Back Գերծանրաբեռնվածություն և տարեց ու կին ազատազրկվածների թվի աճ Եվրոպայի քրեակատարողական հիմնարկներում

Հրապարակվել են Եվրոպայի խորհրդի 2025 թ․-ի քրեական վիճակագրական տվյալները
Այսօր Եվրոպայում քրեակատարողական հիմնարկներում յուրաքանչյուր 100 տեղի դիմաց հաշվվում է 95 դատապարտյալ

Այսօր Եվրոպայում քրեակատարողական հիմնարկներում յուրաքանչյուր 100 տեղի դիմաց հաշվվում է 95 դատապարտյալ

Եվրոպայի խորհրդի հրապարակած 2025 թ․-ի քրեակատարողական վիճակագրական տարեկան զեկույցը (SPACE I) ցույց է տալիս, որ եվրոպական բազմաթիվ երկրներ դեռևս չեն կարողանում հաղթահարել քրեակատարողական հիմնարկների գերբնակեցման լուրջ խնդիրը։ Մի շարք երկրներում քրեակատարողական հիմնարկները գրեթե ամբողջությամբ բնակեցված են՝ վերջին տարիներին ազատազրկվածների թվի աճի հետևանքով։ Միաժամանակ հետազոտությունը ցույց է տալիս, որ աճում է տարեց ազատազրկվածների մասնաբաժինը, ինչը կարող է ապագայում ստեղծել գործառնական և քաղաքական նոր մարտահրավերներ քրեակատարողական համակարգերի համար։ Նկատվում է նաև քրեակատարողական հիմնարկներում պահվող կանանց թվի որոշակի աճ։

Ընդհանուր առմամբ Եվրոպայում 2024 թ.-ի հունվարի 31-ից մինչև 2025 թ.-ի հունվարի 31-ը յուրաքանչյուր 100 հասանելի տեղին բաժին ընկնող ազատազրկվածների թիվն աճել է՝ 94.7-ից հասնելով 95.2-ի, թեև երկրների միջև տարբերությունները զգալի են։ Ավելի քան 500 հազար բնակչություն ունեցող երկրների 14 քրեակատարողական համակարգերում արձանագրվել է, որ ազատազրկվածների թիվը գերազանցում է առկա տեղերի քանակը։ 2024թ․-ի հունվարի դրությամբ ծանր գերբնակեցում ունեցող քրեակատարողական համակարգերի թիվը 2025թ․-ի հունվարի դրությամբ 6-ից աճել է մինչև 9-ը։ Դրանց թվում են՝ Թուրքիան և Ֆրանսիան (յուրաքանչյուր 100 տեղի դիմաց՝ 131 ազատազրկված), Խորվաթիան (123), Իտալիան (121), Մալթան (118), Կիպրոսը (117), Հունգարիան (115), Բելգիան (114) և Իռլանդիան (112)։

Միջին մակարդակի գերբնակեցում արձանագրվել է 5 քրեակատարողական համակարգերում՝ Ֆինլանդիա (110), Հունաստան (108), Շոտլանդիա (Միացյալ Թագավորություն) (106), Հյուսիսային Մակեդոնիա (104) և Շվեդիա (103)։ Բացի այդ, 9 քրեակատարողական համակարգեր գործել են ամբողջական կամ գրեթե ամբողջական ծանրաբեռնվածությամբ՝ Ռումինիա (100), Պորտուգալիա (99), Ադրբեջան (98), Անգլիա և Ուելս (96), Սերբիա (96), Չեխիա (95), Նիդերլանդներ (95), Դանիա (95) և Շվեյցարիա (95)։

Եվրոպայի բանտային բնակչությունը գերազանցել է 1.1 միլիոնը

2025 թ․-ի հունվարի 31-ի դրությամբ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների 51 քրեակատարողական համակարգերում պահվել է ընդհանուր առմամբ 1,107,921 անձ։ Եվրոպայում ազատազրկման միջին մակարդակը կազմել է 110 ազատազրկված՝ յուրաքանչյուր 100,000 բնակչի հաշվով։ Եթե դիտարկվեն ավելի քան 1 միլիոն բնակչություն ունեցող և 2024 ու 2025 թ․-ի տվյալներ ներկայացրած երկրները, ապա միջին եվրոպական ցուցանիշը մնացել է անփոփոխ՝ 115 ազատազրկված յուրաքանչյուր 100,000 բնակչի հաշվով։

Այնուամենայնիվ, 2024թ․-ի հունվարից մինչև 2025 թ․-ի հունվար 13 երկրներում արձանագրվել է ազատազրկման մակարդակի զգալի աճ․ Թուրքիա (+29%), Մոնտենեգրո (+22%), Լյուքսեմբուրգ (+20%), Շվեդիա (+15%), Հունաստան (+14%), Խորվաթիա (+11%), Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնություն (+8.2%), Լատվիա (+8%), Ֆինլանդիա (+7.2%), Ֆրանսիա (+6.6%), Կատալոնիա (Իսպանիա) (+6.4%), Հայաստան (+5.8%) և Հունգարիա (+5.3%)։ Միայն հինգ երկրներում է արձանագրվել ազատազրկման մակարդակի էական նվազում՝ Ուկրաինա (-18%), Սլովակիա (-16%), Վրաստան (-11%), Էստոնիա (-9.8%) և Լեհաստան (-6%)։

Ամենաբարձր ազատազրկման մակարդակներն արձանագրվել են Թուրքիայում (458 ազատազրկված՝ 100,000 բնակչի հաշվով), Ադրբեջանում (271), Մոլդովայի Հանրապետությունում (245), Վրաստանում (232), Հունգարիայում (206), Մոնտենեգրոյում (200), Ալբանիայում (192), Լեհաստանում (189), Լատվիայում (189), Չեխիայում (178), Սերբիայում (174), Լիտվայում (154) և Սլովակիայում (151)։ Բարձր ցուցանիշներ են արձանագրվել նաև Շոտլանդիայում (Միացյալ Թագավորություն) (148), Հյուսիսային Մակեդոնիայում (146) և Անգլիայում ու Ուելսում (Միացյալ Թագավորություն) (141)։

Ընդհանուր առմամբ Եվրոպայում յուրաքանչյուր չորրորդ ազատազրկվածը գտնվում էր նախնական կալանքի տակ 2025թ․-ի հունվարի դրությամբ։ Նախնական կալանքը, որը հաճախ զգալի ազդեցություն ունի քրեակատարողական հիմնարկների գերբնակեցման վրա, տարածաշրջանային հստակ միտում չի ձևավորում։ Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Ալբանիայում (62%), Մոնտենեգրոյում (53%), Հայաստանում (52%), Շվեյցարիայում (49%) և Նիդերլանդներում (45%)։ Ամենացածր ցուցանիշները եղել են Բուլղարիայում (7%), Չեխիայում (8.2%), Լեհաստանում (11%), Ռումինիայում (12%), Սլովակիայում և Լիտվայում (13%)։

Օտարերկրյա քաղաքացիների մասնաբաժինը զգալիորեն տարբերվում է

Որոշ երկրներում օտարերկրյա քաղաքացիները կազմում են բանտային բնակչության զգալի մասը, իսկ այլ երկրներում՝ շատ փոքր բաժին։ Սա պայմանավորված է մի շարք պատճառներով, այդ թվում՝ միգրացիոն հոսքերով, իրավական շրջանակներով և աշխարհաքաղաքական գործոններով։ Ընդհանուր առմամբ Եվրոպայում ազատազրկվածների 17%-ը օտարերկրացիներ են։ Այն փաստը, որ օտարերկրյա ազատազրկվածների շրջանում Եվրոպական միության քաղաքացիների միջին մասնաբաժինը կազմել է 27%, արտացոլում է եվրոպական շարժունակությունը և ԵՄ-ի ազատ տեղաշարժի շրջանակը, որը թույլ է տալիս քաղաքացիներին ապրել և աշխատել անդամ պետություններում։

Օտարերկրյա քաղաքացիների հատկապես բարձր մասնաբաժին ունեցող քրեակատարողական համակարգերի թվում են Լյուքսեմբուրգը (78%), Շվեյցարիան (73%), Կիպրոսը (54%), Ավստրիան (53%), Սլովենիան (52%), Կատալոնիան (Իսպանիա) (52%), Հունաստանը(52%), Մալթան (51%), Գերմանիան (47%) և Բելգիան (43%)` 500,000-ից ավելի բնակչություն ունեցող երկրներում։ ։ Ամենացածր ցուցանիշները գրանցվել են Ռումինիայում (1.1%), Մոլդովայի Հանրապետությունում (1.9%) և Ադրբեջանում (2.2%)։

Բանտային բնակչության ծերացման մարտահրավերը

Եվրոպական քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց միջին տարիքը կազմել է 39 տարեկան` երկրների միջև զգալի տարբերություններով։։ Ամենաբարձր միջին տարիքը գրանցվել է Իտալիայում և Պորտուգալիայում (42), ապա՝ Մոնտենեգրոյում, Էստոնիայում և Սերբիայում (41)։ Ամենաերիտասարդ բանտային բնակչությունն ունեցել են Մոլդովայի Հանրապետությունը (30), Շվեդիան (34), ինչպես նաև Ֆրանսիան, Կիպրոսը և Դանիան (35)։

Հետազոտությունը արձանագրում է տարեց ազատազրկվածների թվի աճ՝ 2.5%-ից մինչև 2.9% 2020-2025թ․-երի ընթացքում։ Թեև տարեց ազատազրկվածների ընդհանուր մասնաբաժինը դեռ համեմատաբար փոքր է, հետազոտությունը նշում է, որ այս միտումը կարող է ապագայում ստեղծել քրեակատարողական համակարգերի կառավարման նոր մարտահրավերներ՝ հաշվի առնելով տարեց ազատությունից զրկված անձանց առողջական կարիքները, քրոնիկ հիվանդությունները, ճանաչողական անկումը և շարժունակության նվազումը։

65 և բարձր տարիքի ազատազրկվածների ամենաբարձր մասնաբաժինը գրանցվել է Խորվաթիայում (10.8%), Սերբիայում (7.2%), Սլովենիայում (5.7%), Բուլղարիայում (5.2%) և Իտալիայում (5.1%)։ Իսկ 50-64 տարեկան ազատազրկվածների ամենաբարձր ցուցանիշները եղել են Սլովակիայում (28%), Իտալիայում (24%), Հյուսիսային Մակեդոնիայում (22%), Պորտուգալիայում (21%) և Իսպանիայում (պետական վարչակազմ) (20%)։

Կանայք քրեակատարողական հիմնարկներում

2024-ից 2025 թ․-ին կանանց մասնաբաժինը բանտային բնակչության մեջ աճել է 4.8%-ից մինչև 5.2%, ինչը ավելի քան 8.9% աճ է ավելի քան մեկ միլիոն բնակչություն ունեցող երկրներում։ Սա կարող է պայմանավորված լինել դատավճիռների կիրառման փոփոխություններով, հանցագործությունների բնույթի փոփոխությամբ և ազատազրկման այլընտրանքային միջոցների կիրառման մակարդակով։ Կանանց ամենաբարձր մասնաբաժինը գրանցվել է Հունգարիայում (8.8%), Չեխիայում (8.6%), Մալթայում (8%) և Շվեդիայում (7.9%)՝ 500,000-ից ավելի բնակչություն ունեցող երկրներում։ Ի հակադրություն՝  կանանց ամենացածր մասնաբաժինը արձանագրվել ՝ Ալբանիայում (1.6%), Հայաստանում (2.6%), Մոնտենեգրոյում (2.8%) և Ադրբեջանում (3.1%)։

Հանցագործությունների տեսակները

Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները շարունակում են մնալ ամենատարածված պատճառը, որի համար անձինք ազատազրկվում են(17.3%)։ Դրանց հաջորդում են գողությունները (12.1%)։ Ազատազրկվածների շուրջ մեկ երրորդը պատիժ է կրում բռնի հանցագործությունների համար, ներառյալ սպանություն կամ սպանության փորձ (10.9%), բռնաբարություն և այլ սեռական բնույթի հանցագործություններ (8.6%), մարմնական վնասվածքներ հասցնելը (6.3%) և կողոպուտը (6.1%)։ Ազատազրկվածների 2.7%-ը դատապարտվել է ճանապարհատրանսպորտային իրավախախտումների, ևս 2.7%-ը՝ տնտեսական և ֆինանսական հանցագործությունների համար։

***

SPACE հետազոտություններն ամեն տարի իրականացվում են Լոզանի համալսարանի կողմից՝ Եվրոպայի խորհրդի պատվերով։ SPACE I ուսումնասիրությունը հավաքագրում է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների քրեակատարողական համակարգերի տվյալները, իսկ SPACE II-ը վերաբերում է պրոբացիոն համակարգերին։

Նշումներ

  • SPACE I 2025 հետազոտությանը մասնակցել են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների 51 քրեակատարողական համակարգեր։
  • Եթե այլ բան նշված չէ, տվյալները վերաբերում են 2025 թ․-ի հունվարի 31-ի դրությամբ իրավիճակին։ Ծայրահեղ բարձր կամ ցածր ցուցանիշների առկայության դեպքում օգտագործվել են միջինացված տվյալներ, քանի որ դրանք ավելի հավաստի են և պակաս զգայուն են ծայրահեղ արժեքների նկատմամբ։
  • Քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության գնահատման ժամանակ կարևոր է հաշվի առնել, որ նույնիսկ այն երկրներում, որտեղ ընդհանուր առմամբ ազատազրկվածների թիվը չի գերազանցում առկա տեղերի քանակը, այնուամենայնիվ առանձին հիմնարկներում կարող է առկա լինել գերբնակեցում։

 Read the key findings of the report

 Read the full report on prisons in Europe

 Find out more about the work of the Council of Europe for the human rights of everyone

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ 19 ՄԱՅԻՍԻ, 2026թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page