Back Հայաստանում ընտրական շրջանում ատելության խոսքի դեմ պայքարը

Հայաստանում ընտրական շրջանում ատելության խոսքի դեմ պայքարը

Ավելի քան 60 քաղաքացիական հասարակության ինստիտուտների, ակադեմիայի, ոստիկանության աշխատակիցների, ընտրական շահագրգիռ կողմերի և մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ մասնակցեցին Հայաստանում խորհրդարանական ընտրական գործընթացների ժամանակ ատելության խոսքի և սեքսիզմի դեմ պայքարին նվիրված աշխատաժողովին։

Աշխատաժողովը համակազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից՝ ուսումնասիրելու, թե ինչպես սեքսիզմն ու ատելության խոսքը կարող են դրսևորվել նախա- և հետընտրական շրջաններում, ինչպես դրանք կարող են խոչընդոտել ընտրական գործընթացներին մասնակցությանը, և որոնք են առկա ազգային մոնիթորինգային մեխանիզմներն ու միջազգային լավագույն փորձը՝ այս խնդիրները լուծելու համար։

Միջոցառման բացման մասում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը,  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի տեղակալ Վացլավ Ստերբան և Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Արուսյակ Թերճանյանը մանրամասն անդրադարձան ատելության խոսքին և սեքսիզմին՝ որպես խորը արմատներ ունեցող, բարդ և բազմաչափ երևույթների, որոնք կարող են բացասաբար ազդել անհատների, խմբերի և հասարակությունների վրա տարբեր ձևերով և տարբեր աստիճաններով։

Քննարկումը առաջնորդվել է Եվրոպայի խորհրդի ատելության խոսքի դեմ պայքարի հիմնական շրջանակներով, ներառյալ ավանդական և հատկապես առցանց լրատվամիջոցներում, որոնք վերաբերում են ոչ միայն ընտրական թեկնածուների նկատմամբ առցանց վիրավորանքներին և սպառնալիքներին, այլև ավելի լայնորեն հասարակության առանձին խմբերի նկատմամբ ուղղված ատելության խոսքին։ Ինչպես նշեցին զեկուցողները, հիմնարար ազատությունների արդյունավետ կիրառումն ու մարդու իրավունքների խախտումների կանխարգելումը պետք է ապահովել հասարակության բոլոր անդամների համար, իսկ խտրականությունն ու ատելությունը պետք է պատշաճ կերպով հաղթահարվեն՝ ապահովելով հանրային բանավեճի և հաղորդակցության համար անվտանգ և նպաստավոր միջավայր։

Աշխատաժողովի թեմատիկ նիստերի ընթացքում Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ներկայացուցիչներն ու մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայացրեցին մասնավոր և հանրային տիրույթներում ատելության խոսքին և խտրականությանը հակազդող ներպետական մեխանիզմները, իսկ Եվրոպայի խորհրդի փորձագետները անդրադառցան ատելության խոսքի դեմ ուղղված Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին՝ կիսվելով նաև ընտրարշավների ընթացքում ատելության խոսքի և սեքսիստական վարքագծի մոնիթորինգի և հաշվետվության լավագույն միջազգային փորձով։ Փորձագետները կիսվեցին նաև իրենց փորձով՝ այս երևույթների կանխարգելման և դրանց դեմ պայքարի մեխանիզմների կիրառման, ինչպես նաև հանրային տիրույթում ակնարկների (նառատիվների) օգտագործման հնարավոր բարելավումների վերաբերյալ։

Աշխատաժողովը եզրափակվեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ղեկավարած նիստով, որտեղ ընդգծվեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առանցքային դերը ընտրարշավների ընթացքում ատելության խոսքի դեմ պայքարում և փոքրամասնությունների ներգրավվածությանն ուղղված դրական պատմությունների և ընդգրկուն, ընդհանուր լեզվի խթանման գործում։

Արդյունքում աշխատաժողովը նպաստեց երկրում ժողովրդավարական երկխոսության զարգացմանը և ամրապնդեց փոխվստահությունը պետական հաստատությունների և ոչ պետական կառույցների միջև։

Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատազմի հետ համագործակցությամբ՝ Եվրոպայի խորհրդի « Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» և «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրերի համատեղ ուժերով՝ վերջինը հանդիսանում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մաս, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից։

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 20 ՄԱՅԻՍԻ, 2026թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
Ո՞րն է ծրագրի նպատակը

Ծրագիրը նպաստում է ազգային շահագրգիռ կողմերի և գործընկերների գիտելիքների խորացմանը և նրանց միջև համագործակցության ընդլայնմանը՝ խտրականության և ատելության դեմ առավել լավ պայքար տանելու նպատակով։ Ծրագիրը ուժեղացնելու է ատելության խոսքի դեմ պայքարի ազգային միջոցները, նաև շարունակելու է աշխատանքը պետական կառույցների հետ՝ խտրականության և ատելության հիմքով հանցագործություններին ներպետական բարեփոխումներին համահունչ արձագանքելու համար։ Միաժամանակ, ծրագիրը համագործակցելու է ոչ պետական շահագրգիռ կողմերի և տեղական կառույցների հետ, որպեսզի վերջիններս առավել համապարփակ ըմբռնեն հավասարություն և բազմազանություն հասկացությունները և առավել հասանելի լինեն խոցելի խմբերի համար։ Ազգային ծրագրի համագործակցությունը տարածաշրջանային ծրագրի հետ կնպաստի լավագույն փորձի փոխանակմանը՝ տարածաշրջանային հարթակի ձևավորման միջոցով։

Նպատակն է բարելավել պետական և ոչ պետական կառույցների գործունեությունը խտրականության, ատելության և ռասիզմի դեմ պայքարելու ուղղությամբ՝ եվրոպական չափանիշներին համապատասխան:

Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի երրորդ փուլի ընթացքում՝ 2023-2027 թթ.-ին։ Ծրագիրը հիմնվում է Գործընկերություն հանուն լավ կառավարման առաջին՝ 2015-2018 և երկրորդ՝ 2019-2023 փուլերի հավասարության խթանման և հակախտրականության ոլորտում արձանագրած արդյունքների հիման վրա։

Որքա՞ն է ծրագրի տեվողությունը

Ծրագրի տևողությունն է 2023 թվականի մարտի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը։

Որքա՞ն է ծրագրի բյուջեն

► Ընդհանուր բյուջեն կազմում է 300 000 եվրո։
► Ծրագրի ձևաչափի ընհանուր բյուջեն կազմում է 19.3 միլիոն եվրո (Ծրագիրը 80%-ով ֆինանսավորվում է Եվրոպական միության և 20%-ով՝ Եվրոպայի խորհրդի կողմից)։

Ովքե՞ր են ծրագրի շահառուները

► Արդարադատության նախարարություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, դատական և իրավապահ մարմիններ
► Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
► Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ
► Լայն հասարակություն

Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը

Քաղաքականության/օրենսդրական աջակցության, կարողությունների զարգացման և իրազեկության բարձրացման գործողությունների համակցությամբ:

Ի՞նչ արդյունքի ենք ակնկալում հասնել

► Հայաստանում խտրականության, ատելության և ռասիզմի դեմ պայքարի օրենսդրական դաշտը համահունչ է եվրոպական չափանիշներին:
► Պետական կառույցները և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բարելավում են իրենց գիտելիքները խտրականության և ատելության խոսքի վերաբերյալ՝ եվրոպական չափանիշներին համապատասխան:
► Իրենց մանդատի շրջանակներում պետական կառույցները և իրավապահ մարմինները բարելավում են իրենց արձագանքները խտրականության և ատելության դեմ պայքարում:
► Հայաստանի լայն հասարակությունը բարձրացնում է խտրականության և ատելության բացասական հետևանքների մասին իր իրազեկվածության մակարդակը։

Հավելյալ տեղեկություններ

►Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի Խտրականության դեմ պայքարի  վարչության Խտրականության դեմ պայքարի համագործակցության բաժնի կողմից (Ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինություն)։
Գործընկերություն հանուն լավ կառավարման Վեբկայք՝ http://partnership-governance-eu.coe.int/

Էլ-հասցե՝ [email protected] 

► Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ Վեբկայք՝ https://www.coe.int/yerevan
Էլ-հասցե՝ [email protected] 

 

«Գործընկերություն հանուն լավ կառավարման» (ԳԼԿ) ծրագիրը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ նախաձեռնությունն է՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանում լավ կառավարումն ամրապնդելու համար:
ԳԼԿ-ն տրամադրում է նպատակային աջակցություն Արևելյան գործընկերության երկրներին՝ մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում իրենց օրենսդրությունն ու պրակտիկան եվրոպական չափանիշներին մոտեցնելու համար: Այն աջակցում է, մասնավորապես, Արևելյան գործընկերության երկրների ներպետական բարեփոխումներին՝ արդարադատության ամրապնդման, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի, հավասարության ապահովման և խտրականության բացառման, կանանց համար արդարադատության հասանելիության խթանման և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի նպատակով: