Եվրոպայի խորհուրդը կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում համապատասխան նախարարությունների, պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ավելի քան 40 ներկայացուցիչների մասնակցությամբ՝ քննարկելու Հայաստանում երեխաներին սեռական շահագործումից և բռնությունից պաշտպանության ամրապնդման միջոցառումներն ու հետագա քայլերը: Միջոցառման առանցքում էր Լանցարոտեի կոնվենցիայի պահանջներին Հայաստանի օրենսդրության համապատասխանության վերաբերյալ համապարփակ բացերի վերլուծության զեկույցի նախնական տարբերակի ներկայացումը։
Թեև զեկույցում արձանագրվում են օրենսդրական կարևոր առաջընթացն ու վերջին բարեփոխումները, այն միաժամանակ մատնանշում է ոլորտները, որտեղ անհրաժեշտ են հավելյալ ջանքեր՝ գործնական կիրառման արդյունավետությունը բարձրացնելու համար։ Դրանց թվում են սեռական բռնության դեպքերի թերհաղորդումը, առաջնագծում աշխատող մասնագետների համար ավելի հստակ գործառնական ուղեցույցների անհրաժեշտությունը, միջգերատեսչական համագործակցության ամրապնդումը և մասնագիտացված աջակցության ծառայությունների հասանելիության բարելավումը։ Շահագրգիռ կողմերի լայն շրջանակի հետ անցկացված խորհրդակցությունները նաև վկայել են կրթության, առողջապահության և սոցիալական ոլորտների մասնագետների առջև ծառացած գործնական խոչընդոտների մասին։
Ելույթ ունենալով քննարկմանը՝ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Սվետիսլավ Պաունովիչը կարևորեց երեխայակենտրոն մոտեցման կիրառումը: Նա անդրադարձավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ա.Պ.-ն ընդդեմ Հայաստանի» գործով վճռին և ողջունեց այդ վճռի կատարման վերահսկողության ուժեղացված ընթացակարգից ստանդարտ ընթացակարգի անցումը՝ ընդգծելով Հայաստանի իշխանությունների կողմից արձանագրված առաջընթացը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ տիկին Աննա Կարապետյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ տիկին Տաթևիկ Ստեփանյանը, ովքեր ընդգծեցին արված վերլուծության կարևորությունը՝ Հայաստանի երեխաների պաշտպանության համակարգում առկա բացերի վերհանման և ընթացիկ բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում։
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև Եվրոպայի խորհրդի «Երեխաների պաշտպանություն սեռական շահագործումից և սեռական բռնությունից» ՀԵԼՓ դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետների նոր խմբի հավաստագրերի հանձնման արարողությունը՝ նպաստելով ոլորտում ազգային փորձի և մասնագիտական ներուժի հետագա զարգացմանը։
Որպես հաջորդ քայլ, քննարկման ընթացքում մասնակիցների կողմից ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները կընդգրկվեն բացերի վերլուծության զեկույցի վերջնական տարբերակում՝ ներկայացնելով Հայաստանի երեխաների պաշտպանության համակարգի փաստական տվյալների վրա հիմնված ընդհանուր ակնարկ։
Քննարկումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թթ․ ծրագրի ներքո իրականացվող «Երեխաների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում։
*Նշում: Իրավաբանական մասնագետների համար մարդու իրավունքների կրթության եվրոպական ծրագիրը՝ HELP-ը, աջակցում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իրականացման գործում: Դրա հիմնական նպատակն է բարձրացնել դատավորների, փաստաբանների և դատախազների կարողությունները Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր 46 պետություններում և դրանից դուրս՝ մարդու իրավունքների եվրոպական չափանիշներն իրենց ամենօրյա աշխատանքում կիրառելու համար:










2001 թվականի հունվարի 25-ին Հայաստանի Հանրապետությունը միացավ Եվրոպայի խորհրդին որպես նրա լիիրավ անդամ պետություն։