Back Եվրոպայի խորհուրդն ամրապնդում է համագործակցությունն Ազգային ժողովի հետ մարդու իրավունքների եւ կենսաբժշկության ոլորտում

Եվրոպայի խորհուրդն ամրապնդում է համագործակցությունն Ազգային ժողովի հետ մարդու իրավունքների եւ կենսաբժշկության ոլորտում

Հայաստանում իրականացվող առողջապահական բարեփոխումների և Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցության շրջանակներում` ՀՀ Ազգային ժողովի բարձրաստիճան պատվիրակությունն Առողջապահության հարցերի մշտական ​​հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի գլխավորությամբ Ստրասբուրգում այցելել է Եվրոպայի խորհրդի կառույցներ և Ֆրանսիայի Լիլ քաղաքում տեղակայված Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հոգեկան առողջության ծառայությունների ուղղորդման և հոգեկան առողջության հաստատությունների ցանցային կենտրոններ:

Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ ազգային ժողովի առողջապահության, մարդու իրավունքների և հանրային հարցերի, ինչպես նաև պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովների անդամներ։

Այցի նպատակն էր խթանել հոգեկան առողջության պահպանման ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերների շուրջ երկխոսությունն ու համագործակցությունը և նպաստել Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի խորհրդի առանցքային կառույցների միջև փորձի փոխանակմանը:

Ստրասբուրգում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության ստանդարտների սահմանման վարչության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման բաժնի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնյաների հետ: Քննարկումների առանցքում էին հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ինքնավարության խթանման արդի ռազմավարությունները։

Հայաստանի օրենսդիր պաշտոնյաներն ուսումնասիրել են, թե ինչպես կարող են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ հոգեկան առողջության ոլորտում նախադեպային իրավունքի կիրառման սկզբունքները ներդրվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ՝ ի շահ քաղաքացիների:

Հոգեկան առողջության համաշխարհային օրվա շրջանակներում ԱՀԿ-ի հոգեկան առողջության ուղղորդման կենտրոն և «Lille-Est» հոգեկան առողջության ցանցային կենտրոն կատարած այցերի ընթացքում պատվիրակության անդամները քննարկել են Ֆրանսիայում հոգեկան առողջության  ծառայությունների ոլորտում հիմնական իրավունքահեն մոտեցումներն ու սկզբունքները, ինչպես նաև ԱՀԿ-ի կողմից առաջարկվող լավագույն փորձը, որը կարելի է կիրառել Հայաստանում՝ հոգեկան առողջության ծառայությունների ոլորտում:

Այցի արդյունքում ոչ միայն քննարկվեցին և ամրապնդվեցին մարդու իրավունքների ու կենսաբժշկության ոլորտում համագործակցության նոր ուղղությունները, այլ նաև այցը նպաստեց Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների և Հայաստանի խորհրդարանական պաշտոնյաների միջև փորձի ինտենսիվ փոխանակմանը և նախանշեց Հայաստանում հոգեկան առողջության ծառայությունների ոլորտում բարեփոխումների ինստիտուցիոնալ և գործնական նոր մոտեցումները։

Փորձի փոխանակման այս այցը նաև առաջընթաց ապահովեց հոգեկան առողջության պահպանման միջոցառումների ծրագրի իրականացման ուղղությամբ՝ նպատակ ունենալով բարելավել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մակարդակը՝ որպես Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցության և 2023-2026թթ. Գործողությունների ծրագրի մաս:

Եվրոպայի խորհուրդը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդմանը և մարդու իրավունքների պաշտպանության շրջանակի խթանմանը և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը:

Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության այցը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակներում։

 

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ-ԼԻԼ 8-10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

 Սկիզբ՝ 2023 թ․ հունվարի 1

 Տևողություն՝ 24 ամիս

 Ֆինանսավորում՝ 900,000 եվրո,  Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրին աջակցող դոնորներ

Հիմնական գործընկերներ՝ ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ, Երևանի պետական բժշկական համալսարան։

Ծրագիրը կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ առաջին և չափազանց հաջող համագործակցության ծրագրի, որն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2019-2022թթ․ Գործողությունների ծրագրի շրջանակներում, տրամաբանական շարունակությունն էր։ Հաշվի առնելով Covid-19 համաճարակի՝ առողջապահության համակարգերի վրա թողած ազդեցությունը անհատների և ողջ հասարակության մակարդակով, Եվրոպայի խորհրդի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցությունն այս ոլորտում էլ ավելի արդիական է դարձել։ Ծանր դեպքերով հիվանդացության մեծ ծավալը առաջ բերեց էթիկական և մարդու իրավունքներին առնչվող հիմնական մարտահրավերները, որոնք պետք է հաշվի առնվեն մասնագետների ու իրավասու մարմինների կողմից համավարակի դեմ պայքարելու և իրենց պացիենտների առողջության մասին հոգալու համար:

Ելնելով նախորդ Ծրագրի իրականացման ընթացքում ձեռք բերված արդյունքներից և քաղված դասերից՝ այս Ծրագիրը նպատակն էր նպաստելու կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների եվրոպական և էթիկական չափանիշների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը (օրինակ՝ տեղեկացված համաձայնություն ցանկացած բժշկական միջամտության դեպքում, բժշկական գաղտնիքի կարևորությունը, օրգանների կամավոր, առանց փոխհատուցման նվիրատվությունը, գենետիկ ժառանգության պահպանում) և աջակցելու ազգային իշխանություններին կենսաբժշկության և առողջապահության ոլորտում ազգային օրենսդրությունն ու պրակտիկան կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու իրենց ջանքերին: Այն նաև նպաստեց Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի Օվիեդոյի կոնվենցիայի վավերացմանը։ Եվրոպայի խորհրդի՝ կենսաբանության և բժշկության կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա) իրավաբանորեն պարտադիր միջազգային միակ փաստաթուղթն է, որը սահմանում է ինչպես պրակտիկ բժշկության, այնպես էլ կենսաբժշկական ոլորտում նոր տեխնոլոգիաների համար կիրառելի իրավական շրջանակը:

Ծրագրի առանցքային ուղղությունները՝

  • Աջակցել ազգային մակարդակում որոշում կայացնողների ջանքերին՝ կենսաբժշկության ոլորտում գործող օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի՝ մարդու իրավունքների եվոպական չափանիշներին մոտեցնելու համար։
  • Առողջապահության ոլորտի մասնագետների էթիկայի հանձնաժողովի շարունակական կայացում, ինչպես նաև առողջապահության ոլորտի մասնագետների կարողությունների հզորացում՝ ընդունված էթիկական կանոնների վերաբերյալ՝ ի շահ պացիենտների լավագույն շահերի և պաշտպանության։
  • Առողջապահության և իրավունքի ոլորտի մասնագետների գիտելիքների և կարողությունների ամրապնդում՝ կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների չափանիշները կիրառելու համար (օրինակ՝ բժշկական միջամտության վերաբերյալ տեղեկացված համաձայնություն, անձնական կյանքի պաշտպանություն և տեղեկատվության իրավունք, խտրականության բացակայություն, օրգանների և հյուսվածքների փոխպատվաստում, հոգեկան առողջության ծառայությունների մատուցում, վերարտադրողական առողջության իրավունքներ և այլն):
  • Աջակցություն կենսաբժշկության և առողջապահության ոլորտում մարդու իրավունքների հարցերի շուրջ հասարակական երկխոսության զարգացմանը։

Ծրագիրը իրականացվել է Եվրոպայի Խորհրդի կողմից Հայաստանի համար 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրով սահմանված առաջնահերթություններին համահունչ։ Ինչպես նշված է Գործողությունների ծրագրում, Հայաստանի իշխանությունները Եվրոպայի խորհրդի հետ միասին կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունը ճանաչել են իրենց առաջնահերթություններից մեկը։

Ծրագիրը կնպաստի Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագրի հետևյալ հատուկ արդյունքների ձեռքբերմանը:

      • Գործող օրենսդրական նորմերն ու իրավակիրառ գործընթացները համապատասխանեցված են Օվիեդոյի կոնվենցիայում ամրագրված սկզբունքներին:
      • Բարձրացել է կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը:
      • Բարելավվել է առողջապահական թեմաներով հանրային  երկխոսության մակարդակը։
      • Հայաստանը ավելի պատրաստված է Օվիեդոյի կոնվենցայի հնարավոր հետագա վավերացմանը:

Որպես Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների համալիր փաթեթի բաղկացուցիչ մաս` ծրագիրը ներառել է նոր բաղադրիչ՝ աջակցելու ՀՀ կառավարության ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղից մոտ 2000 բուժաշխատողների՝ Հայաստանի առողջապահական համակարգում լիարժեք ինտեգրման համար՝ կարողությունների զարգացման դասընթացների միջոցով՝ նպաստելով վերջիններիս շարունակական մասնագիտական զարգացմանն ու հավաստագրմանը։ Ծրագրի նոր բաղադրիչը ներառում է նաև հոգեբանական աջակցության տրամադրում՝ թիրախում ունենալով բուժաշխատողներին և բնակչության լայն խմբերի հետ աշխատող այլ մասնագետներին, ներառյալ հոգեբաններ, սոցիալական աշխատողներ և այլն։   Նախատեսելով լայնածավալ հանրային իրազեկման արշավ՝ ծրագիրը նպատակ ունի բարձրացնել փախստականների հետ կապված զգայուն թեմաների վերաբերյալ իրազեկվածությունը Հայաստանի բնակչության շրջանում:

 

Օվիեդոյի կոնվենցիայի մասին տեսահոլովակ
 

 

Հայաստան․ Օվիեդոյի կոնվենցիա