Առաջին անգամ Հայաստանի քրեակատարողական առողջապահական անձնակազմը հնարավորություն ունի մասնակցելու հավաստագրված, ապացուցուցողահեն կարողությունների զարգացման ծրագրի, որը հատուկ մշակված է քրեակատարողական համակարգի կարիքներին և մարտահրավերներին համապատասխան:
Եվրոպայի խորհուրդը 2025 թ. հոկտեմբերի 15–17-ը Երևանում կազմակերպել է «Դասընթացավարների դասընթաց», որի ընթացքում Քրեակատարողական բժշկության կենտրոնի տասը մասնագետներ ձեռք են բերել մասնագիտական և դասավանդման հմտություններ՝ հետագայում քրեակատարողական համակարգում նոր աշխատակիցների վերապատրաստման համար:
Քրեակատարողական առողջապահական անձնակազմի համար հավաստագրված այս ծրագիրը Հայաստանում մշակվել և իրականացվել է առաջին անգամ՝ Քրեակատարողական բժշկության կենտրոնի և Ս. Ավդալբեկյանի անվան Ազգային առողջապահության ինստիտուտի սերտ համագործակցությամբ: Այս քայլը նպաստում է քրեակատարողական առողջապահական համակարգի մասնագիտական կարողությունների և ինստիտուցիոնալ չափանիշների ամրապնդմանը:
Դասընթացն ընձեռում է շարունակական մասնագիտական զարգացման հնարավորություն՝ ապահովելով, որ քրեակատարողական բժշկական ծառայությունները համապատասխանեն ազգային և միջազգային չափանիշներին: Հասցեագրելով այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են քրոնիկ և վարակիչ հիվանդությունների կառավարումը, շտապ բժշկական օգնությունը և վարակիչ հիվանդությունների կանխարգելումը՝ դասընթացը նպատակ ունի նպաստել բժշկական ծառայությունների բարելավմանը և հանրային առողջապահական ռիսկերի նվազեցմանը ինչպես քրեակատարողական հիմնարկներում, այնպես էլ՝ լայն հանրության շրջանում:
Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք են բերել այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են քրեակատարողական առողջապահական դասընթացն ինքնուրույն անցկացնելու համար՝ ապահովելով ծրագրի ինստիտուցիոնալ շարունակականությունը ու երկարաժամկետ կայունությունը:
Միջոցառումը անցկացվեց Եվրոպայի խորհրդի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդում» ծրագրի շրջանակում, Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների՝ Հայաստանի համար գործողությունների ծրագրի շրջանակներում։
