Back Ապօրինի ակտիվների հետագծում. Հայաստանում անցկացվում է տնտեսական հանցավորության դեմ պայքարին նվիրված բարձրաստիճան համաժողով

Ապօրինի ակտիվների հետագծում. Հայաստանում անցկացվում է տնտեսական հանցավորության դեմ պայքարին նվիրված բարձրաստիճան համաժողով

Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում, ինչպես նաև Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության հիմնադրման 108-ամյակի կապակցությամբ, 2026 թվականի հուլիսի 1-ին և 2-ին Երևանում մեկնարկել է «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով. քրեական հետապնդում, գույքի վերականգնում և բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում» խորագրով բարձրաստիճան միջազգային երկօրյա համաժողովը։

Հիմնվելով 2023–2025 թվականներին կազմակերպված դատախազների բարձրաստիճան համաժողովների հաջողության վրա՝ Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի ստեղծումը կարևոր քայլ դարձավ դեպի կոռուպցիայի նկատմամբ առավել դիմակայուն համակարգի ձևավորման ճանապարհին։

Ավելի քան տասը երկրներից ժամանած դատախազների, արդարադատության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների և միջազգային փորձագետների համախմբած համաժողովին ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ինչպես նաև գործադիր և դատական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Ընդգծելով տարածաշրջանային և եվրոպական երկխոսության կարևորությունը՝ համաժողովին մասնակցում էին Լիտվայի գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեն, Էստոնիայի գլխավոր դատախազ Աստրիդ Ասին և Լատվիայի գլխավոր դատախազ Արմինս Մեյստերսը։ Համաժողովին մասնակցում էին նաև Ավստրիայի, Շվեյցարիայի, Ռումինիայի, Իտալիայի և Լեհաստանի պատվիրակությունները։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշեց, որ դատախազների համար հարթակի ստեղծման շնորհիվ Հայաստանը հասել է նշանակալի արդյունքների՝ միաժամանակ ընդլայնելով համագործակցությունն ու փորձի փոխանակումը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նշեց, որ Եվրոպական միությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ իր համագործակցությունը արդարադատության բարեփոխումների և իրավունքի գերակայության ոլորտներում՝ ընդգծելով Հայաստանի վերջին ջանքերը՝ արդիականացնելու իրավական և ինստիտուցիոնալ համակարգը, բարելավելու իրավապահ մարմինների և դատախազության արդյունավետությունը, ինչպես նաև համապատասխանեցնելու այն եվրոպական չափանիշներին։

Եվրոպայի խորհրդի անվտանգության, բարեվարքության և իրավունքի գերակայության տնօրեն Հաննա Յունկերը բարձր գնահատեց Հայաստանի իրականացրած նշանակալի բարեփոխումները՝ ուղղված հակակոռուպցիոն և փողերի լվացման դեմ համակարգերի ամրապնդմանը, որոնք արտացոլված են ԳՐԵԿՈ և ՄՈՆԻՎԱԼ հանձնախմբերի գնահատականներում, այդ թվում՝ ՄՈՆԻՎԱԼ-ի վերջին 6-րդ փուլի գնահատման արդյունքներում։ Կարևորվեց հետագա ինստիտուցիոնալ ամրապնդումը և ընդգծվեց կայուն քաղաքական աջակցության կարևորությունը՝ շարունակական առաջընթաց ապահովելու համար։

Երկօրյա համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկեցին ֆինանսական հանցագործությունների քննության և քրեական հետապնդման, ապօրինի ծագում ունեցող ակտիվների հայտնաբերման, սառեցման, կառավարման և բռնագանձման, ինչպես նաև զոհակենտրոն արդարադատության հետ կապված հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել ծանր ֆինանսական հանցագործություններին, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառմամբ կատարվող խարդախություններին, կրիպտոակտիվների միջոցով իրականացվող հանցավոր սխեմաներին, ինչպես նաև փողերի լվացման և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների արդյունավետ հայտնաբերման և քննության մեխանիզմներին։ Քննարկումները ներառել են նաև ապօրինի ծագում ունեցող ակտիվների կառավարման արդյունավետ մոդելները, ապօրինի ձեռք բերված գույքի վերաբերյալ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի նախադեպային իրավունքը, ինչպես նաև հանցագործությունների զոհերի իրավունքների և շահերի պաշտպանության ոլորտում միջազգային լավագույն փորձը։

Կարևոր է արձանագրել նաև, որ Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակներում անցկացվել է հատուկ զուգահեռ միջոցառում՝ նվիրված Վարշավայի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությանը։ Նիստի ընթացքում քննարկվել է արձանագրության նշանակությունը դատախազական պրակտիկայի համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով դրա իրավական և գործառնական բաղադրիչներին։

Համաժողովի ամփոփմամբ մասնակիցների միջև ձևավորվեց հստակ համաձայնություն՝ նման ձևաչափի երկխոսության հավելյալ արժեքի վերաբերյալ, որը նպաստում է մասնագիտական կապերի և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում անդամ պետությունների կարողությունների զարգացմանը։

Այս միջոցառումը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում՝ Եվրոպայի խորհրդի կողմից «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։

 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 1-2 ՀՈՒԼԻՍԻ, 2026թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
Ո՞րն է ծրագրի նպատակը

Ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանում կոռուպցիայի, փողերի լվացման և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտի հետագա բարելավմանը, ինչպես նաև ապահովել դրա կիրառման արդյունավետությունը: Ծրագիրը փորձում է ուժեղացնել երկրի՝ կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքար իրականացնող մարմինների կարողությունները, աջակցել կոռուպցիայի դեմ պայքարի նոր մեխանիզմների ներդրմանը և կիրառմանը, ինչպես նաև բարձրացնել կոռուպցիայի դեմ պայքարի և բարեվարքության մասին իրազեկվածությունը:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի երրորդ փուլի շրջանակներում՝ 2023-2027 թթ․-ին: Այն հիմնված է տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի նախորդ փուլերի արդյունքների վրա (I փուլ՝ 2015-2018 թթ. և II փուլ՝ 2019-2023 թթ.):

Որքա՞ն է ծրագրի տեվողությունը

Ծրագրի տևողությունն է 2023 թվականի մարտի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը։

Որքա՞ն է ծրագրի բյուջեն

► Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 630,000 եվրո։
► Ընդհանուր բյուջեն կազմում է 19,3 մլն եվրո (80%-ը ֆինանսավորվում է Եվրոպական միության և 20%-ը՝ Եվրոպայի խորհրդի կողմից)։

Ովքե՞ր են ծրագրի շահառուները

►Արդարադատության նախարարություն և Ներքին գործերի նախարարություն
► Հակակոռուպցիոն կոմիտե
► Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
► Քաղաքացիական ծառայության խորհուրդ
► ՀՀ կենտրոնական բանկ
►Ֆինանսական դիտարկումների կենտրոն (Հայաստանի ՖՀՄ)
► Ազգային անվտանգության ծառայություն
► Քաղաքացիական ծառայության գրասենյակ
►Գլխավոր դատախազություն (Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչություն)
► Քննչական կոմիտե
► Դատական իշխանություն
►Քաղաքացիական հասարակություն և hասարակության լայն շրջանակներ

Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը

Ուժեղացնել հայաստանյան հաստատությունների կարողությունները և բարձրացնել արդյունավետությունը կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարում:

Ի՞նչ արդյունքի ենք ակնկալում հասնել

► Կոռուպցիայի արդյունավետ կանխարգելման համար օրենսդրական, ռազմավարական և ինստիտուցիոնալ շրջանակների և կարողությունների ուժեղացում:
► Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման, հետաքննության, քրեական հետապնդման և դատաքննության արդյունավետության բարձրացում:
► Ընդլայնված օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակներ և ուժեղացված տեխնիկական կարողություններ՝ փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի և դրանց հետ առնչվող ակտիվների վերականգնման գործում:

Հավելյալ տեղեկություններ

►Ծրագիրն իրականացնում է Եվրոպայի խորհրդի Տնտեսական հանցավորության դեմ պայքարի բաժինը՝ Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների և
► Գործընկերություն հանուն լավ կառավարման
Կայք՝ http://partnership-governance-eu.coe.int/
Էլ. փոստ՝ [email protected]
համագործակցության դեպարտամենտի միջոցով (Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինություն)։
► Եվրոպայի խորհրդի գրասենյակ Երևանում Կայք՝ https://www.coe.int/yerevan
Էլ. փոստ՝ [email protected]

«Գործընկերություն հանուն լավ կառավարման» (ԳԼԿ) ծրագիրը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ նախաձեռնությունն է՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանում լավ կառավարումն ամրապնդելու համար:
ԳԼԿ-ն տրամադրում է նպատակային աջակցություն Արևելյան գործընկերության երկրներին՝ մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում իրենց օրենսդրությունն ու պրակտիկան եվրոպական չափանիշներին մոտեցնելու համար: Այն աջակցում է, մասնավորապես, Արևելյան գործընկերության երկրների ներպետական բարեփոխումներին՝ արդարադատության ամրապնդման, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի, հավասարության ապահովման և խտրականության բացառման, կանանց համար արդարադատության հասանելիության խթանման և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի նպատակով: