Back Ներկայացվել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուն

Ներկայացվել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուն

Գլխավոր դատախազության, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ջանքերով 2024 թվականի նոյեմբերի 15-ին Երևանում կայացել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուի շնորհանդեսը:

Միջոցառման նպատակն էր ազդարարել Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների (այսուհետ՝ Կարծիք) հայերեն թարգմանության հասանելիության մասին, ներկայացնել դրանց կարևորությունը, ինչպես նաև քննարկել Կարծիքների գործնական կիրառության հետ կապված առանձնահատկությունները:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ողջույնի խոսքում նշել է, որ դատախազների համար Կարծիքների հասանելիությունը հնարավորություն է տալիս նրանց ներպետական իրավական համակարգերում աշխատել ԵԽ չափորոշիչներին համապատասխան:

«ՀՀ դատախազության առաջնահերթություններից է ապահովել առավել սերտ համագործակցություն միջազգային և տարածաշրջանային մասնագիտական կառույցների հետ և ավելի մոտեցնել դատախազի մասնագիտական հմտություններն ու կերպարը միջազգային և Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին: Դրան հասնելու համար նվազագույն պահանջը տեղեկատվության հասանելիությունն է, դրա անմիջական և ակտիվ կիրառությունը: Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների թարգմանությունն ու տպագրությունն այս ուղղությամբ իրականցվող առաջին քայլերից են: Ես լիահույս եմ, որ այս ձեռնարկը կդառնա Հայաստանում գործող դատախազների սեղանի գիրքը»,- նշել է Աննա Վարդապետյանն ու երախտագիտություն է հայտնել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կառույցներին ու պաշտոնատար անձանց արդյունավետ համագործակցության համար:

Հանրապետության գլխավոր դատախազն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության դատախազության համագործակցությունը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ ունի լավ ավանդույթներ և, հատկապես վերջին տարիներին, այն թևակոխել է զարգացման որակապես նոր փուլ: «Դատախազներն ազդեցիկ դեր ունեն հասարակությունում և շատ կարևոր է, որ իրենք իրենց գործունեությամբ պաշտպանեն օրենքի գերակայությունը, արդարությունն ու անաչառությունն այնպես, ինչպես առաջարկվում է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքներում»,- նշել է Աննա Վարդապետյանը։

Կարծիքների հայերեն թարգմանությունն ու տպագրությունը իրականացվել է որպես Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի շրջանակներում իրականացվող «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» համատեղ ծրագրի մաս, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից։

 

              

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page