Հակակոռուպցիոն բարեփոխումների հաջողության մասին վկայում են հանրային ծառայությունների արդարությունը, կառույցների հաշվետվողականությունը և քաղաքացիների վստահությունն առ այն որ իրենց կյանքին առնչվող որոշումները կայացվում են բարեվարքության սկզբունքներով։
Այս ոլորտներում առաջընթացի գնահատման նպատակով անհրաժեշտ են հավաստի տվյալներ իրականում տեղի ունեցած փոփոխությունների մասին։ Այս հարցը հատկապես արդիական է, երբ Հայաստանը նախագծում է 2027-2030 թվականների արդարադատության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը, որը նաև ներառելու է հակակոռուպցիոն պայքարը, որպես ռազմավարական ուղղություն։
Գործող ռազմավարության արդյունքների գնահատումն ու նոր նպատակների սահմանումը կօգնեն հաջորդ ռազմավարությունը կառուցել արդեն իսկ արդյունավետ մոտեցումների հիման վրա և շարունակել քաղաքացիական հասարակության հետ ներառական երկխոսությունը։
Այս նպատակով Եվրոպայի խորհուրդը 2026 թվականի հոկտեմբերի 22-ից 23-ը Ծաղկաձորում կազմակերպեց երկօրյա վերապատրաստում, որին մասնակցեցին Արդարադատության նախարարության ներկայացուցիչներն ու ռազմավարության իրականացման գնահատման համար տեղեկություն տրամադրող պատասխանատու պաշտոնյաները։ Վերապատրաստումը կազմակերպվել էր Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» նախաձեռնության՝ «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում։
Հենվելով մշտադիտարկման և գնահատման վերանայված մեթոդաբանության վրա՝ մասնակիցներն աշխատեցին առաջընթացի գնահատումը դարձնել առավել համակարգված, փաստահեն և արդյունքահեն։ «Պետք է գնահատել ոչ միայն իրականացված միջոցառումները, այլև դրանց բերած փոփոխությունները», - նշեց ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մշտադիտարկման վարչության պետ Հասմիկ Խաչատրյանը։
Գործնականում սա նշանակում է տարբերակել գործողությունները, դրանց անմիջական արդյունքներն ու վերջնարդյունքները, մշակել հստակ և չափելի ցուցանիշներ, բացահայտել տվյալների հավաստի աղբյուրները և արդյունքները գնահատել ստուգելի ապացույցների հիման վրա։ Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան նաև հաճախ հանդիպող խոչընդոտներին, մասնավորապես՝ ելակետային տվյալների բացակայությանը, այն ցուցանիշներին, որոնք իրական փոփոխություն չեն արտացոլում, և այն արդյունքներին, որոնք ներկայացվում են առանց ստուգման։
Քննարկումներն ընդգծեցին, որ առաջընթացի գնահատումը չպետք է սահմանափակվի կառույցների տրամադրած հաշվետվություններով։ Դրան պետք է մասնակից լինեն նաև մարդիկ, ում առնչվում են ինչպես կոռուպցիան, այնպես էլ դրա դեմ պայքարին ուղղված ջանքերը։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, լրատվամիջոցները և մասնավոր հատվածը կարող են ներկայացնել արժեքավոր տեսակետներ և անկախ փաստեր՝ նպաստելով ռազմավարության առավել համապարփակ և հաշվետու գնահատմանը։
Վերապատրաստումը հարթակ ստեղծեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համար՝ կառավարության հետ երկխոսելու, ռազմավարության իրականացման շուրջ իրենց տեսակետներն արտահայտելու և ապագա հակակոռուպցիոն քաղաքականության ձևավորմանը մասնակցելու համար։ Հավաստի փաստերը նպաստում են հիմնավոր որոշումների կայացմանը։
Ամրապնդելով գնահատման մեթոդաբանությունն ու ռազմավարության իրականացման գնահատման մեջ ներգրավված անձանց կարողությունները՝ Եվրոպայի խորհուրդը շարունակում է օգնել Հայաստանին վերհանել արդյունավետ մոտեցումներն ու բացերը, ինչպես նաև ապահովել առաջընթացի գնահատումն ու շարունակականությունը։ Սա հիմք կծառայի 2027-2030 թվականների արդարադատության ոլորտի բարեփոխումների ռազմավարության հակակոռուպցիոն ուղղության մշակման համար, կօգնի ձևավորել մարդկանց իրական կարիքներին արձագանքող քաղաքականություն և, ի վերջո, կնպաստի հանրային վստահության բարձրացմանը ու հասարակության մեջ բարեվարքության ամրապնդմանը։
Այս միջոցառումը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում՝ Եվրոպայի խորհրդի կողմից «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։





