Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) հրապարակել է 2023 թվականի սեպտեմբերին Հայաստան կատարած պարբերական այցի վերաբերյալ զեկույցը (տես նաև համառոտ ամփոփագիրը) Հայաստանի իշխանությունների կողմից ստացված պատասխանի հետ համատեղ։ Պատվիրակությունն ուսումնասիրել է ոստիկանության և ռազմական մարմինների կողմից ազատությունից զրկված անձանց, ինչպես նաև մի քանի քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ), Դատապարտյալների հիվանդանոցում և սոցիալական խնամքի կենտրոններում («ինտերնատներ») գտնվող անձանց իրավիճակը։
Ոստիկանության հսկողության տակ գտնվող անձանց պարագայում պատվիրակությանը հարցազրույց տված անձանց մեծ մասը պնդել են, որ ոստիկանությունը իրենց նկատմամբ պատշաճ կերպով է վարվել։ Այնուամենայնիվ, պատվիրակությունը հավաքագրել է որոշակի մեղադրանքներ ոստիկանության կողմից կալանավորված անձանց նկատմամբ վերջերս ցուցաբերած ֆիզիկական վատ վերաբերմունքի դեպքերով, մասնավորապես՝ հարցաքննության ժամանակ՝ ըստ տեղեկությունների խոստովանություն կամ այլ տեղեկություն կորզելու նպատակով։
Այցելած քրեակատարողական հիմնարկներում ԽԿԿ պատվիրակությունը քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից որևէ ֆիզիկական վատ վերաբերմունքի դեպքերով մեղադրանք չի ստացել։ Ազատությունից զրկված անձանց շրջանում ոչ ֆորմալ հիերարխիայի ազդեցությունը կարծես նվազեցվել է՝ մասամբ քրեակատարողական հիմնարկի ենթամշակույթին անդամակցելը վերջերս քրեականացնելու և Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում ամենաազդեցիկ և ամենաքիչ համատեղելի «քրեական հեղինակություններին» առանձնացնելու քրեակարատարողական հիմնարկի վարչական կազմի կայացրած որոշման շնորհիվ։ Այնուամենայնիվ, ազատությունից զրկված անձանց միջև բռնությունը դեռևս լիովին արմատախիլ չի արվել հատկապես Նուբարաշեն և Արթիկ ՔԿՀ-ներում։ ԽԿԿ-ն առաջարկել է վճռական քայլեր ձեռնարկել ազատությունից զրկված անձանց շրջանում ոչ ֆորմալ հիերարխիայի ազդեցությանը վերջ տալու նպատակով։
Ինչ վերաբերում է քրեակատարողական հիմնարկներում նյութական պայմաններին, Աբովյան ՔԿՀ-ում ընթացիկ համապարփակ վերանորոգումը որպես դրական զարգացում է դիտարկվել, բայց մնացած դեպքերում, օրինակ՝ Նուբարաշեն ՔԿՀ-ում պայմանները ընդհանուր առմամբ շարունակում են մնալ շատ վատ, իսկ Արմավիր և Արթիկ ՔԿՀ-ներում միջին կարգավիճակ է։

