Հայաստան կատարած իր վերջին այցի ընթացքում Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման գծով տնօրեն Կլաուս Նոյկիրխն այցելեց Ապարանի համայնքի (Արագածոտնի մարզ) երիտասարդական կենտրոն։ Կենտրոնն ստեղծվել է 2021թ․-ին Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում էր Ավստրիական զարգացման համագործակցության կողմից: Դրամաշնորհի հիմնական նպատակն էր ստեղծել ընդհանուր տարածք, որը կօգտագործվի համայնքի ավագանու նիստերի, հանրային քննարկումների, վերապատրաստման և ակտիվ երիտասարդների կողմից իրականացվող համայնքի զարգացման միջոցառումների համար:
Կենտրոնի օգտատերերը ներկայացրին կենտրոնի կողմից ստեղծված նոր հնարավորությունները, ինչպիսիք են փորձի փոխանակումը և համայնքի համար նախաձեռնությունների մշակումը:
«Այս համայնքի երիտասարդները հանդիպման վայր ունեն, որտեղ կարող են քննարկել իրենց ծրագրերը, թե ինչպես են պատկերացնում փոփոխությունները համայնքում։ Ժողովրդավարությունը պետք է սկսվի տեղական մակարդակում և երիտասարդների հետ, որպեսզի ապագայում այս երիտասարդները կարողանան իրենց կյանքի վրա ազդող որոշումներ կայացնել»,- նշեց Կլաուս Նոյկիրխն այցի ժամանակ։
Այցի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը կարևորեցին Եվրոպայի խորհրդի հետ արդյունավետ և սերտ համագործակցությունը։
Տեղական ժողովրդավարությունը և տեղական ինքնակառավարումը մնում են Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագրի առանցքային ոլորտներից մեկը՝ նպատակ ունենալով աջակցելու երկրում ժողովրդավարական բարեփոխումներին: Սա արտացոլում է այն կարևորությունը, որ թե՛ Եվրոպայի խորհուրդը, թե՛ Հայաստանի կառավարությունը տալիս են Հայաստանում լիազորությունների ապակենտրոնացմանը և ուժեղ, կենսունակ տեղական ինքնակառավարման հաստատմանը:
Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կողմից փետրվարի 16-ին, Երևանում։
