Հայաստանի քրեակատարողական համակարգում առաջին անգամ ներդրվել է թմրամիջոցների կանխարգելման ոլորտում հավասարը հավասարին կրթության մեթոդը՝ ազատությունից զրկված անձանց համար մշակված հատուկ «Դասընթացավարների պատրաստման» ծրագրի միջոցով, որը կենտրոնացած էր վնասի նվազեցման և վերականգնման վրա։ Դասընթացը տեղի է ունեցել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մայիսի 25-27-ը։
«Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների տասը դատապարտյալներ դարձան իրենց հիմնարկներում և Հայաստանում առաջին հավասարը հավասարին կրթողները։ Այսուհետ նրանք հնարավորություն կունենան աջակցելու այլ ազատությունից զրկված անձանց իրազեկման բարձրացմանը՝ թմրամիջոցների օգտագործման հետ կապված ռիսկերի, առկա աջակցության ծառայությունների և ազատությունից զրկման պայմաններում առողջության համար առավել անվտանգ ընտրությունների վերաբերյալ։
Հայաստանի թմրամիջոցների կանխարգելման ազգային ռազմավարության առաջնահերթություններին համահունչ՝ նախաձեռնությունը նպաստում է քրեակատարողական հիմնարկներում թմրամիջոցների կանխարգելման նկատմամբ առողջապահական և մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցման խթանմանը։ Այն նաև աջակցում է կամավոր բուժման, հոգեսոցիալական աջակցության և վերականգնողական ծառայությունների հասանելիության բարելավմանը։
Հավասարը հավասարին կրթությունը կարող է կարևոր դեր ունենալ քրեակատարողական միջավայրում, որտեղ խարանը, մասնագիտացված հոգեսոցիալական ծառայությունների սահմանափակ հասանելիությունը և ոչ ֆորմալ բանտային ենթամշակույթը հաճախ խոչընդոտում են ազատությունից զրկված անձանց օգնություն փնտրելու հարցում։ Հիմնվելով վստահելի հաղորդակցության վրա և միաժամանակ պահպանելով էթիկական սահմաններն ու ինստիտուցիոնալ չեզոքությունը՝ հավասարը հավասարին կրթությունը հանդիսանում է վերականգնողական և առողջապահական ծառայությունների կարևոր լրացում։
Եռօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին գործնական հմտություններ մի շարք առանցքային ոլորտներում, այդ թվում՝ թմրամիջոցների օգտագործման ռիսկերի վերաբերյալ իրազեկում, վնասի նվազեցման սկզբունքներ, գերդոզավորման ճանաչում և արձագանքում, ՄԻԱՎ-ի և հեպատիտի փոխանցման կանխարգելում ազատազրկման պայմաններում, տրավմայի նկատմամբ զգայուն հաղորդակցություն, մոտիվացիոն հաղորդակցության տեխնիկաներ, գաղտնիության պահպանում և անվտանգ ուղղորդում մասնագիտական ծառայություններին։
Դասընթացը նաև նպաստեց քրեակատարողական հիմնարկում կառուցվածքային և հոգեբանորեն անվտանգ ուսումնական միջավայրի ձևավորմանը։ Որպես ժամանակավոր «առողջության և ուսուցման գոտի» նախագծված այս տարածքը մասնակիցներին հնարավորություն տվեց անվտանգ և խորությամբ անդրադառնալ զգայուն թեմաներին այնպիսի միջավայրում, որը առանձնացված էր պատժիչ դինամիկայից և կենտրոնացած էր ուսուցման, վստահության և պատասխանատվության վրա։
Դասընթացից հետո ստեղծվել է վերահսկման և աջակցության մեխանիզմ՝ ապահովելու համար, որ հավասարը հավասարին կրթողների կողմից իրականացվող գործունեությունը լինի անվտանգ, կայուն և համապատասխան մասնագիտական չափանիշներին։
Միջոցառումը իրականացվեց Եվրոպայի խորհրդի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը աջակցում է ազգային իշխանություններին՝ շարունակաբար զարգացնելու քրեակատարողական բարեփոխումները, բանտային առողջապահությունը և ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների՝ Հայաստանի համար գործողությունների ծրագրի շրջանակներում։










2001 թվականի հունվարի 25-ին Հայաստանի Հանրապետությունը միացավ Եվրոպայի խորհրդին որպես նրա լիիրավ անդամ պետություն։