Back Հավասարություն տարբերության միջոցով՝ ներկայացված հայ առաջատար բանախոսների կողմից հատուկ TEDx ելույթում

Հավասարություն տարբերության միջոցով՝ ներկայացված հայ առաջատար բանախոսների կողմից հատուկ TEDx ելույթում

Հայաստանում հավասարության, հանդուրժողականության, բազմազանության և բարգավաճման թեմաները ուսումնասիրվեցին TEDx ելույթի յուրահատուկ ձևաչափով, որը բանախոսներին հնարավորություն ընձեռեց բարձրաձայնել կարևոր հարցեր և լսելի դառնալ ներքին ու միջազգային լայն լսարաններին։ Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից։

Միջոցառման ընթացքում չորս բանախոսներ իրենց անձնական և մասնագիտական պատմությունների միջոցով ընդգծեցին հարգանքի և հավասարության կարևորությունը՝ խրախուսուսելով խոցելի խմբերին աջակցող գործողություններն ու դրական մոտեցումները։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կիսվեց իր մասնագիտական ձեռքբերումների փորձով՝ հակադրությամբ հասարակության կանանց նկատմամբ ունեցած ակնկալիքների հետ։ Նա ընդգծեց, որ երբ կանայք հաջողության են հասնում, նրանց հաճախ դիտարկում են որպես բացառություն և ենթարկում ավելի խիստ քննադատության, քան տղամարդկանց։ Նախարարը հանդես եկավ այն դիրքորոշմամբ, որ բոլոր մասնագետները պետք է գնահատվեն բացառապես իրենց արժանիքներով և կարողություններով՝ անկախ սեռից։ Տիկին Գալյանը խրախուսեց այն գաղափարը, որ իրական և արդյունավետ համագործակցությունը, որտեղ և տղամարդիկ, և կանայք իրենց ներդրումն են բերում ըստ իրենց հմտությունների, հանգեցնում է ավելի լավ և ավելի ներառական հասարակության։ Նախարարը ընդգծեց, որ իրական առաջընթացը գալիս է այն ժամանակ, երբ կանանց հաջողությունը դառնում է նորմա և երբ կանայք իրենց ընտրությամբ դառնում են փոփոխության օրինակ։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավարի տեղակալ Թոմաշ Օստրոպոլսկին ներկայացրեց Հայաստանի որպես իսկապես անվտանգ և բարգավաճ երկրի ընկալումը, ընդգծելով, որ այն կարող է շարունակել զարգանալ և բարգավաճել՝ լուծելով մարդու իրավունքների խնդիրներ, ինչպիսիք են ընտանեկան բռնությունը, սեռի հիմքով խտրականությունը և փոքրամասնությունների հանդեպ թշնամական վերաբերմունքը։ Պարոն Օստրոպոլսկին նշեց, որ իրական անվտանգությունն ու բարգավաճումը պահանջում են յուրաքանչյուր քաղաքացու ընդգրկումն ու պաշտպանությունը՝ անկախ նրանց ծագումից։ Նա նշեց, որ մարդու իրավունքների ընդունումը ոչ միայն բարոյական պարտավորություն է, այլև խելամիտ տնտեսական ռազմավարություն, որը խթանում է կայունությունը, ներդրումները և աճը։ Պարոն Օստրոպոլսկին ընդգծեց, որ մարդկու արժանապատվության պաշտպանությունը ներդրված է Հայաստանի պատմության և մշակութային ավանդույթների մեջ։

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը ներկայացրեց, թե ինչպես ցածր գրագիտությունն ու փոքրամասնությունների լեզուների աջակցության բացակայությունը կարող են հանգեցնել մշակույթի և ինքնության կորստի Հայաստանի էթնիկ համայնքներում։ Ինչպես նշեց պարոն Բաքոյանը, մշակույթի պահպանությունը պահանջում է իրական աջակցություն, հատկապես բնիկ լեզուներով կրթության միջոցով։ Այս առնչությամբ նա ընդգծեց, որ լեզուն մշակութային գոյատևման բանալին է, և առանց փոքրամասնությունների լեզուները դասավանդելու և պահպանելու համար անհրաժեշտ պատշաճ կրթական համակարգերի, ավանդույթներն ու ինքնությունները կարող են հեշտությամբ անհետանալ։ Պարոն Բաքոյանը նշեց, որ իրական մշակութային շարունակականությունը հնարավոր է ապահովել, եթե յուրաքանչյուր սերունդ կարողանա ապրել և փոխանցել իր մշակութային ժառանգությունը, ինչը իր հերթին հնարավոր է միայն մատչելի կրթության և ակտիվ ներգրավվածության միջոցով։

«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» hաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ներկայացնող Անուշ Ասլանյանը կիսվեց իր պատմությամբ՝ որպես ֆիզիկական հաշմանդամություն ունեցող գյուղաբնակ կին, անդրադառնալով անկախության և ինքնաընդունման կարևորությանը։ Տիկին Ասլանյանը նշեց, որ իրական անկախությունը հավասար չէ մեկուսացմանը, այլ ենթադրում է ինքնուրույն որոշումների կայացման և հասարակական ազդեցության միջև հավասարակշռված փոխգործակցության հասնելը։ Իր կյանքի պատկերավոր պատմությամբ տիկին Ասլանյանը ցույց տվեց, որ անկախություն հաստատելով՝ հաշմանդամություն ունեցող մարդիկ ոչ միայն կարող են ձեռք բերել ավելի մեծ ինքնավստահություն, այլև ոգեշնչել ուրիշներին ընդունել իրենց սեփական ինքնավարությունը։

TEDx ելույթը հիմնավորեց հավասարության սկզբունքի համընդհանուր կիրառելիությունը, ցույց տալով դրա անգնահատելի արժեքը հակախտրականության խթանման գործում՝ որպես բոլոր անհատների կարևոր իրավունք։

Սույն միջոցառումը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։

 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 22 ԱՊՐԻԼԻ, 2026թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
Ո՞րն է ծրագրի նպատակը

Ծրագիրը նպաստում է ազգային շահագրգիռ կողմերի և գործընկերների գիտելիքների խորացմանը և նրանց միջև համագործակցության ընդլայնմանը՝ խտրականության և ատելության դեմ առավել լավ պայքար տանելու նպատակով։ Ծրագիրը ուժեղացնելու է ատելության խոսքի դեմ պայքարի ազգային միջոցները, նաև շարունակելու է աշխատանքը պետական կառույցների հետ՝ խտրականության և ատելության հիմքով հանցագործություններին ներպետական բարեփոխումներին համահունչ արձագանքելու համար։ Միաժամանակ, ծրագիրը համագործակցելու է ոչ պետական շահագրգիռ կողմերի և տեղական կառույցների հետ, որպեսզի վերջիններս առավել համապարփակ ըմբռնեն հավասարություն և բազմազանություն հասկացությունները և առավել հասանելի լինեն խոցելի խմբերի համար։ Ազգային ծրագրի համագործակցությունը տարածաշրջանային ծրագրի հետ կնպաստի լավագույն փորձի փոխանակմանը՝ տարածաշրջանային հարթակի ձևավորման միջոցով։

Նպատակն է բարելավել պետական և ոչ պետական կառույցների գործունեությունը խտրականության, ատելության և ռասիզմի դեմ պայքարելու ուղղությամբ՝ եվրոպական չափանիշներին համապատասխան:

Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի երրորդ փուլի ընթացքում՝ 2023-2027 թթ.-ին։ Ծրագիրը հիմնվում է Գործընկերություն հանուն լավ կառավարման առաջին՝ 2015-2018 և երկրորդ՝ 2019-2023 փուլերի հավասարության խթանման և հակախտրականության ոլորտում արձանագրած արդյունքների հիման վրա։

Որքա՞ն է ծրագրի տեվողությունը

Ծրագրի տևողությունն է 2023 թվականի մարտի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը։

Որքա՞ն է ծրագրի բյուջեն

► Ընդհանուր բյուջեն կազմում է 300 000 եվրո։
► Ծրագրի ձևաչափի ընհանուր բյուջեն կազմում է 19.3 միլիոն եվրո (Ծրագիրը 80%-ով ֆինանսավորվում է Եվրոպական միության և 20%-ով՝ Եվրոպայի խորհրդի կողմից)։

Ովքե՞ր են ծրագրի շահառուները

► Արդարադատության նախարարություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, դատական և իրավապահ մարմիններ
► Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
► Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ
► Լայն հասարակություն

Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը

Քաղաքականության/օրենսդրական աջակցության, կարողությունների զարգացման և իրազեկության բարձրացման գործողությունների համակցությամբ:

Ի՞նչ արդյունքի ենք ակնկալում հասնել

► Հայաստանում խտրականության, ատելության և ռասիզմի դեմ պայքարի օրենսդրական դաշտը համահունչ է եվրոպական չափանիշներին:
► Պետական կառույցները և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բարելավում են իրենց գիտելիքները խտրականության և ատելության խոսքի վերաբերյալ՝ եվրոպական չափանիշներին համապատասխան:
► Իրենց մանդատի շրջանակներում պետական կառույցները և իրավապահ մարմինները բարելավում են իրենց արձագանքները խտրականության և ատելության դեմ պայքարում:
► Հայաստանի լայն հասարակությունը բարձրացնում է խտրականության և ատելության բացասական հետևանքների մասին իր իրազեկվածության մակարդակը։

Հավելյալ տեղեկություններ

►Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի Խտրականության դեմ պայքարի  վարչության Խտրականության դեմ պայքարի համագործակցության բաժնի կողմից (Ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինություն)։
Գործընկերություն հանուն լավ կառավարման Վեբկայք՝ http://partnership-governance-eu.coe.int/

Էլ-հասցե՝ [email protected] 

► Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ Վեբկայք՝ https://www.coe.int/yerevan
Էլ-հասցե՝ [email protected] 

 

«Գործընկերություն հանուն լավ կառավարման» (ԳԼԿ) ծրագիրը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ նախաձեռնությունն է՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանում լավ կառավարումն ամրապնդելու համար:
ԳԼԿ-ն տրամադրում է նպատակային աջակցություն Արևելյան գործընկերության երկրներին՝ մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում իրենց օրենսդրությունն ու պրակտիկան եվրոպական չափանիշներին մոտեցնելու համար: Այն աջակցում է, մասնավորապես, Արևելյան գործընկերության երկրների ներպետական բարեփոխումներին՝ արդարադատության ամրապնդման, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի, հավասարության ապահովման և խտրականության բացառման, կանանց համար արդարադատության հասանելիության խթանման և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի նպատակով: