2022 թվականի հունիսի 17-ին և 18-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորների, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամի, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ առողջապահության նախարարության, խնամակալության և հոգաբարձության մարմինների ներկայացուցիչների, ԵԽ միջազգային և ազգային փորձագետների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ հոգեկան առողջության խնդիրների հետևանքով անգործունակ ճանաչված անձանց արդարադատության մատչելիության իրավունքին առնչվող հարցերի քննարկում` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանության լույսի ներքո։
Մասնակիցները ծանոթացան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներից բխող՝ ԵԽ միջազգային փորձագետի առաջարկություններին, ինչպես նաև ազգային փորձագետների կարծիքներին։ Մասնակիցները քննարկեցին նաև անգործունակ ճանաչված անձանց իրավունքներին առնչվող խնդիրները և գործնական մարտահրավերներն ազգային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի համատեքստում:
Միջոցառումը կազմակերպել են ԵՄ/ԵԽ «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը՝ Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագիրը, Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագիրը և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագիրը՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար 2019-2022թթ․ գործողությունների ծրագրի շրջանակներում։