Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) և Երևանի պետական համալսարանի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի համատեղ պաշտոնապես մեկնարկել են փախստական և միգրանտ երեխաների իրավունքների պաշտպանության և խթանման վերաբերյալ Եվրոպայի խորհրդի HELP առցանց դասընթացը։
2024 թվականի հուլիսի 15-ին կայացած համատեղ միջոցառումը համախմբել էր մոտ 50 ներկայացուցչի Եվրոպայի Խորհրդից, ՄԱԿ ՓԳՀ-ից, Երևանի պետական համալսարանից, նախարարություններից և քաղաքացիական հասարակությունից, Եվրոպայի խորհրդի Երեխաների իրավունքների և Արդարադատության և մարդու իրավունքների ուսուցման բաժիններից, ինչպես նաև Ստրասբուրգում Եվրոպական հաստատություններում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչությունից։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ նաև Գլխավոր քարդտուղարի Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչը։
Այս նոր առցանց HELP դասընթացը, որը հարմարեցված է հայկական համատեքստին, հանդես է գալիս որպես արդյունավետ կրթական գործիք՝ նպատակ ունենալով խորացնել մասնակիցների գիտելիքները փախստական և միգրանտ երեխաների, այդ թվում՝ առանց ուղեկցության և ընտանքից անջատված երեխաների իրավունքների և կարիքների մասին: Իրավական դաշտի, նախադեպային իրավունքի և լավագույն փորձի վերաբերյալ համապարփակ վերապատրաստման միջոցով դասընթացը նախապատրաստում է իրավապահ մարմինների և միգրացիայի ոլորտում աշխատող պաշտոնատար անձանց, դատավորներին, իրավաբաններին, պետական պաշտոնյաներին և միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ լուծելու և բավարարելու փախստականների և միգրանտ երեխաների հատուկ կարիքները՝ դրանով իսկ զգալի և դրական ազդեցություն թողնելով նրանց կյանքի վրա։
Միջոցառման ավարտին «Ապաստանը և մարդու իրավունքները» HELP առցանց դասընթացը բարեհաջող ավարտած մասնակիցները ստացան հավաստագրեր: Դասընթացի վկայականները հանձնվեցին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի, Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության և ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի համապատասխան ներկայացուցիչների կողմից՝ բարձր գնահատելով մասնակիցների հանձնառությունը զարգացնելու իրենց հմտություններն ու գիտելիքները՝ միտված փախստական և միգրանտ երեխաներին համակողմանի պաշտպանելուն և աջակցելուն:
Միջոցառումն իրականացվել է «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագրի աջակցությամբ։