Երևանում կայացած բարձրաստիճան քննարկումը միտված էր ամրապնդել քրեակատարողական առողջապահությունը՝ տեղեկատվության փոխանակման բարելավման և բժշկական գաղտնիքի առավել արդյունավետ պաշտպանության միջոցով։
Միջոցառումն, որն իր տեսակի մեջ առաջինն էր, համատեղ կազմակերպվել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ և համախմբել էր Արդարադատության և Առողջապահության նախարարությունների, Քրեակատարողական ծառայության և Քրեակատարողական բժշկության կենտրոնի ներկայացուցիչներին, ինչպես նաև ազգային ու միջազգային փորձագետների։ Մասնակիցները համաձայնության եկան մի շարք հարցերի շուրջ, որոնք նպատակ ունեն ապահովելու ազատությունից զրկված անձանց համար ժամանակին և արդյունավետ բժշկական օգնության հասանելիությունը՝ տեղեկատվության ավելի լավ փոխանակման և բժշկական գաղտնիքի ամրապնդման միջոցով։
Հիմնվելով Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում բժշկական գաղտնիքի պահպանման վերաբերյալ վերջին գնահատման զեկույցի վրա՝ մասնակիցները քննարկեցին իրավակիրառ պրակտիկան, մատնանշեցին առկա խնդիրները, ներառյալ բժշկական գաղտնիքի հետ կապված խախտումները և ընթացակարգերի անհամապատասխանությունը՝ միաժամանակ ընդգծելով վերահսկողության և համապատասխանության ոլորտներում արձանագրված դրական առաջընթացը։
Եվրոպայի խորհրդի փորձագետները ներկայացրեցին գործնական առաջարկություններ՝ ուղղված իրավական երաշխիքների ամրապնդմանը, կառույցների միջև հաղորդակցության բարելավմանը և անձնակազմի համապատասխան վերապատրաստմանը՝ բժշկական զգայուն տեղեկատվության պատշաճ մշակման նպատակով։ Մասնակիցները շեշտեցին, որ քրեակատարողական առողջապահության բարելավումը պետք է դուրս գա ռազմավարական փաստաթղթերի սահմաններից և արտացոլվի գործնական գործողություններում։ Հիմնական առաջնահերթությունները ներառում են անվտանգ տեղեկատվական փոխանակման հարթակների ստեղծումը, հստակ ընթացակարգերի սահմանումը և քրեակատարողական բուժանձնակազմի կարողությունների շարունակական զարգացումը։
Արդյունքում, ներգրավված կառույցները համաձայնեցին խորացնել համագործակցությունը, բարելավել գործունեության համակարգումը և ուժեղացնել տեղեկատվության արդյունավետ փոխանակման մեխանիզմները՝ ազատությունից զրկված անձանց համար որակյալ բժշկական սպասարկում ապահովելու համար։
Միջոցառումը անցկացվեց Եվրոպայի խորհրդի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդում» ծրագրի շրջանակում, Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների՝ Հայաստանի համար գործողությունների ծրագրի շրջանակներում։
