Back Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ամրապնդեցին իրենց կարողությունները անձնական տվյալների պաշտպանության ոլորտում

Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ամրապնդեցին իրենց կարողությունները անձնական տվյալների պաշտպանության ոլորտում

Ներքին գործերի նախարարության ավելի քան 50 աշխատակիցները ամրապնդեցին անձնական տվյալների պաշտպանության և մասնավոր կյանքի պաշտպանության վերաբերյալ իրենց գործնական գիտելիքները՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ անցկացված մասնագիտացված վերապատրաստման դասընթացների ընթացքում, որոնք տեղի են ունեցել մայիս և հունիս ամսիներին Ծաղկաձորում։

Կարողությունների զարգացման այս ծրագիրը նպատակ ուներ ամրապնդել իրավապահ գործունեության շրջանակում անձնական տվյալների օրինական և համաչափ մշակման, հաղորդակցության գաղտնիության ապահովման և անձնական կյանքի իրավունքի պաշտպանության վերաբերյալ մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառումը։

Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին անձնական տվյալների պաշտպանության միջազգային չափանիշները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան նախադեպային իրավունքը, տվյալների անվտանգության հարցերը, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների կիրառման հետ կապված մարտահրավերները։ Հատուկ ուշադրություն դարձվեց օրինականության, անհրաժեշտության, համաչափության և տվյալների նվազագույն կիրառման սկզբունքներին, ինչպես նաև Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առկա համակարգային խնդիրների քննարկմանը։

Գործնական օրինակների և իրավիճակների վերլուծության միջոցով Ներքին գործերի նախարարության աշխատակիցները զարգացրեցին տվյալների մշակման օրինականությունը գնահատելու, զգայուն անձնական տվյալների հետ կապված ռիսկերը բացահայտելու և ամենօրյա  աշխատանքում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքները կիրառելու իրենց կարողությունները։

Դասընթացը նաև նպաստեց Հայաստանում առավել հաշվետու, թափանցիկ և մարդու իրավունքների վրա հիմնված ոստիկանական գործելակերպի ամրապնդմանը։ Սա հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ ոստիկանության աշխատանքն առավել հաճախ է ներառում զգայուն անձնական տվյալների հավաքագրում, փոխանակում և օգտագործում։ Այս ոլորտում երաշխիքների ամրապնդումը կարևոր է ոչ միայն անձանց իրավունքների պաշտպանության և իրավապահ մարմինների նկատմամբ հանրային վստահության ձևավորման համար այլև վիզաների ազատականացման համատեքստում Հայաստանի ավելի լայն բարեփոխումների աջակցման տեսանկյունից։

Միջոցառումը իրականացվեց Եվրոպայի խորհրդի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը աջակցում է ազգային իշխանություններին՝ շարունակաբար զարգացնելու քրեակատարողական բարեփոխումները, բանտային առողջապահությունը և ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների՝ Հայաստանի համար գործողությունների ծրագրի շրջանակներում։

ԾԱՂԿԱՁՈՐ, ՀԱՅԱՍՏԱՆ 14-15 ՄԱՅԻՍԻ, 23-24 ՀՈՒՆԻՍԻ, 2026թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page