Ծաղկաձորում անցկացված կարողությունների զարգացման վեցօրյա նպատակային ծրագիրը նպաստեց Հայաստանի քրեակատարողական հիմնարկների հոգեբանների և սոցիալական աշխատողների կարողությունների ամրապնդմանը՝ ուղղված դատապարտյալների վերաինտեգրման նպատակով արդյունավետ խմբային թերապիայի պլանավորմանը և անցկացմանը։
Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացված այս ծրագիրը համախմբեց ազգային և միջազգային փորձագետների, որոնք մասնակիցներին տրամադրեցին գործնական հմտություններ և գիտելիքներ՝ նպաստելով քրեակատարողական հիմնարկներում վերականգնողական ծրագրերի կատարելագործմանը։
Ծրագրի ընթացքում մասնակիցները զարգացրեցին իրենց հմտությունները խմբային դինամիկայի կառավարման, վստահության ձևավորման և դատապարտյալների ներգրավման խթանման ոլորտներում։ Նրանք նաև խորացրեցին իրենց գիտելիքները էթիկական և ապացուցողահեն մոտեցումների վերաբերյալ, որոնք էական նշանակություն ունեն հոգեբանական աճն ու վարքային փոփոխությունը խթանող ապահով միջավայր ստեղծելու համար։
Ծրագիրը հնարավորություն տվեց մասնակիցներին հարմարեցնել խմբային աշխատանքները դատապարտյալների կարիքներին և բարելավել հոգեսոցիալական աջակցությունը։ Բացի այդ, դիտարկվեցին ռազմավարություններ՝ քրեակատարողական հաստատություններում դիմադրողականությունը և թիմային աշխատանքը խթանելու համար։
Մասնակիցները ընդգծեցին ծրագրի գործնական արժեքը՝ նշելով, որ այն ապահովեց գործիքներ և մոտեցումներ, որոնք կարելի է անմիջապես կիրառել առօրյա աշխատանքում՝ ամրապնդելով կառուցվածքային խմբային թերապիայի դերը որպես ազատազրկված անձանց վերականգնման և վերաինտեգրման կարևոր բաղադրիչ։
Միջոցառումը անցկացվեց Եվրոպայի խորհրդի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդում» ծրագրի շրջանակում, Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների՝ Հայաստանի համար գործողությունների ծրագրի շրջանակներում։
