Back Օմբուդսմանական եւ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. դիմակայունություն եւ մարտահրավերներ

Օմբուդսմանական եւ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. դիմակայունություն եւ մարտահրավերներ

Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպայի խորհրդի ուղենիշային գործիքակազմերին։

Սույն թվականի հոկտեմբերի 21-22-ին տեղի ունեցավ բարձր մակարդակի խորհրդաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի 20-րդ տարեդարձին։ Խորհրդաժողովը ընդգծեց Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի և Հայաստանի Հանրապետության իշխանությունների միջև հաջող համագործակցությունը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանի Հանրապետության վարչապետը, նախագահը և Ազգային ժողովի նախագահը։ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Պիտի արձանագրեմ, որ ժողովրդավարությամբ առաջնորդվող Կառավարության համար այդ ինստիտուտի անկախությունը չի կարող կարևոր չլինել մի պարզ պատճառով, որ երբեմն Կառավարությունը, կառավարող թիմը, գործադիր մարմինները, տարբեր մարմիններ կարող են շատ նրբություններ չնկատել, շատ նրբությունների ուղղակի չտալ այնպիսի կարևորություն, ինչպիսի կարևորություն նրանք իրականում ունեն աշխատասենյակներից և պաշտոնական օրակարգերից դուրս։»

Խորհրդաժողովին մասնակցել է ավելի քան 100 ներկայացուցիչ տարբեր երկրներից, պետական հաստատություններից և միջազգային կազմակերպությունների ու դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներից։ Խորհրդաժողովը արժեքավոր հարթակ է տրամադրել մարդու իրավունքների պաշտպանության լավագույն փորձի փոխանակման համար՝ հատկապես մարտահրավերային ժամանակներում:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նշեց. «Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ևս շարունակաբար կատարելագործում է իր գործունեությունն ու աշխատանքի մեթոդաբանությունը։ Մշակվել են նոր գործիքակազմեր գործունեության ապաքաղաքական բնույթը երաշխավորելու նպատակով, ամբողջությամբ վերափոխվել են նախընտրական քարոզչության ժամանակահատվածում աշխատանքի մեթոդաբանությունն ու գործիքները, կոնֆլիկտների ժամանակահատվածում ՄԻՊ գործունեության ձևաչափը և այլն՝ նկատի ունենալով նաև միջազգային գործընկերների կողմից ներկայացված դիտարկումները։»

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ'Ֆլահերտին առցանց ուղերձով դիմեց հյուրերին, նշելով․ «Ոզում եմ Ձեզ մաղթել հետևյալը, որ Մարդու իրավունքների պաշտպանը և Ձեր պետությունը շարունակեն ամրապնդել պաշտպանի ֆորմալ մանդատը, օրինակ՝ նպաստել մարդու իրավունքների պայմանագրերի վավերացմանը։»

Միջոցառումը ծավալեց խորքային քննարկումներ իրավահավասարության մարմինների և մարդու իրավունքների պաշտպանի արձագանքների ուղղությամբ՝ ճգնաժամերի և մարտահրավերների դեպքում մարդու իրավունքների պաշտպանության գործում: Այս քննարկումներն ուսումնասիրել են տեղահանված անձանց, փախստականների և միգրանտների հատուկ և հրատապ կարիքները և քննարկել են, թե ինչ կարևոր դեր են կատարում մարդու իրավունքների պաշտպանը և իրավահասարության մարմինները ներառական և կայուն հասարակություններ ստեղծելու գործում: Ճգնաժամերի ժամանակ խոցելի խմբերի իրավունքների և արժանապատվության ապահովումը դարձել է ավելի հրատապ, և ճգնաժամի կառավարման ռազմավարությունների փորձի փոխանակումը խորհրդաժողովի հիմնական թեման էր:

Միջոցառումը նաև քննարկել է խոցելի խմբերի իրավունքները խթանելու և պաշտպանելու կարևոր ռազմավարությունները, ներառյալ՝ կանանց, երեխաների, ԼԳԲՏԻ անձանց և ազգային փոքրամասնությունների իրավունքները: Մասնակիցները քննարկել են այդ խմբերի առջև ծառացած շարունակական մարտահրավերները՝ խտրականությունից մինչև բացառում, ինչպես նաև իրենց իրավունքները՝ մարդու իրավունքների լայն շրջանակներում առաջ տանելու նորարարական մոտեցումները:

Խորհրդաժողովը ավարտվելիս մասնակիցները ընդգծեցին նման միջոցառումների կարևորությունը՝ մասնագիտական շփման հնարավորությունները խթանելու և լավագույն փորձի փոխանակումը հեշտացնելու համար: Նրանք արտահայտեցին իրենց հանձնառությունը՝ կիրառելու ձեռք բերած փորձը՝ իրենց համապատասխան հասարակությունների համար օգուտներ ստանալու նպատակով:

Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի և Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի հետ համագործակցությամբ` Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 21-22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page