Back Օրենսդրությունից դեպի գործնական կիրառում․ շտապօգնության բժիշկներն ու ոստիկանության աշխատակիցները զարգացրին իրենց կարողությունները ձերբակալված անձանց պահման վայրերում վատ վերաբերմունքի պատշաճ փաստաթղթավորումը ապահովելու համար

Օրենսդրությունից դեպի գործնական կիրառում․ շտապօգնության բժիշկներն ու ոստիկանության աշխատակիցները զարգացրին իրենց կարողությունները ձերբակալված անձանց պահման վայրերում վատ վերաբերմունքի պատշաճ փաստաթղթավորումը ապահովելու համար

Հայաստանում շտապօգնության բժիշկներն ու ոստիկանության աշխատակիցները զարգացրին ձերբակալված անձանց պահման վայրերում վատ վերաբերմունքի նշանների հայտնաբերման և փաստաթղթավորման իրենց կարողությունները՝ նպաստելով խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեմ ավելի արդյունավետ երաշխիքների ապահովմանը։ Ավելի քան 50 շտապօգնության բժիշկներ և մոտ 50 ոստիկանության աշխատակիցներ մասնակցեցին չորս ինտենսիվ և նպատակային դասընթացներին, որոնք կենտրոնացած էին ձերբակալված անձանց պահման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի դեպքերի փաստաթղթավորմանը և ստանդարտացված ձևի կիրառմանը։

Արդյունքում մասնակիցները զարգացրին իրենց գործնական կարողությունները՝ ճշգրիտ, հետևողական և մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան արձանագրելու վատ վերաբերմունքի դեպքերը, վնասվածքները և առողջական վիճակները։ Սա առանցքային քայլ է՝ ապահովելու վատ վերաբերմունքի հնարավոր դեպքերի պատշաճ բացահայտումը, փաստաթղթավորումը և հետագա ընթացքը։  

Դասընթացները նաև ամրապնդեցին բժշկական մասնագետների և իրավապահ մարմինների դերը ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության գործում։ Հատուկ ուշադրություն է դարձվել անկախ բժշկական զննությունների հասանելիության ապահովմանը, բժշկական գաղտնիության և էթիկական չափանիշների պահպանմանը, ինչպես նաև՝ ազատությունից զրկման սկզբնական փուլերում վատ վերաբերմունքի ռիսկերի նվազեցմանը։

Հիմնվելով Ստամբուլի արձանագրության սկզբունքների վրա՝ մասնակիցները աշխատեցին գործնական սցենարների միջոցով զարգացնել իրենց արձագանքման կարողությունները իրական միջավայրում, ներառյալ ազատությունից զրկման սկզբնական փուլերում, որտեղ վատ վերաբերմունքի ռիսկը հաճախ առավել բարձր է։ Բժշկական փաստաթղթավորման բարելավման և հաստատությունների միջև համագործակցության ուժեղացման շնորհիվ նախաձեռնությունը նպաստում է հաշվետվողականության բարձրացմանը և ազատազրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը։

Միջոցառումը իրականացվեց Եվրոպայի խորհրդի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը աջակցում է ազգային իշխանություններին՝ շարունակաբար զարգացնելու քրեակատարողական բարեփոխումները, բանտային առողջապահությունը և ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների՝ Հայաստանի համար գործողությունների ծրագրի շրջանակներում։

ԾԱՂԿԱՁՈՐ, ՀԱՅԱՍՏԱՆ 17-18 ապրիլի, 2026թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page