Back Փախստականների իրավունքները՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ներքո, իրավական երաշխիքների և պետությունների պարտավորությունների վերաբերյալ աշխատաժողովի առանցքում էին

Փախստականների իրավունքները՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ներքո, իրավական երաշխիքների և պետությունների պարտավորությունների վերաբերյալ աշխատաժողովի առանցքում էին

Մարտի 11-ին տեղի ունեցավ աշխատաժողով՝ նվիրված փախստականների և միգրանտների իրավունքների պաշտպանությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակներում:

Քննարկումը հիմնականում անդրադարձավ Կոնվենցիայով նախատեսված իրավական երաշխիքների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դերի վրա՝ ապահովելու փախստականների իրավունքների պաշտպանությունը՝ ընդունող երկիր ժամանելուց մինչև առօրյա կյանքում նրանց առջև ծառացած մարտահրավերները:

Աշխատաժողովին մասնակցեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Փաստաբանների պալատի, ՄԱԿ ՓԳՀ-ի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչն էլ ծառայեց որպես երկխոսության և գիտելիքների փոխանակման հարթակ:

Այս աշխատաժողովը շարունակեց 2024 թվականին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ անցկացված քննարկումը, որը կենտրոնացած էր այնպիսի հիմնարար թեմաների վրա, ինչպիսիք են չվերադարձելիության սկզբունքը (անհատներին այն երկրներ վերադարձնելու արգելքը, որտեղ նրանք կարող են լուրջ վտանգի տակ լինել), կյանքի իրավունքը և վատ վերաբերմունքի արգելքը: Արդյունքում, քաղաքացիական հասարակության կազմակերպություններն այժմ ավելի պատրաստված են խորհրդատվություն տրամադրելու իրենց շահառուներին, իսկ չվերադարձելիության սկզբունքը գնալով ավելի հասկանալի է դառնում և հաղորդակցվում տեղահանված համայնքների շրջանում:

Այսօրվա աշխատաժողովի ընթացքում մասնակիցները խորը քննարկումներ ծավալեցին փախստականներին հուզող հիմնական հարցերի շուրջ, ներառյալ սահմանային մուտքը, ընտանիքի վերամիավորումը, կալանքի պայմանները և թրաֆիքինգից պաշտպանությունը: Այս թեմաները վերլուծվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կարևոր վճիռների միջոցով, որոնք էլ ձևավորել են մարդու իրավունքների եվրոպական չափանիշները:

ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ տիկին Իրինա Դավթյանն ընդգծեց թեմայի կարևորությունը.  «Այսօր, հակամարտությունների թվի աճով պայմանավորված աճում է  նաև պաշտպանություն փնտրող  անձանց թվաքանակը։ Նրանց  խնդրի  լուծումն  ըստ  էության  գտնվում  է  պետությունների  ինքնիշխանության  և  մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում  նրանց ստանձնած  պարտավորությունների  միջակայքում։ Այդ  առումով  հատկապես   հետաքրքիր  էր ծանոթանալ  Մարդու  իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավական երաշխիքների  ապահովման վերաբերյալ  Մարդու իրավունքների  եվրոպական դատարանի կայացրած վճիռներին, դրանք քննարկելով տարբեր տեսանկյուններից,   միաժամանակ   արձանագրելով  նաև այն փաստը, որ շատ   դեպքերում  այս ոլորտի  հետ կապված  որոշումներն ընդունելիս   պետություններն առաջնորդվում  են   ինչպես  քաղաքական, այնպես  էլ տնտեսական նկատառումներով։»

Աշխատաժողովի հիմնական ուղերձներից մեկն այն էր, որ որ կարևոր է, որպեսզի պետությունները կատարեն իրենց պարտավորությունները՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակներում, հատկապես՝ հայաստանյան համատեքստում դրանց գործնական կիրառության վրա դրված շեշտադրմամբ:

Աշխատաժողովը ընդլայնեց մասնակիցների գիտելիքները և ամրապնդեց նրանց գործնական հմտությունները ՄԻԵԿ չափանիշները կիրառելու իրավական խորհրդատվության, գործերի կառավարման և պետական ​​մարմինների հետ համագործակցության մեջ, ինչը հետագայում կհանգեցնի շահառուների ավելի արդյունավետ աջակցությանը:

Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակներում:

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 11 ՄԱՐՏԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page