Back Միջազգային համաժողով․ դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում

Միջազգային համաժողով․ դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում

2025 թ․ հուլիսի 1-2-ին Դիլիջանում կայացած բարձրաստիճան միջազգային համաժողովը նվիրված էր դատախազների անկախության և անաչառության կարևոր թեմային՝ հատկապես պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերի համատեքստում, ինչպիսիք են կոռուպցիան և փողերի լվացումը։

Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից՝ Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության հետ համագործակցությամբ՝ նշելու համար Հայաստանի դատախազության ստեղծման 107-ամյակը և Դատախազության ծառայողի օրը։

Համաժողովը համախմբել էր Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, կառավարության, դատական իշխանության և իրավապահ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներին։ Եվրոպայի խորհուրդը ներկայացված էր Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի, Իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Դանեղյանի, և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Տնտեսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարի վարչության Տնտեսական հանցագործությունների և համագործակցության բաժնի ստորաբաժանման ղեկավար Սերտիչի կողմից։ Եվրոպական միության պատվիրակությունը ներկայացնում էր քաղաքական բաժնի ղեկավարի տեղակալ Տոմաշ Օստրոպոլսկին։

Միջազգային մասնակիցների թվում էին Լիտվայի և Մալթայի գլխավոր դատախազները, ինչպես նաև դատախազներ Ավստրիայից, Հունաստանից, Լեհաստանից և Չեխիայից։ Մասնակցում էին նաև Եվրաջասթի, Դատախազների միջազգային ասոցիացիայի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի խորհրդատվական դատախազների խորհրդի նախկին նախագահ Յանա Զեզուլովան և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։

Համաժողովի բացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց իրավապահ համակարգի դերը խաղաղության, արդարության և բարեկեցության ապահովման գործում։ Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն արձանագրել է՝ կոռուպցիան այն հիմնական պրոբլեմներից է, որը մի քանի ուղղություններով ստեղծում է խնդիրներ ցանկացած իրականության մեջ։ «Կառավարության քաղաքականությունն է՝ ցուցաբերել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի և կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ, և մենք շարունակում ենք հետևողական լինել այդ ճանապարհին» ։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց գործընկերներին իրենց նվիրումի համար՝ ընդգծելով պատասխանատվության և ազնվության նշանակությունը դատախազական աշխատանքում․
«Մենք պատասխանատու ենք ոչ միայն մեր, այլև մեզ շրջապատող, մեզ վստահող մարդկանց համար: Ես ցանկանում եմ, որ պարտքի զգացումով, մեծ պատասխանատվությամբ, ուղիղ մեջքով և պարզ ճակատով իրականացնեք ձեր առաքելությունը»:

 Նա նաև ներկայացրեց գույքի վերականգնման գործընթացում Հայաստանի առաջընթացը։ 2024 թվականի դեկտեմբերից ի վեր պետական միասնական հաշվին է փոխանցվել վերականգնված 17.5 միլիարդ ՀՀ դրամ, ինչը վկայում է թափանցիկության, հաշվետվողականության և օրենքի գերակայության նկատմամբ Հայաստանի հանձնառության մասին։

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների տնօրինության տնօրեն Քլեր Օվիի նախապես ձայնագրված տեսաուղերձում ասվում էր․

«Դատախազների դերը բարդ է, պահանջկոտ և կենսական անհրաժեշտություն ունի։ Ահա թե ինչու գործընկերային փորձի փոխանակման հնարավորությունները, ինչպես, օրինակ, այս համաժողովը, անչափ կարևոր են։ Որքան ամրապնդվում է այս համագործակցությունը, այնքան թուլանում է միջազգային կազմակերպված հանցավորության ազդեցությունը մեր մայրցամաքի վրա»։

ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Թոմաշ Օստրոպոլսկին իր խոսքում վերահաստատեց ԵՄ աջակցությունը․

«Այս բարձրաստիճան խորհրդաժողովը կարևոր հարթակ է ՝ մտորելու առաջնահերթությունների, ձեռք բերված  արդյունքների և հետևությունների մասին։ ԵՄ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի պետական կառույցներին՝ կոռուպցիայի դեմ պայքարում և իրավունքի գերակայության ամրապնդման գործում՝ տրամադրելով ծրագրային և քաղաքականության մշակման աջակցություն ոլորտի հիմնական շահառուներին։ Սա ներառելու է կարողությունների զարգացում դատական համակարգի, դատախազների, քննիչների և փաստաբանների համար։»

Սա Հայաստանի գլխավոր դատախազության, Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության կողմից համատեղ կազմակերպված երրորդ միջազգային համաժողովն էր։ Այն նպատակ ուներ նպաստել դատախազական անկախության ապահովման եվրոպական չափանիշների և լավագույն փորձի քննարկմանը, հատկապես քաղաքական տեսանկյունից զգայուն գործերով, ինչպես նաև խթանել միջազգային համագործակցությունը՝ օրենքի և իրավունքի գերակայության առջև ծառացած մարտահրավերներին համատեղ արձագանքելու համար։

Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրով համաֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» և «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրերի շրջանակում:

 

ԴԻԼԻՋԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 1-2 ՀՈՒԼԻՍԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

 

FOLLOW US

Partnership for Good Governance 

 Website

 Facebook

X (former Twitter)

Council of Europe Office in Yerevan

Facebook