Տնտեսական կայունությունն ապահովելու, օրենքի գերակայությունը պահպանելու և հասարակությունն անօրինական ֆինանսական գործունեության հետևանքներից պաշտպանելու համար անհրաժեշտ է երաշխավորել արդյունավետ և ուժեղ արձագանք տնտեսական հանցագործություններին։
Հաշվի առնելով ներպետական մակարդակում տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գործում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կարևոր դերը՝ Եվրոպայի խուրհուրդը, ՊԵԿ-ի հետ համատեղ, կազմակերպեց ֆինանսական հանցագործությունների քննության կարողությունները հզորացնելուն միտված մեկօրյա դասընթաց՝ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության ծառայողների համար։
Մասնակիցներն ուսումնասիրեցին փողերի լվացման հիմունքների, համապատասխան տիպաբանությունների և ռիսկի ցուցանիշների բացահայտման գործիքների վերաբերյալ հիմնական սկզբունքները։ Հատուկ ուշադրություն դարձվեց զուգահեռ ֆինանսական հանցագործությունների քննությանը, ներառյալ քննչական մարմինների և Ֆինանսական դիտարկումների կենտրոնի հետ համագործակցությանը, ինչպես նաև ՊԵԿ-ի դերին և լիազորություններին։
Դասընցթացում առանցքային կարևորություն տրվեց մարդու իրավունքներին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան նախադեպային իրավունքի ներկայացմամբ, այդ թվում՝ Համբարձումյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռի օրինակով, ընդգծելով որ ֆինանսական հանցագործությունների քննության ընթացքում պետք է հարգվեն անձնական կյանքի անձեռնմխելիությունը և այլ հիմնարար իրավունքները՝ միաժամանակ պահպանելով քննության արդյունավետությունը։
Միջոցառումը ցույց է տալիս Եվրոպայի խորհրդի ջանքերը՝ ազգային հաստատություններին աջակցելու, մասնագիտական փորձը եվրոպական չափանիշների հետ համատեղելու գործում։ Կայուն հմտություններ զարգացնելով՝ ՊԵԿ-ը կանցկացնի ֆինանսական հանցագործությունների բացահայտմանն ուղղված գործողություններ, որոնք և՛ արդյունավետ են, և՛ լիովին համապատասխանում են մարդու իրավունքների սկզբունքներին։
Այս միջոցառումը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում՝ Եվրոպայի խորհրդի կողմից «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում


