառավարության՝ կենսաբժշկական ոլորտում իրավական դաշտը եվրոպական չափանիշներին և մասնավորապես Օվիեդոյի կոնվենցիայով սահմանված չափանիշներին համապատասխանեցնելու ջանքերին;
  • Աջակցել բուժաշխատողներին և իրավաբաններին Օվիեդոյի կոնվենցիայով ամրագրված չափանիշներին առավել համապատասխան պրակտիկաներ և ինստիտուցիոնալ մեխանիզմներ կիրառելու ուղղությամբ;
  • Խթանել պացիենտակենտրոն մոտեցումը առողջապահության ոլորտում;
  • Խթանել առողջապահական հարցերի շուրջ հանրային երկխոսությունը;
  • Աջակցել Ղարաբաղի բուժաշխատողների՝ Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգին ինտեգրմանը:

Որպես Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների համալիր փաթեթի բաղկացուցիչ մաս` ծրագիրը կշարունակի աջակցել ՀՀ կառավարության ջանքերին՝ Ղարաբաղի բուժաշխատողներին Հայաստանի առողջապահական համակարգում ինտեգրելու հարցում։

 Սկիզբ՝ 1 հունվարի 2025 թ․

 Տևողություն՝ 24 ամիս

 Ֆինանսավորում՝ 600,000 եվրո, Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրին աջակցող դոնորներ

Կոնտակտային անձ՝ Մերի Կատվալյան, Ծրագրի ավագ պատասխանատու

Ովքե՞ր են ծրագրի շահառուները
  • ՀՀ առողջապահության նախարարություն
  • ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
  • ՀՀ ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով
  • ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողով
  • ՀՀ արդարադատության նախարարություն
  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
  • ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտ
  • Երևանի պետական բժշկական համալսարան
  • լայն հասարակություն
Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը

Համագործակցության ծրագիրն իրականացվում է Եվրոպայի Խորհրդի կողմից Հայաստանի համար 2023-2026թթ․ գործողությունների ծրագրով կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության համար սահմանված առաջնահերթություններին համահունչ։ Ինչպես նշված է Գործողությունների ծրագրում՝ Հայաստանի կառավարությունը Եվրոպայի խորհրդի հետ միասին կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունն ամրապնդման հարցը ճանաչել են իրենց առաջնահերթություններից մեկը։

Ի՞նչ արդյունքի ենք ակնկալում հասնել
  • Գործող օրենսդրական նորմերն ու իրավակիրառ գործընթացները համապատասխանեցված են Օվիեդոյի կոնվենցիայում ամրագրված սկզբունքներին:
  • Բարձրացել է կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը:
  • Բարելավվել է առողջապահական թեմաներով հանրային  երկխոսության մակարդակը։
  • Հայաստանը ավելի պատրաստված է Օվիեդոյի կոնվենցայի հնարավոր հետագա վավերացմանը:
Տեսանյութեր

Օվիեդոյի կոնվենցիան պաշտպանում է մարդու իրավունքները կենսաբժշկության ոլորտում

 

Հայաստան. Օվիեդոյի կոնվենցիա

 

Հարցազրույց առողջապահության մասնագետների էթիկայի հանձնաժողովի նախագահի հետ

 

Օվիեդոյի կոնվենցիայի վավերացումը Հայաստանի կողմից