Եվրոպայի խորհուրդը կազմակերպել էր միջոցառում՝ քննարկելու այն իրավունքները եւ առավելությունները, որոնք Հայաստանը եւ նրա քաղաքացիները կարող են ձեռք բերել Օվիեդոյի կոնվենցիայի առաջիկա վավերացման արդյունքում։ Միջոցառման ընթացքում կարեւորվել են նաեւ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ II» համագործակցության ծրագրի ձեռքբերումները։
Քննարկումը համախմբել էր Ազգային ժողովի, մասնավորապես առողջապահության եւ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների, Առողջապահության նախարարության, Արտաքին գործերի նախարարության, Արդարադատության նախարարության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի եւ այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆը, Ազգային ժողովի մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը, Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Լուսինե Բադալյանը եւ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։
Բանախոսները միաձայն համաձայնեցին, որ Օվիեդոյի կոնվենցիայի ստորագրումը նշանակալից հանգրվան է Եվրոպայի խորհրդի եւ Հայաստանի միջեւ համագործակցության համար: Նրանք ընդգծեցին, որ Կոնվենցիայի վավերացումն էլ իր հերթին ավելի տեսանելի կդարձնի Հայաստանի հանձնառությունը կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման եւ հանրային վստահության ձեւավորման ուղղությամբ:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ծրագրի հիմնական ձեռքբերումները.
- Աջակցություն առողջապահության ոլորտի օրենսդրական դաշտի բարելավմանը եւ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի իրականացմանը:
- Աջակցություն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը:
- Աջակցություն Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի գործունեության ամրապնդմանը:
- Եվրոպայի խորհրդի` Մարդու իրավունքները հոգեկան առողջության ծառայություններում HELP դասընթացի մշակում:
- Առողջապահության ոլորտի մասնագետների եւ իրավաբանների կարողությունների զարգացում Օվիեդոյի կոնվենցիայի սկզբունքների համաձայն:
- Առողջապահական խնդիրների շուրջ հանրային երկխոսության բարելավում:
- Աջակցություն Հայաստանի կառավարությանը՝ փախստական բուժաշխատողներին ազգային առողջապահական համակարգում ինտեգրելու հարցում:
Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի՝ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ II» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակում։

