Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի համար մեծ նշանակություն ունի այն, թե արդյոք կա անկախ մարմին, որը հետևում է նրա իրավունքների պահպանմանը, և թե արդյոք այդ վերահսկողությունն իրականացնող տարբեր կառույցները գործում են որպես մեկ ամբողջություն։ Հայաստանում այդ պատասխանատվությունը կիսում են մի շարք հաստատություններ, սակայն դրանք հաճախ գործում են միմյանցից առանձին։
Հուլիսի 20-21-ին Ծաղկաձորում անցկացված երկօրյա վերապատրաստումը նպատակ ուներ խթանել այդ համագործակցությունը՝ մեկ հարթակում համախմբելով Արդարադատության նախարարության և Ներքին գործերի նախարարության հանրային դիտորդական խմբերի անդամներին, նշված նախարարությունների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Քրեակատարողական ծառայության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներին։ Դիտորդներ, բժիշկներ, իրավաբաններ և պետական պաշտոնյաներ, որոնք միասին ձևավորում են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության համակարգը, սակայն հազվադեպ են հնարավորություն ունենում համատեղ քննարկելու իրենց փորձն ու տեսակետները։
Վերապատրաստումն առանձնանում էր իր գործնական ուղղվածությամբ։ Մասնակիցները վերլուծեցին, թե ինչպես են ազգային օրենսդրական և ինստիտուցիոնալ մեխանիզմները փոխգործակցում ազատությունից զրկման գործընթացում, քննարկեցին խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման, բացահայտման և փաստաթղթավորման հարցերը, ինչպես նաև ազատությունից զրկման վայրերում առողջապահական և հոգեկան առողջության պահպանման, առավել խոցելի անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նաև մոնիթորինգի արդյունքների արդյունավետ կիրառմանը՝ քննարկելով հաշվետվությունների պատրաստման, առաջարկությունների կատարման նկատմամբ հետևողական վերահսկողության, ինչպես նաև դիտորդական մարմինների և պետական համապատասխան կառույցների միջև համակարգման ամրապնդման և գործառույթների հնարավոր կրկնությունից խուսափելու ուղիները։
Սակայն միջոցառման ամենակարևոր արդյունքը մասնակիցների միջև ձևավորված բաց և կառուցողական երկխոսությունն էր։ Երկու օր շարունակ տարբեր հաստատությունների ներկայացուցիչները, որոնք առօրյա աշխատանքում հազվադեպ են առիթ ունենում հանդիպելու, քննարկեցին միմյանց առջև ծառացած խնդիրները, փոխանակեցին փորձ և համատեղ փնտրեցին գործնական լուծումներ։ Փորձագետների զեկույցների, գործնական քննարկումների և փորձի փոխանակման շնորհիվ դիտորդի հարցը ստացավ բժշկի պատասխանը, իսկ իրավական բացը դարձավ բոլորի կողմից լուծում պահանջող ընդհանուր խնդիր։
Տեխնիկական գիտելիքների և հմտությունների զարգացումից բացի, վերապատրաստումը կարևոր հարթակ դարձավ միջգերատեսչական համագործակցության ամրապնդման համար։ Իսկ նման վստահության և համագործակցության ձևավորումը կարևոր նախապայման է մարդու իրավունքների խախտումների կանխարգելման և դրանց նկատմամբ ժամանակին ու արդյունավետ արձագանքման համար։
Թեև նման նախաձեռնությունները չեն կարող մեկ ակնթարթում փոխել ազատությունից զրկման վայրերում առկա իրավիճակը, դրանք նպաստում են ավելի արդյունավետ պաշտպանական համակարգի ձևավորմանը։ Երբ դիտորդական մարմինները լավ են ճանաչում միմյանց աշխատանքի մեթոդները, մոնիթորինգի արդյունքները վերածվում են գործնական արձագանքի, իսկ պատասխանատու կառույցներն առաջնորդվում են մարդու իրավունքների եվրոպական չափանիշներով, ստեղծվում են իրական փոփոխությունների հիմքերը՝ ի շահ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության։
Միջոցառումը իրականացվեց Եվրոպայի խորհրդի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը աջակցում է ազգային իշխանություններին՝ շարունակաբար զարգացնելու քրեակատարողական բարեփոխումները, բանտային առողջապահությունը և ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների՝ Հայաստանի համար գործողությունների ծրագրի շրջանակներում։





