Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում 2022 թվականից ի վեր Հայաստանի գրանցած առաջընթացը գնահատող նոր զեկույցում Եվրոպայի խորհրդի փորձագիտական մարմինը՝ GRETA-ն, ողջունում է զոհերի հայտնաբերման և աջակցության բարելավման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Միաժամանակ, զեկույցում ընդգծվում է, որ իշխանությունները պետք է ակտիվացնեն ջանքերը՝ աշխատանքային շահագործման նպատակով թրաֆիքինգի կանխարգելման, նախաձեռնողական քննությունների ապահովման, ինչպես նաև զոհերին իրավաբանական օգնություն և փոխհատուցում տրամադրելու ուղղությամբ։
A total of 90 persons were identified as victims of trafficking in 2022-25, including 22 children.
2022-2025 թվականներին թրաֆիքինգի զոհ է ճանաչվել ընդհանուր առմամբ 90 անձ, որոնցից 22-ը՝ երեխաներ։ Վերապատրաստումների ընդլայնման և նոր գործիքների ներդրման շնորհիվ աճել է ինչպես հայտնաբերված զոհերի, այնպես էլ մարդկանց թրաֆիքինգի գործերով քննությունների թիվը։ Հայտնաբերված զոհերի շրջանում շահագործման գերակշռող ձևը դարձել է աշխատանքային շահագործումը։ Ավելացել է նաև օտարերկրյա զոհերի, այդ թվում՝ միգրանտ աշխատողների թիվը։
Հաշվետու ժամանակահատվածում արձանագրված դրական օրենսդրական փոփոխությունների թվում են նոր Քրեական օրենսգրքում մարդկանց թրաֆիքինգին վերաբերող դրույթների ներառումը, վերանայված Աշխատանքային օրենսգրքում «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» հասկացության սահմանման ներդրումը, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ երկար սպասված օրենսդրական փաթեթի ընդունումը։ GRETA-ն նաև ողջունում է զոհերի հայտնաբերման գործընթացի բարելավմանն ուղղված միջոցառումները և մարդկանց թրաֆիքինգի զոհերին ծառայությունների մատուցման նվազագույն չափորոշիչների ընդունումը։
Զեկույցում հատուկ ուշադրություն է դարձվում մարդկանց թրաֆիքինգի նկատմամբ խոցելիության կանխարգելմանը և տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) օգտագործմանը։
Հայաստանում թրաֆիքինգ իրականացնողների կողմից առավել հաճախ շահագործվող խոցելիության գործոններն են աղքատությունը, անբավարար բնակարանային պայմանները, գործազրկությունը, կրթության պակասը և սոցիալական մեկուսացումը։ Եզդիական համայնքի աղջիկներն ու կանայք հատկապես խոցելի են մանկական, վաղաժամ և հարկադիր ամուսնությունների նկատմամբ։ Բացի այդ, այլընտրանքային խնամքի համակարգից դուրս եկող երեխաներն ու երիտասարդները, ինչպես նաև հաշմանդամություն և/կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք խոցելի են շահագործման տարբեր ձևերի նպատակով թրաֆիքինգի նկատմամբ։ Վերջին տարիներին Հայաստանում զգալիորեն աճել է միգրանտ աշխատողների թիվը։ Հավաքագրման գործակալությունների չարաշահող գործելակերպը և ընկերությունների նկատմամբ սահմանափակ վերահսկողությունը միգրանտ աշխատողներին հատկապես խոցելի են դարձնում գործատուների կամ հավաքագրողների կողմից թրաֆիքինգի և շահագործման նկատմամբ։
Զեկույցում ընդգծվում է երեխաների պաշտպանության համար պատասխանատու մարմինների ֆինանսավորման և մարդկային ռեսուրսների ավելացման անհրաժեշտությունը, որպեսզի դրանք կարողանան արդյունավետ դեր խաղալ երեխաների թրաֆիքինգի կանխարգելման գործում։ Ռիսկային խմբերի շրջանում թրաֆիքինգի վտանգների մասին իրազեկվածության բարձրացումը, նրանց ներառումը խթանող միջոցառումները, ինչպես նաև նրանց հետ աշխատող մասնագետների վերապատրաստումը կարող են ամրապնդել կանխարգելման ջանքերը։
GRETA-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին ավելացնել Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ռեսուրսները, որպեսզի այն կարողանա իրականացնել նախաձեռնողական և անակնկալ ստուգումներ բոլոր աշխատավայրերում։ Իշխանությունները պետք է նաև ավելի արդյունավետ կերպով կարգավորեն և վերահսկեն հավաքագրման և ժամանակավոր աշխատանքի գործակալությունները, ինչպես նաև ապահովեն միգրանտ աշխատողների համար անվտանգ և անանուն հաղորդման ու բողոքարկման մեխանիզմներ։
GRETA-ն ողջունում է Հայաստանում առցանց անվտանգության ամրապնդման և տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով իրականացվող մարդկանց թրաֆիքինգի գործերի քննության բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքը։ Իշխանությունները պետք է ներդրումներ կատարեն կարողությունների զարգացման և թվային գործիքների ստեղծման մեջ՝ ՏՀՏ-միջոցով իրականացվող թրաֆիքինգի նախաձեռնողական քննություններ իրականացնելու համար, ինչպես նաև զարգացնեն համագործակցությունը ՏՀՏ ընկերությունների և ինտերնետ ծառայություններ մատուցողների հետ։
Զեկույցում նշվում են GRETA-ի նախկին մի շարք հանձնարարականներ, որոնք դեռևս չեն իրականացվել կամ իրականացվել են միայն մասնակիորեն։ Մասնավորապես, զոհերի՝ փոխհատուցում ստանալու հնարավորությունը շարունակում է մնալ անարդյունավետ, քանի որ հաշվետու ժամանակահատվածում ոչ մի զոհ փոխհատուցում չի ստացել։ Կրած վնասի (ներառյալ բարոյական վնասը և կորցրած եկամուտը) վերաբերյալ ապացույցների հավաքագրումը պետք է դառնա քրեական վարույթի մաս, և պետք է ներդրվի պետության կողմից զոհերին փոխհատուցման երաշխավորման մեխանիզմ։ GRETA-ն նաև կոչ է անում իշխանություններին ապահովել իրավաբանական օգնության տրամադրումը հենց այն պահից, երբ առկա են հիմնավոր պատճառներ ենթադրելու, որ անձը մարդկանց թրաֆիքինգի զոհ է։
Զեկույցում ընդգծվում է, որ չնայած քննությունների թվի աճին, մարդկանց թրաֆիքինգի գործերով դատապարտումների թիվը շարունակում է մնալ փոքր։ GRETA-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին ապահովել մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունների նախաձեռնողական և արագ քննությունը՝ լիարժեք օգտագործելով հատուկ քննչական մեթոդները։ Այն նաև շեշտում է, որ մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները պետք է հետապնդվեն հենց այդ որակմամբ, այլ ոչ թե որպես ավելի թեթև հանցագործություններ, և որ նման քրեական հետապնդումները պետք է հանգեցնեն արդյունավետ, համաչափ և զսպող պատժամիջոցների կիրառմանը։










2001 թվականի հունվարի 25-ին Հայաստանի Հանրապետությունը միացավ Եվրոպայի խորհրդին որպես նրա լիիրավ անդամ պետություն։