Back Քրեական արդարադատության և միջգերատեսչական համագործակցության ամրապնդում. հայկական պատվիրակության ճանաչողական այցը Եվրոպայի խորհուրդ

Քրեական արդարադատության և միջգերատեսչական համագործակցության ամրապնդում. հայկական պատվիրակության ճանաչողական այցը Եվրոպայի խորհուրդ

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը 2024 թվականի նոյեմբերի 13-ին և 14-ին ճանաչողական այցով Ստրասբուրգում այցելել է Եվրոպայի խորհուրդ։

Այցի նպատակն էր բարձրացնել Եվրոպայի խորհրդի առաքելության և արժեքների իրազեկվածությունն ու ըմբռնումը, ծանոթանալ մարդու իրավունքների, քրեակատարողական հիմնարկների կառավարման, պրոբացիայի ծառայությունների և վերականգնման ոլորտներում վերջին զարգացումներին և չափանիշներին՝ նպատակ ունենալով մոտեցնել Հայաստանի արդարադատության համակարգը եվրոպականին։

Այցի ընթացքում Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները մասնակիցներին ներկայացրեցին կազմակերպության աշխատանքը քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում, մտքեր փոխանակեցին մի շարք հարցերի շուրջ, ներառյալ՝ քրեակատարողական հիմնարկների կառավարման մեջ արհեստական բանականության էթիկական կիրառումը, կալանքի պայմանների բարելավման և պաշտպանության վերաբերյալ առաջարկությունները, մարդկային արժանապատվությունը ճաղերի հետևում։ Այս քննարկումները ընդգծեցին տեխնոլոգիական առաջընթացի ներուժը բարելավելու գործառնական արդյունավետությունը՝ միաժամանակ պաշտպանելով մարդու իրավունքները և ավելի սերտորեն համապատասխանեցնելով դրանք միջազգային չափանիշներին:

Այցի ծրագիրը համապարփակ ակնարկ էր ներկայացնում Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության և դատարանի համապատասխան նախադեպային իրավունքի աշխատանքի մասին, ներառյալ՝ Հայաստանի հետ կապված վերջին զարգացումները։ Հետագա քննարկումները նաև անդրադարձան ազատազրկված անձանց և ազատազրկվածների շրջանում թմրամիջոցների չարաշահմանն ու կախվածությանը, վերականգնողական ծրագրերի բարելավման և ազատազրկված անձանց շրջանում վերաինտեգրմանն աջակցելու լուծումներ առաջարկելուն:

Այցը նպաստեց Եվրոպայի խորհրդի տարբեր բաժինների հետ համագործակցության խորացմանը և հնարավորություն ընձեռեց հետագա աջակցության համար: Ակնկալվում է, որ դրա արդյունքում կառաջարկվեն իմաստալից բարեփոխումներ Հայաստանում՝ կենտրոնանալով ազատազրկված անձնաց վերականգնման բարելավման, արդիականացված վերականգնողական ծրագրերի և կրկնահանցագործության նվազեցման համապարփակ ռազմավարությունների վրա:

Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագրերի շրջանակներում: Ծրագրերըը ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների՝ Հայաստանի համար գործողությունների ծրագրի շրջանակներում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից:

 

Ստրասբուրգ 13-14 նոյեմբերի, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

 Սկիզբ՝ 2023թ․, հունվարի 1

 Տևողություն՝  24 ամիս

 ֆինանսավորում՝ 550,000 եվրո,  Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրին աջակցող դոնորներ

 Ծրագրի թերթիկ

Հիմնական գործընկերներ՝ ՀՀ արդարադատության նախարարություն, Քրեակատարողական ծառայություն, Քրեակատարողական բժշկության կենտրոն, ՀՀ առողջապահության նախարարություն

Հիմնվելով Եվրոպայի խորհրդի «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի արդյունքների վրա (այսուհետ՝ 2019-2022 թթ. ծրագիր) «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագիրը աջակցել է Հայաստանի իշխանություններին առավել ամրապնդել քրեակատարողական բարեփոխումները և բանտային առողջապահությունը, ինչպես նաև՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը: Եվրոպայի խորհուրդը աջակցություն է ցուցաբերել քաղաքականության մշակման և գործառնական մակարդակներում՝ աջակցելով իշխանություններին՝ քրեակատարողական համակարգի բարեփոխումների իրականացման և քրեակատարողական համակարգում գործելակերպային փոփոխություններ մտցնելու ուղղությամբ, հատկապես՝ 2022 թվականին Քրեական օրենսգրքի, Քրեական դատավարության օրենսգրքի և Քրեակատարողական օրենսգրքի ընդունումից հետո:

Ծրագրի կենտրոնում էին հետևյալ առաջնահերթ ոլորտները.

  • «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ինստիտուցիոնալ կարողությունների հետագա բարձրացում՝ քրեակատարողական համակարգում որակյալ առողջապահական ծառայություններ ապահովելու նպատակով
  • բժշկական և ոչ բժշկական անձնակազմի գիտելիքների և հմտությունների հետագա ամրապնդում առողջապահության վերաբերյալ տարբեր թեմաներով
  • քրեակատարողական հիմնարկներում կանխարգելիչ առողջապահական ծրագրերի մշակում և փորձարկում
  • քրեակատարողական համակարգի անձնակազմի կարողությունների հզորացում՝ ազատությունից զրկված անձանց համար գործիքների և վերականգնողական ծրագրերի կիրառման նպատակով
  • մարդու իրավունքների վերաբերյալ օրենսդրական դաշտի ներդաշնակեցում Քրեակատարողական նոր օրենսգրքի հետ։

Ծրագիրը իրականացվել է Արդարադատության նախարարության, Առողջապահության նախարարության, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ սերտ համագործակցությամբ և ներառում է տեղական այլ շահագրգիռ կողմերի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների լայն շրջանակ:

Ծրագրի հիմքում ընկած  հիմնական կոնվենցիաներն են Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոնվենցիան և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան (ՄԻԵԿ), ինչպես նաև` Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ) եզրակացություններն ու առաջարկությունները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռները: