Հայաստանի արդարադատության նախարարի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի կողմից այսօր «Սևան» քրեակատարողական հիմնարկում փայտամշակման կենտրոնի բացմամբ նշանավորվեց դատապարտյալների վերականգնման ուղղությամբ մեծ առաջընթաց:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց նոր վերանորոգված կենտրոնը, որը հագեցած է փայտամշակման ժամանակակից տեխնիկայով և ընդգծում է Եվրոպայի խորհրդի շարունակական ջանքերը՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի վերականգնողական քրեակատարողական համակարգ:
Փայտամշակման կենտրոնի ստեղծումը, որը ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի կողմից ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոնին» տրամադրված դրամաշնորհով, կոչված է դատապարտյալներին արժեքավոր հմտություններ և աշխատանքային փորձ ապահովելու, ինչը նրանց հնարավորություն կտա մրցակցել աշխատաշուկայում և ազատ արձակվելուց հետո նպաստել հասարակությանը:
Առաջարկելով մասնագիտական ուսուցում՝ փայտամշակման կենտրոնը հասցեագրելու է վերականգնողական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, որոնք առաջնահերթություն են տալիս վերասոցիալականացմանը, այլ ոչ թե՝ պատժին: Ծրագիրը հանդիսանում է ազատազրկվածների վերասոցիալականացման և վերաինտեգրման խթանման ավելի լայն նախաձեռնության մաս, ինչպես նախատեսված է Հայաստանի նոր քրեակատարողական օրենսգրքով:
Կենտրոնի ստեղծումը նաև կարևորում է բարեփոխումների ավելի լայն օրակարգը, որին աջակցում է Եվրոպայի խորհուրդը։ Ակնկալվում է, որ փայտամշակման կենտրոնի բացումը երկարաժամկետ դրական ազդեցություն կունենա ոչ միայն դատապարտյալների, այլև՝ ավելի լայն համայնքի համար: Կրճատելով կրկնահանցագործությունների մակարդակը և բարձրացնելով աշխատունակությունը՝ նման նախաձեռնությունները նպաստում են ավելի ապահով հասարակության ձևավորմանը: Եվրոպայի խորհրդի աջակցությունը մի մասն է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված Հայաստանի բարեփոխումների լայն ռազմավարության՝ աջակցելով քրեական արդարադատության համակարգում Հայաստանի շարունակական բարեփոխումներին։
Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում, որն օգնում է ազգային իշխանություններին էլ ավելի խորացնել քրեակատարողական բարեփոխումները, քրեակատարողական առողջապահությունը և ազատությունից զրկված անձանց մարդու իրավունքների պաշտպանությունը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների՝ Հայաստանի համար գործողությունների ծրագրի շրջանակներում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից:

